...

Հաշիվ պահանջելու ժամանակ էլ ունեն

Հաշիվ պահանջելու ժամանակ էլ ունեն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Սոֆյա Հովսեփյանը հայտարարել է խմբակցությունից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր գործելու մասին, գրել է.

«Իմ Քայլը» խմբակցությունը հայտնի իրադարձություններից հետո լքել են հետևյալ անձինք.
Վարդան Աթաբեկյան
Գոռ Գևորգյան
Թագուհի Թովմասյան
Աննա Գրիգորյան
Սոֆյա Հովսեփյան
Կարևորելով պատգամավորի՝ ընտրողների հանդեպ հաշվետու լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ տվյալ անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով, պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում»:

«ՉԻ». Այսինքն, իշխանությունները երկիրը հասցրել են աղետի եզրին, կատարյալ բարդակ ու քաոս է տիրում սահմաններում, ոչ ոք չգիտի, թե մեր գլխին վաղն ինչ է գալու, ու այս ամենը թողած, իշխանական պատգամավորները հաշիվ են պահանջում խմբակցությունից դուրս եկած պատգամավորներից: Վերջին շրջանում «Իմ քայլի» պատգամավորները երկրում տիրող իրավիճակի մասին ընդհանրապես ձայն չեն հանում: Միայն խմբակցությունից պատգամավորի դուրս գալու թեմային են անդրադարձել: Ամենակարևոր հարցն է:

Դե որ այդպես է, մի հատ հարց էլ մենք տանք «Իմ քայլի» պատգամավորներին. ժողովրդից մանդատ եք ստացել, շատ եք սիրում ժողովրդի անուն տալ, դուք արդարացրե՞լ եք ձեզ տված մանդատը: Մի հատ բացատրեք, ժողովուրդը ձեզ մանդատ էր տվել, որ երկիրն այս վիճակի՞ն հասցնեք, թե՞ որ հեղափոխությունից հետո քաղաքական և տնտեսական փոփոխություններ իրականացնեիք, ապահովեիք Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Ժողովրդին տված խոստումներից ո՞րն եք կատարել:  

Եվ վերջապես. խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին դուք եք խցկել ձեր շարքերը, ու առաջինը ինքներդ ձեզանից հաշիվ պահանջեք, թե ինչու էիք այդպիսի կազմով խորհրդարան մտել: 

Հ.Գ. Իսկ որ Սոֆյա Հովսեփյանը մի օր դուրս էր գալու «Իմ քայլը» խմբակցությունից, դա նույնիսկ տաղավարում նարդի խաղացողներին էր պարզ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   999 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ