ՀՀ Կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ ԶՈւ ստորաբաժանմանը ՀԱՊԿ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին։ Որոշումը, որը ստորագրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, սահմանում է․
1. Թույլատրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստորաբաժանման՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնման գործընթացը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշման համաձայն:
Համաձայն ՀԱՊԿ-ի պաշտոնական էջում տեղադրված տեղեկության՝ խաղաղապահ ուժերի թվաքանակը շուրջ 3600 է։ Զինված ուժերի զինծառայողների թիվը հասնում է 3000-ի, իսկ 600-ը ներքին գործերի մարմինների ներկայացուցիչներն են։ Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, թե Հայաստանից քանի զինծառայող է մեկնել Ղազախստան և թե ո՞ր ստորաբաժանումների ներկայացուցիչներն են ընդգրկված մեկնածների խմբում։ Մինչ այս պահը տեղեկատվություն չկա, թե մասնավորապես ի՞նչ գործառույթներ են իրականացնելու հայ զինվորները Ղազախստանում։
Փոխարենը, հասարակական-քաղաքական շրջանակները շարունակում են թեժ քննարկումներն այս հարցի առնչությամբ։ Հետաքրքիրը նաև այն է, որ Հայաստանում գործող հիմնական խաղացող-կուսակցությունները դեռևս պաշտոնական դիրքորոշում չեն հայտնել։ Առանձին գործիչներ ու պատգամավորներ կարծիքներ ու ֆեյսբուքյան ստատուսներ ձևակերպել են, բայց քաղաքական ուժերը դեռևս զերծ են մնում գնահատականներ հնչեցնելուց։ Ի հակադրություն քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական սեկտորն ավելի համարձակ ու անկաշկանդ հայտարարություններ է անում՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանի որոշումը։
Հավելենք նաև, որ վերջին տվյալներով Ղազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել է 1000 մարդ, որոնցից 400-ը հոսպիտալացվել է։ Ուժային կառույցների զոհված աշխատակիցների թիվն ավելացել է։ Երկրի ՆԳՆ-ն տեղեկացնում է 18 զոհի մասին։ Այսօր արդեն երկրի իշխանությունները ահաբեկչական վտանգի կրիտիկական՝ կարմիր, մակարդակ են սահմանել հանրապետության ամբողջ տարածքում: Երկրի բոլոր տարածաշրջաններում սահմանվել Է հակահաբեկչական գործողության ռեժիմ։ Իրավիճակը շարունակում է բարդ համարվել Ալմաթիում, որտեղ զինված գրոհայինները զավթել և մասամբ ջարդուփշուր են արել պետական մարմինների, ֆինանսական կազմակերպությունների, հեռուստաընկերությունների, առևտրի օբյեկտների շենքերը։ Այնտեղ ողջ գիշեր կրակոցներ են հնչել, իսկ առավոտյան Ալմաթիի կենտրոնական հրապարակում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։
Գոհար Վեզիրյան
Հ․Գ․ Քիչ առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը «Արմենպրես»-ին մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները: ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։