Մոսկվայի հանդիպումն ավարտվեց: Իշխող ուժի ներկայացուցիչները և անձամբ Նիկոլ Փաշինյանը շտապում են հայտարարություններ անել և տպավորություն ստեղծել, թե նոր համաձայնագիրը շահավետ է Հայաստանի համար և ընդհանրապես բանակցությունների այս ռաունդը շահեկան էր Հայաստանի համար:
Մինչդեռ իրականությունը լրիվ այլ է: Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը հայտարարեց, թե որ խնդիրն է առաջնահերթ հայկական կողմի համար: Դա գերիների վերադարձի հարցն է: Իրականությունն այն է, որ այդ հարցը անգամ չի քննարկվել: Իրականությունն այն է, որ տեխնիկական առումով շատ ավելի հեշտ և արագ լուծվող գերիների հարցի լուծման համար անգամ ժամկետներ չեն նշվել:
Իրականությունն այն է, որ ադրբեջանական կողմը գերիներին դարձրել է պատանդ և ստիպում է հետևել իր օրակարգին: Իրականությունն այն է, որ ռուսական կողմը չի աջակցում հայկական կողմի թիվ մեկ օրակարգին:
Իրականությունն այն է, որ հայկական կողմը մի բան է ասում Երևանում, բայց ուրիշ բան ստորագրում Մոսկվայում: Իրականությունն այն է, որ Փաշինյանը չի խոստովանում, թե ինչ վիճակում է հայտնվել:
Հասկանալի է, որ Հայաստանը պարտվել է և չի կարող կամք թելադրել: Բայց նաև փաստ է, որ գերիների վերադարձի հարցը հետաձգվեց մինչև այն պահը, երբ կբացվեն բոլոր ճանապարհները: Այսինքն՝ չհաջողվեց անգամ գոնե այդ երկու հարցերը փաթեթ դարձնել:
Ինչից են գոհ իշխանական պատգամավորները, դժվար է ասել: Երևի իրենք էլ էին մեդիատեռորի զոհ, իրենց թվում էր՝ Մոսկվայում Փաշինյանը փաթեթով պետք է հանձներ Սյունիքը, Վայոց Ձորը և Արարատի մարզի մի մասը: Չի հանձնել, կարող են հաղթական ստատուսներ գրել:
Արիս Վաղարշակյան