...

Հանգիստ թողեք գերիների թեման

Հանգիստ թողեք գերիների թեման

Ռեժիսոր և սցենարիստ Քրիստ Մանարյանը մի աղմկահարույց գրառում էր արել՝ անդրադառնալով հայ գերիների հերթական խմբի վերադարձին: Նա գրել էր. «Գերին հերոս չի, որ զուռնա-դհոլով դիմավորեք, ուշքի՛ էկեք։ Ոչ մի ամերիկացի կամ եվրոպացի նման բան չի անի, դա տրամաբանությունից դուրս ա։ Գիրք կարդացեք, կինո նայեք, էդ էլ հո փողով չի՞։ Գիտե՞ք, թե ով ա հերոսը. հերոսը մահկանացու աստված ա, մեկը, ով աստծո գործառույթներ իրականացնելու իրավունք ունի, բայց սահմանափակված ա ժամանակով։ Մի՛ վերանայեք մարդկության արժեհամակարգի հիմքերը. դրանք ի վերջո կփլվեն ձեր ու մեր գլխին, հետո ո՞նց ենք փլատակներից դուրս գալու»:

Այս գրառումը մեծ վրդովմունք էր առաջացրել հանրության շրջանում: Մանարյանի հասցեին քննադատության այնպիսի տարափ տեղաց, որ ստիպված եղավ հեռացնել իր գրառումը:

Դրա համար գերիների թեմային պետք է շատ զգույշ վերաբերվել: Որովհետև շատ-շատերն են այս ոճի տեսակետներ հայտնում: Պետք է հասկանալ, թե գերիներն ինչի միջով են անցել, ինչ ծանր օրեր են ապրել, նրանց հարազատներն ու ազգականները ամիսներ շարունակ ինչ ապրումներ են ունեցել: Ու երբ գերիները վերադառնում են, պետք է նաև զերծ մնալ նրանց հարազատների, ընտանիքի անդամների ուրախությունը, խինդն ու ոգևորությունը քննարկելուց: Այդ ուրախությունը արցունքով է շաղախված:

Ընդհանրապես, գերիներին բացասաբար վերաբերվում են տոտալիտար կամ հետամնաց երկրներում: Ամենապարզ օրինակը Խորհրդային Միությունն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային բանակի մի քանի միլիոն զինվոր գերի է ընկել: 1945 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, նրանք, ովքեր ողջ էին մնացել, գերությունից ազատվել, վերադարձել են հայրենիք: Բայց ԽՍՀՄ ղեկավարությունը չներեց, որ նրանք գերի են ընկել: Նրանց դավաճան էին համարում: Հարյուր հազարավոր խորհրդային զինվորներ, մի քանի տարի գերմանական գերության մեջ ահավոր ժամանակներ ապրելով, դրանից հետո հայտնվում էին խորհրդային համակենտրոնացման ճամբարներում, բանտերում: Մի մասին աքսորեցին ԳՈՒԼԱԳ-ի ճամբարներ, և միայն Ստալինի մահից նախկին ռազմագերիների հանդեպ վերաբերմունքը փոխվեց:

Մինչդեռ Գերմանիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան հատ-հատ գնում էին յուրաքանչյուր գերու հետևից, գտնում, վերադարձնում ու պատվում նրանց, կոչումներ շնորհում, արտոնություններ տալիս: Այդպես էին գնահատում իրենց քաղաքացուն: Իրենց համար կարևորը մարդու կյանքն է եղել:

Իսրայելի օրինակը շատերը գիտեն. այնտեղ զինվորներին տրված է հստակ ցուցում. գերի ընկնելու դեպքում անել ամեն ինչ՝ կյանքը փրկելու համար: Ասում են՝ եթե գաղտնիք գիտեք, ոչինչ, դա էլ ասեք, միայն թե ողջ մնացեք: 

Ուրեմն, գերությունից վերադարձած մեր զինվորներին էլ պետք է հանգիստ թողնել: Մենք չէ, որ պետք է քննարկենք նրանց զգացմունքները: Նրանք ողջ են, դա արդեն մեծ ձեռքբերում է: Նրանք այս պատերազմում իրենց պարտքը կատարել են պատվով: Մնում է՝ մեր մյուս հայ գերիներին էլ վերադարձնենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1331 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ