...

Գուցե Արմեն Սարգսյանն էլ հասկացավ

Գուցե Արմեն Սարգսյանն էլ հասկացավ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Քննարկվել է ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը, երկրի անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համատեքստում կարևորել են ներքաղաքական կայունությունը և ներքաղաքական գործընթացներում բռնության բացառումը, միմյանց են ներկայացրել մի շարք խնդիրների հանգուցալուծման իրենց տեսլականները:

«ՉԻ». Ներքաղաքական գզվռտոցների թոհուբոհում սա վերջին օրերի՝ քչից-շատից հուսադրող միակ իրադարձությունն է: Այն առումով, որ Արմեն Սարգսյանը վերջապես հանդիպեց այս իշխանությունների թերևս «ամենաուտվող» և ադեկվատ ներկայացուցչի հետ: Թեպետ նախագահը ավելի շուտ դա պետք է աներ՝ մինչև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպելը: Չհաշված ավելի մանր-մունրների հետ հանդիպումները: Մանավանդ, որ Արարատ Միրզոյանը գոնե դե յուրե երկրի երկրորդ դեմքն է:

Ինչ են խոսել այս հանդիպման ընթացքում, չգիտենք: Բայց հուսով ենք, որ խոսակցության հիմնական թեման եղել է այս իրավիճակից հնարավորինս խաղաղ և անցնցում, առանց բախումների դուրս գալու ուղիներ գտնելը: 

Գուցե Արմեն Սարգսյանը հասկացել է, որ միակողմանի կերպով ընդդիմության պահանջներին ընդառաջելը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների և պետության համար ծանրագույն հետևանքների, այդ իսկ պատճառով է հանդիպել ԱԺ նախագահի հետ: Բոլոր դեպքերում, Արմեն Սարգսյանը լավ կանի, որ իշխանություններին ու ընդդիմությանը կոչ անի զերծ մնալ անկայունության բերող քայլերից և արտահերթ ընտրությունների հարցը լուծել օրենքի սահմաններում՝ առանց ճաղեր ջարդելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1219 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ