...

Գովք հիմարության

Գովք հիմարության

Նախընտրական քարոզարշավների ժամանակ քաղաքական ուժերը, որպես կանոն, աշխատում են հասարակության որոշակի թիրախային խմբերի վրա, և դա հասկանալի է։ Բայց այդ քարոզարշավները բացահայտում են մի շատ ավելի կարևոր բան՝ թե հաղթանակի դեպքում հասարակության ո՞ր հատվածի կամ մարդկային ի՞նչ որակներ կրողների վրա է հիմնվելու տվյալ ուժը։ Ընդ որում՝ տարբերակները շատ չեն։ Քաղաքական ուժերն իրենց իշխանությունը կառուցելիս կարող են որպես հենարան ընտրել կամ մեղմ ասած՝ հիմարներին, կամ մարդկային ստորագույն բնազդներով առաջնորդվողներին, կամ նորմալ, մտածող մարդկանց։ Երրորդ տարբերակն, ի դեպ, ամենաբարդն է, որովհետև այդպիսի մարդիկ համեմատաբար փոքրաթիվ են, իսկ ընտրությունների ժամանակ ամեն ինչ թվերն են որոշում, բայց սա դեռ մի կողմ թողնենք։

Թե ինչ է լինում, երբ իշխանությունները հենվում են մարդկային ցածր բնազդներով առաջնորդվողների «հանրային աջակցության» վրա՝ տեսել ենք։ Ստեղծվում է պետություն, որտեղ որևէ պաշտոն զբաղեցնելու համար պարտադիր պետք է քծնել վերադասին ու քաղաքական իշխանություններին, անպայման թաթախվել կոռուպցիայի մեջ ու բարեխղճորեն վերևների փայը ժամանակին տեղ հասցնել, որտեղ բիզնեսով զբաղվելու համար անպայման պետք է «մուծվել» ում որ հարկն է ու նաև ընտրությունների ժամանակ իշխանությունների համար ձայներ ապահովել (հարկ եղած դեպքում՝ նաև ցույցեր ցրող ջոկատներ), և այլն։ Նման համակարգերում իշխանության ամրության հիմքում մարդկանց ընչաքաղցությունն է, ագահությունը, փառամոլությունը, վախը, ստորաքարշությունը և այլն։ Նորմալ մարդիկ նման իրավիճակներում ստիպված են լինում կամ համակերպվել, կամ արտագաղթել, իսկ իշխանություններն ամեն ինչ անում են, որ հաջողության հասնեն միայն արատավորները, որովհետև նրանց վերահսկելն ավելի հեշտ է ու ապահով։ Ճիշտ է, նրանց պետք է նաև կարգին կերակրել, բայց առանց դրա չի ստացվի։

Ի տարբերություն սրա՝ մարդկանց հիմարության վրա հենվելն ավելի «էժան է նստում», որովհետև հիմարներին անգամ կերակրել պետք չէ, կարելի է ընդամենը խաբել, և վերջ։ Իզուր չեն մարկետոլոգները կատակում, թե «պետք չէ ձգտել հիմարներին ավելի խելացի դարձնել, պետք է նրանց հիմարության վրա փող աշխատել»։ Քաղաքականության մեջ դա աշխատում է այսպես՝ պետք է օգտվել մարդկանց հիմարությունից ու ստանալ նրանց ձայները, իսկ դրա համար առաջին հերթին չի կարելի թույլ տալ, որ ուրիշներն այդ մարդկանց բացատրեն ճշմարտությունը կամ գոնե ստիպեն մտածել։ Սա այն է, ինչ տեղի է ունենում այսօր։ Իշխանություններն իրենց քարոզարշավն առավելապես կառուցում են հասարակության՝ մեղմ ասած առողջ բանականության հետ խնդիրներ ունեցող հատվածի հետ հանդիպումներով, իսկ հարակից քարոզչական հարայհրոցով թույլ չեն տալիս, որ առողջ բանականության ձայնը շատից-քչից լսելի դառնա։

Նա, ով հենվում է հասարակության ոչ ինտելեկտուալ հատվածի վրա, բնականաբար՝ ամեն ինչ անում է, որ այդ շերտը հնարավորինս մեծ լինի, այսինքն՝ ամեն ինչ անում է, որ մարդիկ հանկարծ չսկսեն մտածել, դրա փոխարեն ոչխար պահեն, յոնջա աճեցնեն, «ադնակլասնիկով» իրեն պաչիկներ ուղարկեն, և վերջ։ Նա, ով ցանկանում է հենվել մարդկային արատների վրա, բնականաբար՝ ուզում է, որ այդ արատները հնարավորինս շատ տարածվեն, որպեսզի իր հենարանն ավելի ամուր լինի։ Իսկ նա, ով ուզում է որպես հենարան ունենալ հասարակության մտածող հատվածին, բնականաբար՝ ձգտում է բարձրացնել մարդկանց կրթվածության ու ինտելեկտի մակարդակը։

Հասկանալի է, որ այս բաժանումը հարյուր տոկոսանոց չէ, և բացառություններ կան։ Բայց ամեն դեպքում՝ մտահոգիչ է, որ հարցումների համաձայն՝ Հայաստանում, գոնե այս պահի դրությամբ, առավել մեծ թիվ են կազմում մտավոր զարգացման ամենացածր աստիճանին կանգնածներն ու մարդկային ցածր բնազդներով առաջնորդվողները։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   903 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ