...

Հանրապետականին այլ բնույթի ընդունարան է պետք

Հանրապետականին այլ բնույթի ընդունարան է պետք

Այսուհետ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ գրասենյակը։

«Ընդունարանին կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն: Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը:

Ընդունարանին կարող եք դիմել նաև մեր էլեկտրոնային հարթակի միջոցով:

Ընդունարանը չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն և չի զբաղվելու բարեգործությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«ՉԻ». Հանրապետականները շատ են սիրում ասել, որ ոչինչ չի փոխվել: Այս հայտարարությունը լավագույն ապացույցն է, որ շատ բան է փոխվել: Կարելի է անգամ պնդել՝ հանցագործը ճիշտ ճանապարհի վրա է և ևս մի քանի տարի հասարակությունից մեկուսացած լինելու դեպքում լրիվ կուղղվի և վտանգ չի ներկայացնի հանրության համար:

Պատկերացնում եք, երկու տարի առաջ հանրապետականը հայտարարեր, որ զբաղվելու է ժողովրդի հոգսերով, և այդ գործընթացի ժամանակ բացառվելու է գումար տալու ու վերցնելու գործոնը:

Ինչ վերաբերում է ժողովրդի դիմելուն: Կարծում ենք, որ գործընթացը պետք է օնլայն հեռարձակվի, քանզի շատ հետաքրքիր կլինի: Օրինակ. քաղաքացին դիմի և խնդրի հանրապետականի պատասխանատուներից, որ վերականգնվի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք ստանալու հին ու գեղեցիկ սովորույթը:

Կամ դիմեն և պահանջեն, որ հանրապետականը օգնի իրավապահ մարմիններին երկիրը թալանած նախկին պաշտոնյաների գտնվելու վայրը հայտնելու ու վերադարձնելու գործում:

Չենք բացառում, որ լինեն քաղաքացիներ, որոնք դիմեն հանրապետական կուսակցությանը՝ պահանջելով վերականգնել սոցիալական արդարությունը, քանզի իրենց դուրս են թողել «Փարոս» ծրագրից: Դիմումը գրեն և իջնեն ու նստեն իրենց բրաբուսները:

Իրականում հանրապետականը մեկ այլ բնույթի ընդունարան պետք է բացի: Հոգեբանական աջակցության կենտրոն, որտեղ մասնագետները կաշխատեն պաշտոնաթող հանրապետականների հետ և չեն թողնի, որ նրանք վերջնականապես կորցնեն հոգեկան հավասարակշռությունը՝ պաշտոնները կորցնելու պատճառով:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1575 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ