...

Ղարաբաղը ծախելով հողեր գրավելու և Ղարաբաղը պահելով հողեր զիջելու տարբերությունը

Ղարաբաղը ծախելով հողեր գրավելու և Ղարաբաղը պահելով հողեր զիջելու տարբերությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին, ասել է. «Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» արտահայտությունն ինչի՞ ես արել։ Բա ճիշտ ա ասում, որովհետև իր ամբողջ ասածը հետևյալն է՝ Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ։ Մենք համաձայն չենք դրա հետ, այսօր էլ համաձայն չենք»:

«ՉԻ». Բայց զգո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի նմանությունը: Երկուսն էլ Տեր-Պետրոսյանի թիմակից են եղել, երկուսն էլ Առաջին նախագահին համարել են Ղարաբաղյան պատերազմի հաղթանակների գլխավոր ճարտարապետը, երկուսն էլ Տեր-Պետրոսյանի միջոցով Հայաստանում մարդամեջ են մտել, երկուսն էլ թռել են Տեր-Պետրոսյանի կողքից, երկուսն էլ հայտարարում են, թե Լևոնը Ղարաբաղը ծախում էր:

Բայց ամենաապշեցուցիչն այն չէ, որ Նիկոլը Տեր-Պետրոսյանին վերագրում է մտքեր, որոնք վերջինս երբեք չի ասել, այլ այն, որ ասում է՝ մենք դրա հետ այսօր էլ համաձայն չենք: Մարդը համաձայն չէ: Էսօրվա օրով: 

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. որ Լևոնը իբր «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ» հայտարարելով՝ տարածքներ է գրավել, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե համաձայն չէ, որ ճիշտը «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», ու Ղարաբաղը տվել է Ադրբեջանին՝ Հադրութի շրջանն ու Շուշին էլ որպես բոնուս:

Ճիշտ է, պետք է խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնելով է Արցախի տարածքները զիջել Ադրբեջանին, չուզենալով: Դա կարևոր է: Դա հայրենասիրական է: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, որն իբր ասել է՝ Ղարաբաղը ծախենք ու թարսի պես, 7 շրջան գրավել: 

Այնպիսի տպավորություն է, որ երկու Նիկոլ կա: Մեկն ասում է՝ Արցախը Հայաստան է, ու վերջ, իսկ մյուսն ասում է՝ «Արցախը Ադրբեջան է, ու վերջ»: Մեկն ասում է՝ ոչ մի թիզ թշնամուն, այն մյուսը շրջանները տալիս է թշնամուն: Մեկն ասում է՝ Լավրովի պլանը դավաճանական է, այն մյուսը բռնում՝ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիա է ստորագրում: Հիմա այս երկու Նիկոլներից որ մեկն է ընտրություններում կրելու, որը պարտվելու, դժվար է ասել: Իրար հետ լուրջ հակասությունների մեջ են, ոչ մի կերպ իրար չեն հասկանում, ուր մնաց՝ Ռուսաստանին հասկանան: 

Մեզ հիմա մի բան է մտահոգում. այն, որ Նիկոլը հիմա էլ արդեն Հայաստանի տարածքից է կտորներ զիջում, կարո՞ղ է, ինչ-որ տեղ հայտարարել է, որ «Հայաստանը Հայաստան է ու վերջ»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1273 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ