Այսօր Antifake.am կայքը մի նյութ է հրապարակել, որի վերնագիրն է. «Եռաբլուրի ճանապարհը փակողի ընտանիքի մեռելը կհանեմ արևին, բաններդ կտրեմ». «Չորրորդ իշխանության» լրագրողը պաշտպանում է Փաշինյանին ու հայհոյում սևազգեստ մայրերին»: Որպես լրագրող՝ ներկայացրել է Թերեզա Սարգսյանին:
Մեզ, իհարկե, ապշեցրեց այս հրապարակումը, քանի որ բացառված է մեր որևէ լրագրող, աշխատակից, նման արտահայտություններ անի:
Փորձեցինք հասկանալ, թե ինչու է Antifake.am-ը այսպիսի սադրիչ նյութ հրապարակել, որովհետև մեր հեղինակության հետ են խաղում: Իսկ մենք նման բաներ չենք հանդուրժում:
Պարզվեց, որ Antifake.am-ը նման նյութ է հրապարակել՝ հիմք ընդունելով Թերեզա Ասատրյանի (ի դեպ, մենք մինչև հիմա չգիտեինք, որ նա այժմ հանդես է գալիս որպես Թերեզա Սարգսյան) ֆեյսբուքյան էջում առկա անձնական տեղեկությունները, ըստ որի՝ Թերեզա Ասատրյանը աշխատում է «Չորրորդ իշխանությունում»:
Սկսենք նրանից, որ Թերեզա Ասատրյանը երբեք ՉԻ-ում չի աշխատել, այլ ընդամենը 2000-ականների կեսերին՝ 15-16 տարի առաջ, շատ կարճ ժամանակահատված թղթակցել է մեր մոտ, նյութեր է բերել, որոնց մի մասը թերթը հրապարակել է: Ու վերջ: Այսքանը: Մենք Թերեզա Ասատրյանից պահանջում ենք իր ֆեյսբուքյան էջից անմիջապես հեռացնել «Չորրորդ իշխանությունում» աշխատելու վերաբերյալ տեղեկատվությունը, ու ընդհանրապես մեր լրատվամիջոցի անունը մոռանալ և որևէ կերպ չհոլովվել:
ՉԻ-ի պատմության ընթացքում էլի դեպքեր են եղել, երբ ինչ-որ արկածախնդիրներ, սադրիչներ, շառլատաններ, որոնք մեր թերթի անունից փորձել են շահադիտական նպատակներով սրանից-նրանից փող կորզել, հարցեր լուծել, դրա համար քթներին կերել են ու պատժվել: Թերեզա Ասատրյանին խորհուրդ կտանք բանը դրան չհասցնել:
Սա՝ Թերեզա Ասատրյան-Սարգսյանի մասով: Ինչ վերաբերում է Antifake.am-ին, ապա նման հրապարակումով կայքը ցույց տվեց իր էժանագին էությունը: Բացարձակ զուրկ տարրական էթիկայից ու լրագրողական պրոֆեսիոնալիզմից: Կարող էին մեր հետ կապ հաստատել, ճշտել, թե արդյոք Թերեզա Ասատրյանը մեր մոտ է աշխատում, իրականությունը կպարզվեր ու հարցը կփակվեր: Չեն արել, որովհետև, բամբասանքների ու էժանագին զրպարտությունների սիրահար են: Չգիտենք, ովքեր են այս կայքի տերերը, բայց խորհուրդ կտայինք մի քիչ ձեր գամերը քաշել:
Հ.Գ.-1. Մի հատ «Մեդիա պաշտպան» անունով կազմակերպություն կա՝ Աղասի Ենոքյանինը, այս տարվա օգոստոսին Antifake.am-ին մրցանակ էր հանձնել, որպես տարվա լավագույն կայուն զարգացող լրատվական: Հազիվ, էլի:
Հ.Գ.-2. Որ Antifake.am-ը մի քիչ իրեն նեղություն տար, կիմանար, որ Թերեզա Ասատրյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքով պատգամավորի թեկնածու էր առաջադրվել: Հիմա ձեզ դուր է՞ գալիս վերնագիրը. ձեր ոճով ենք դրել:
Հ.Գ.-3. Որ Antifake.am-ը մի քիչ էլ իրեն նեղություն տար, կիմանար, որ Թերեզա Ասատրյան-Սարգսյանը 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել է «Լուսավոր Հայաստանի» համամասնական ցուցակով: Ջոկում ե՞ք, լրիվ իրենց կադրն է: