...

Գնդիկ Բոքոնիկի սինդրոմը

Գնդիկ Բոքոնիկի սինդրոմը

Վաղուց հայտնի է, որ ամենաշատ ստերն ասվում են պատերազմի ժամանակ, ընտրություններից առաջ և որսից հետո։ Հիմա Հայաստանում փաստորեն երկրորդ փուլն է, որովհետև 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածի ստերին փոխարինելու է գալիս նախընտրական ստերի շրջափուլը։

Այո, Հայաստանում նախընտրական իրավիճակ է, ու թեև հայտնի չէ՝ արտահերթ ընտրություններ տեղի կունենա՞ն, թե ոչ (այն պարզ պատճառով, որ այդ մասին հայտարարողը Նիկոլ Փաշինյանն է), բայց ամեն դեպքում՝ նախընտրական քարոզարշավն ակնհայտորեն սկսվել է։ Ընդ որում՝ հետպատերազմյան այս քարոզարշավը նույնքան տարօրինակ է, որքան բուն պատերազմն էր (պատերազմը գրեթե շուրջօրյա ցուցադրվում էր օնլայն ռեժիմով, բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ է տեղի ունեցել, ով որ հատվածի պատասխանատուն էր, և այլն)։ Իսկ քարոզարշավը տարօրինակ է, որովհետև «հիմնական դերակատարներն» առայժմ միայն իրենք իրենց ու դիմացիններին ինչ-որ կենդանիների հետ են համեմատում, հոխորտում են, թե հաղթանակի դեպքում մրցակիցների մարմնի որ մասերի հետ ինչ մանիպուլյացիաներ պիտի իրականացնեն և այլն, մինչդեռ բուն ղարաբաղյան խնդրի և այդ ուղղությամբ իրականացվելիք հստակ քաղաքականության մասին՝ ոչ մի խոսք։

Սա, ի դեպ, նորություն չէ։ Ղարաբաղի հարցը Հայաստանում միշտ էլ առավելապես ընկալվել է ոչ թե որպես խնդիր, որը պետք է կարգավորել, այլ որպես ներքաղաքական շահարկումների և ռազմահայրենասիրական կենացների հրաշալի թեմա, արտաքին աշխարհի հետ առնչվելու առիթ, հպարտության աղբյուր, Սփյուռքից աջակցություն ստանալու լեգիտիմ պատրվակ և այլն, մի խոսքով՝ ինչ ասես, բացի հրատապ լուծում պահանջող խնդրից։ Իսկ տարբեր ժամանակներում այդ խնդրի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների (և ընդհանրապես՝ քաղաքական դաշտի) դիրքորոշումները պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի։

Առաջին՝ «Տեր-Պետրոսյանական տրամաբանություն»։ Սրա էությունը հետևյալն է․ Հայաստանը պիտի ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ, բայց պիտի ձգտի ղարաբաղյան խնդիրը կարգավորել՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, ուժերի հարաբերակցությունն ու դրա փոփոխության միտումները և այլն։ Ընդ որում՝ դա պիտի անել հնարավորինս արագ և թեկուզ ցավալի զիջումների գնով, որովհետև ժամանակը մեր օգտին չի աշխատում։ Ի դեպ, հիմա՝ արցախյան երկրորդ պատերազմից հետո, ակնհայտ է, որ սա միակ ճիշտ տրամաբանությունն էր, բայց սա դեռ մի կողմ թողնենք։

Երկրորդ՝ «Քոչարյանա-Սերժական տրամաբանություն»։ Սրա իմաստը հետևյալն է՝ Ղարաբաղյան խնդիրը պետք չէ լուծել (արդեն լուծել ենք), Ռուսաստանը նոր պատերազմ թույլ չի տա, եթե անգամ նոր պատերազմ լինի՝ կօգնի մեզ, իհարկե՝ դրա դիմաց ռազմավարական ենթակառուցվածքներ ու ձեռնարկություններ կուզի, բայց դե հիմա կուզի՝ կտանք, ի՞նչ է պատահել, կարևորն անվտանգությունն է։ Ժամանակն, իհարկե, ցույց տվեց, որ սա սխալ տրամաբանություն էր, որովհետև այդ ամբողջ ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն զինվում էր ու զուգահեռաբար միջազգային ասպարեզում հաստատում պատերազմով հարցը լուծելու իր իրավունքը, իսկ Ռուսաստանը մեզ պարբերաբար բաց տեքստով ասում էր, որ պատերազմի դեպքում մեզ չի աջակցելու (համենայն դեպս՝ Ղարաբաղում), բայց ամեն դեպքում՝ այս ամենի մեջ թեկուզ սխալ, բայց գոնե ինչ-որ տրամաբանություն կար։

Եվ երրորդ՝ «Փաշինյանական տրամաբանությունը»։ Սրա իմաստն էլ հետևյալն է․ ամբողջ աշխարհը պարտավոր է հիանալ հայկական հեղափոխությամբ, արտաքին քաղաքականության մեջ պետք է կատարել այն քայլերը, որոնք առավելագույն «լայքեր» կհավաքեն, պետք է ձեռք բերել այնպիսի զինատեսակներ, որոնք հարմար են «սելֆիների» համար, պատերազմից վախենալ պետք չէ, որովհետև Ռուսաստանը երևի թույլ չի տա, զուգահեռաբար պետք է փչացնել հարաբերություններն այդ նույն Ռուսաստանի հետ, և այլն։ Համաձայնվեք՝ այստեղ տրամաբանություն չկա։ Համենայն դեպս՝ մարդկային տրամաբանություն։ Որովհետև եթե մեկին թվում է, թե քանի որ ինքը սեփական երկրում իշխանության հասնելու «շուստրիություն» է ունեցել, ուրեմն կարող է խաբել նաև ամբողջ աշխարհին, դա արդեն ոչ թե քաղաքական գործչի, այլ տատիկ-պապիկից փախած ու վերջում աղվեսին կուլ գնացած Գնդիկ Բոքոնիկի մտածողություն է։

Բայց իրողությունն այն է, որ նախընտրական այս իրավիճակում հիմնական պայքարը փաստորեն ընթանում է սխալ տրամաբանության և տրամաբանության իսպառ բացակայության միջև։ Համենայն դեպս՝ առայժմ։ Ու սա հետպատերազմյան շոկի թերևս ամենածանր դրսևորումն է։

Արմեն Բաղդասարյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   961 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ