...

Հայաստան-Իրան ճանապարհը փակ է. սա կոչվում է ապաշրջափակման մեկնարկ

Հայաստան-Իրան ճանապարհը փակ է. սա կոչվում է ապաշրջափակման մեկնարկ

Եվ այսպես, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է, Սյունիքի չորս գյուղեր կտրված են արտաքին աշխարհից, իսկ մարզը Հայաստանի մյուս մարզերի հետ կապված է ընդամենը մի դժվարանցանելի գրունտային ճանապարհով։ Ադրբեջանի այս պահվածքը հասկանալի է․ թշնամի է՝ պիտի մինչև վերջ թշնամություն անի։ Իսկ ահա Հայաստանի իշխանությունների պահվածքը, մեղմ ասած, տարօրինակ է։

Նիկոլ Փաշինյանն այս հարցին անդրադարձավ այնպիսի հանդարտությամբ, ասես ժամ առ ժամ սպասում էր Ադրբեջանի այդ քայլին, և սովորության համաձայն՝ սկսեց անհեթեթ մտքեր հայտնել ու ամեն ինչի համար մեղադրել նախկիններին, «հպարտ քաղաքացիներին» վստահեցնել, որ ամեն ինչ կարգին է, «այս պահի դրությամբ» Սյունիքը կտրված չէ, որովհետև «նորմալ գրունտային ճանապարհ կա» և այլն։ Հոխորտալու հիմնական թեման էլ այն էր, թե բա ինչո՞ւ է նախկինների օրոք Հյուսիս-Հարավ մայրուղին նախագծվել այնպես, որ Շուռնուխով ու Որոտանով չանցնի, ուրեմն նրանք էլ էին, չէ՞, համարում, որ այդ ճանապարհի մի հատվածն Ադրբեջանով է անցնում։ Ու բացարձակապես իմաստ չունի այդ մարդուն բացատրելը, որ Հյուսիս-Հարավը պիտի դառնար միջպետական տրանսպորտային միջանցք, պիտի կառուցվեր միջազգային ներդրումներով, իսկ որևէ լուրջ կազմակերպություն ներդրումներ չէր անի ու հետագայում էլ բեռնափոխադրումներ չէր իրականացնի «վիճելի տարածքներով»։

Ինչևէ։ Եթե մի կողմ թողնենք Նիկոլ Փաշինյանի քարոզչական «կռուտիտները», ապա նրա ասածը հետևյալն էր։ Առաջին․ Ադրբեջանն իրավունք ուներ այդպես վարվել, որովհետև այդ ճանապարհի որոշ հատվածներ իսկապես անցնում են իրենց տարածքով (հասկանալի է, չէ՞, որ նման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը ոչ մի դեպքում ճանապարհը չի բացի)։ Երկրորդ․ այդ ճանապարհի անխափան աշխատանքի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի միջև, ու եթե հիմա ճանապարհը չի գործում՝ նշանակում է ռուսական կողմը չի կատարում իր պարտավորությունները (պարզ ասած՝ Ադրբեջանի նկատմամբ ոչ մի պրետենզիա, մեղավորը ռուսներն են, թող բարի լինեն ադրբեջանցիների հետ լուծել այդ հարցը)։

Հիմա, իհարկե, նիկոլապաշտ «հպարտ քաղաքացիներին» կարող է թվալ, թե «դե լավ, հիմա մի քանի բուլդոզերով այդ գյուղերի համար ինչ-որ ճանապարհ կսարքենք, Տաթևի ճանապարհը կասֆալտապատենք, հարցը կփակվի-կգնա»։ Իրականում այդպես չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ և ադրբեջանական կողմի քայլերն արդարացնելով փաստորեն պաշտոնապես համաձայնվում է, որ Ադրբեջանը զորքեր տեղակայի, օրինակ, Կապանի օդանավակայանի թռիչքուղուց 40 մետր հեռավորության վրա, Տիգրանաշենում ու Տավուշի մարզի անկլավներում, և այլն։ Եվ Ադրբեջանը, հասկանալի է, շատ արագ օգտվելու է այդ պաշտոնական թույլտվությունից։ Այսինքն՝ մի օր էլ արթնանալու ենք ու տեղեկանանք, որ «անհանգստանալու բան չկա, և՛ դեպի Եղեգնաձոր, և՛ դեպի Նոյեմբերյան ու Բերդ տանող նորմալ գրունտային ճանապարհներ ունենք, իսկ ռուս զինվորականները բալքիմ լեզու գտնեն ադրբեջանցիների հետ»։

Հ. Գ. Հիշում եք, չէ՞, թե ինչպես էր Շուռնուխում Նիկոլ Փաշինյանը մի խեղճուկրակ գյուղացի կնոջ վրա գոռգոռում, թե «դո՛ւ չես որոշելու՝ ադրբեջանցիները որտեղ գան կանգնեն»։ Իշխանությունները սա անվանում են «տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և տևական խաղաղության դարաշրջանի մեկնարկի գործընթաց»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1232 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ