1988 թվականին սկսված հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումների վերաբերյալ հարյուրավոր պատմություններ կան: Երբ կոֆլիկտը սկսեց ծավալվել, ադրբեջանցիները իրենց այն շրջաններում, որտեղ հայերն ու ադրբեջանցիները խառն էին բնակվում, ճանապարհներին պոստեր էին դնում, նույնն էլ հայերը՝ Հայաստանում: Այդ պոստերում կանգնեցնում էին մեքենաները, ավտոբուսները և ստուգում, մեջը հայ կա՞, թե՞ ոչ: Մեր դեպքում էլ ադրբեջանցիներ էին փնտրում: Եթե հայ էր լինում, թույլ չէին տալիս, որ շարունակի ճանապարհը, հետ էին ուղարկում, իսկ արդեն ավելի թեժ ժամանակներ սկսվելուց հետո մեքենայից իջեցնում էին, պատանդ էին վերցնում, կամ պարզապես թալանում, բաց թողնում:
Իսկ ինչպե՞ս էին պարզում, մարդը հա՞յ է, թե՞ ադրբեջանցի: Ադրբեջանում բնակվող հայերը տիրապետում էին ադրբեջաներեն լեզվին, ադրբեջանցիներն էլ այստեղ՝ հայերենին: Դա պարզում էին շատ օրիգինալ ձևով. ադրբեջանցիները մեքենան կանգնեցնում էին, ներսում գտնվողներից պահանջում էին արտաբերել «ֆընդըխ» (պնդուկը) բառը: Հայերը այդ բառը չէին կարողանում արտասանել այնպես, ինչպես՝ ադրբեջանցիները: Առոգանության խնդիր էր, թե տառը այլ կերպ էին հնչեցնում, չենք կարող ասել, բայց դրա վրա բռնվում էին:
Ադրբեջանցիներին պարզելու համար պահանջում էին արտաբերել «տրուբա» բառը: Ադրբեջանցիներն ինչ ուզում էին, անեին, մեկ է, ասում էին՝ «թրուբա»: Իրենք էլ այդ բառի վրա էին բռնվում: Կարելի է ասել, յուրօրինակ թեստ էր:
Ահա այսպիսի հետաքրքիր ժամանակներում ենք ապրել: Իսկ այս պատմությունը հիշեցինք, որովհետև երեկվանից մեզ մի հարց է հետաքրքրում. ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում «ր» տառը արտասանել: «Ռ» է ասում: Լավ, Կուշտունիցան հասկացանք, Իրանի ու Պարսկաստանի մասին իմացանք, սա կարելի է վերագրել նրա կրթական ցածր մակարդակին: Ամբողջ կյանքում մի հատ Ժյուլ Վերն էր կարդացել ոնց որ: Բայց ինչո՞ւ չի կարողանում «ր» ասել: Միջին վիճակագրական հայի մոտ նման խնդիր չկա, բոլորս էլ ասում ենք՝ տարրական, ոչ թե՝ տառռական, խնդիր, ոչ թե՝ խնդիռ: Ափսոս, արդեն ուշ է, թե չէ արժեր մի հատ իր հետ թեստ անցկացնել, հասկանայինք, խնդիրն ինչն է:
Հ.Գ. Հետաքրքիր է, Ռոբերտ Քոչարյանը դպրոցում ինչպե՞ս է արտասանել հոլովները. ուղղական, սեռական... շարունակությունը՝ ձեզ վրա: