...

Հանրային գիտակցության մեծ լվացքը

Հանրային գիտակցության մեծ լվացքը

ՀՀ զինված ուժերում պարտադիր ծառայության ժամկետը կրճատելու, «ամայի սարերը» պաշտպանելն անիմաստ համարելու և նման կարգի այլ հայտարարություններն ի վերջո հանգեցրին տրամաբանական արդյունքին՝ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ցանկություն հայտնեց, որ Հայաստանի արտաքին սահմանները պաշտպանի ռուսական բանակը։ Ընդ որում՝ այդ «արդյունքին» հասնելու համար ամիսներ շարունակ քարոզչական հող էր նախապատրաստվում։ Ոչ միայն իշխանական, այլև իբր անկեղծորեն հայրենասեր ու այս պատուհաս իշխանություններից դժգոհ քարոզչամեքենան էր թմբկահարում, թե «հայկական բանակ այլևս գոյություն չունի», «ադրբեջանցիներն ինչ ուզեն՝ կանեն» և այլն, ու այսքանից հետո միակ տրամաբանական եզրակացությունն այն պիտի լիներ, որ եթե այդպես է՝ ուրեմն մեր անկախությունը ձևական է, մեր սահմաններն ուրիշները պիտի պաշտպանեն։

Այո, մեր հասարակությունն արդեն տևական ժամանակ է՝ քարոզչական տեռորի է ենթարկվում։ Ընդ որում՝ այդ տեռորի հիմնական «գործիքներից» մեկը օբյեկտիվ իրողությունները հասարակությունից թաքցնելն է։ Իսկ որևէ հասարակություն չի կարող ելքեր գտնել իրավիճակից, եթե չգիտի, թե ինչպիսին է այդ իրավիճակը։

Մաթեմատիկայում էլ է այդպես՝ հնարավոր չէ լուծել խնդիրը, եթե պայմանները հայտնի չեն։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք և անդրադառնանք ինֆորմացիոն տեռորին։

Իշխանական քարոզչությունը երկշերտ է։ Առաջին շերտը բավականին պարզունակ է և նպատակ ունի հանրային գիտակցության մեջ արմատավորել այն գաղափարը, թե «բա մեզ պետք ա՞, որ մեր էրեխեքը գնան զոհվեն», «կարևորը երջանիկ լինելն ա, կուշտ փորով հաց կուտենք, կզարգանանք», «մեկ ա՝ մենք թուրքի դեմ չենք կարա, ուրեմն թող ռուսները մեզ պահեն (կռայնի սլուչի՝ ֆրանսիացիները կամ ամերիկացիները)», և այսպես շարունակ։ Կա նաև երկրորդ՝ ավելի նուրբ շերտը, որի նպատակն առաջին շերտի թեզերի «գիտական հիմնավորումն» է։ Սոցկայքերում չտեսնված ինտենսիվությամբ ու հսկայական միջոցներ ծախսելով ինչ-որ հետազոտություններ են ներկայացվում, օրինակ, այն մասին, թե ինչ բնակչություն ուներ Հայաստանի այս կամ այն մարզը կամ բնակավայրը, ասենք, 19-րդ դարում (ու պատկերացրեք՝ համարյա միշտ ստացվում է, որ ադրբեջանցիները հայերից շատ էին), թե ինչպես է հարյուր տարի առաջ Հայաստանը պարտվել պատերազմում ու ընդունել իր պարտությունը, և (ուշադրություն) այն մասին, թե ինչ էական տարբերություններ կան Զանգեզուրի ու Ղարաբաղի և մնացյալ Հայաստանի հայերի միջև։ Թարգմանաբար սա մոտավորապես նշանակում է հետևյալը՝ «հա, դե Ալիևը ճիշտ ա ասում, էլի, Հայաստանում ադրբեջանցիները հա էլ ավելի շատ են էղե», «ախպեր, կրվել ենք՝ ուրեմն ինչ ասում են, էն էլ պիտի անենք», «համ էլ՝ էդ զանգեզուրցիք ու ղարաբաղցիք ուրիշ սորտի հայեր են»։ 

Սրան հակադրվում է պայմանականորեն ասած «ծովից ծով Հայաստանի» քարոզչությունը, որի համաձայն՝ պատմական արդարությունը պահանջում է առնվազն Կարս-Արդահան-Սուրմալու-Գանձակ-Բակուրակերտ ունեցող Հայաստան, աշխարհը պարտավոր է անհապաղ (երեք աշխատանքային օրվա ընթացքում) ապահովել դա, և եթե չի անում՝ ուրեմն մեղավորն օրվա իշխանություններն են։ 

Մի խոսքով՝ միջինը չկա։ Կամ «ծովից ծով Հայաստան», կամ «հա, դե կրվել ենք՝ ուրեմն ինչ ասում են, էն էլ պիտի անենք»։ Երկու ուղղություններն էլ ունեն իրենց քարոզչական հզոր սպասարկուները։ Իսկ ահա միջինը (առողջ տրամաբանությունը) քարոզչական աջակցություն ընդհանրապես չունի։ Թե ինչու՝ կներկայացնենք մեկ այլ առիթով։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   924 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ