Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ երբեք ձեր քաղաքականության մեջ չխառնեք և փորձեք կորզել կարծիք իմ կողմից, քանի որոշ հերոսացած տղերքի զոմբի հարազատներ չհասկանալով կորուստը, ուրախանում են էրկու կոպեկ ամսեկան, թե միանվագ տրվելիք լափով, ես կմնամ խճճված»:
Հենց այդպես: Միանգամից ասենք, որ բավական մեծ աղմուկից հետո դերասանուհին ջնջել է իր այս գրառումը, բայց արդեն այն ամենուրեք տարածվել է:
Բայց մեզ ուրիշ բան է մտահոգում. որ այսպիսի պիտակավորումները պատերազմում զոհվածների հարազատների հասցեին գնալով շատանում են: Օրինակ՝ բոլորդ էլ այդ տեսանյութը տեսաք, որ Եռաբլուր այցելած Ռոբերտ Քոչարյանին մի որդեկորույս կին ինչպես էր անիծում: Քոչարյանականներն իրենց քոմենթներում գրում էին, որ այդ կինը ծախված էր, պատվեր էր կատարում, և ընդհանրապես, ոչ մի հարազատ էլ չի կորցրել:
Նույնկերպ զոհված զինվորի հայր Գեղամ Նազարյանը, որը երեկ մասնակցում էր Քոչարյանի հրավիրած հանրահավաքին և նաև ելույթ ունեցավ, համացանցում մի գրառման տակ մեկնաբանություն էր արել, և որոշ իշխանամետ օգտատերեր արձագանքեցին, թե ֆեյք է, կամ ոչ մի զավակ էլ չունի, փողով ստատուսներ է գրում, մի ուրիշ տեղ էլ մեղադրել էին որդու անունը շահարկելու մեջ: Սա համատարած բնույթ է կրում: Ոչ մի արգելակ չկա. թքած ունեն, զոհվածի հարազատ է, ծնող է:
Ու այս առումով մեծ մտավախություն կա, որ թե իշխանությունները, և թե քոչարյանականները անցնեն հաջորդ քայլին. քաղաքական նպատակներով օգտագործեն զոհված զինվորների ծնողներին:
Հայաստանում թերևս չկա նման համայնք, որը զոհ տված չլինի: Ու բացառված չէ, որ ընտրարշավի ընթացքում Քոչարյանը կամ Նիկոլ Փաշինյանը մտնեն որևէ համայնք, մի որդեկորույս ծնող նրանց սկսի հայհոյել, վիրավորել. մեղադրել, անիծել, բնականաբար, լրատվամիջոցների տեսախցիկների առջև ու դա անմիջապես տարածեն, տիրաժավորեն. քոչարյանականները՝ իրենց լրատվամիջոցներում, իշխանությունները՝ իրենց:
Ու սա ինքնին արդեն աղետ կլինի: Առնվազն՝ բարոյական: