...

Հայաստանի շուրջ մեծ խաղը դեռ առջևում է

Հայաստանի շուրջ մեծ խաղը դեռ առջևում է

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Թուրքիայի կողմից կառուցողական ազդակներ է տեսնում, Էրդողանն անմիջապես հաջողություն մաղթեց Հայաստանի իշխանություններին և խոսեց տարածաշրջանում աստիճանաբար կայուն խաղաղություն հաստատելու հեռանկարների մասին, ու այնպիսի տպավորություն է, թե տարածաշրջանում «ջանջիգյարային հարաբերություններ» են, բոլորի նպատակն էլ մեծ հաշվով նույնն է։

Իրականում դա այդպես չէ, ու որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենում ու ինչ զարգացումներ են հնարավոր, պետք է նախ հասկանալ, թե տարածաշրջանային «խաղացողներից» ով ինչպես է պատկերացնում տևական խաղաղությունը։

Թուրքիան դա պատկերացնում է այսպես։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր է ստորագրվում, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում, Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեկառմիշտ դուրս է մնում ՀՀ իշխանությունների օրակարգից, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում, որից հետո «տարածաշրջանը բացվում է», և Թուրքիան իրավունք է ստանում ազատորեն «նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը» (պարզ ասած՝ սկսել տնտեսական էքսպանսիան միջազգային երաշխիքներով)։ 

Ադրբեջանի ձգտումները փոքր-ինչ այլ են։ Նրանք Սյունիքով ոչ միայն ճանապարհ են ուզում, այլև միջանցք, մտադիր են կարճաժամկետ հեռանկարում վերջնականապես հայաթափել Արցախը, խաղաղության պայմանագրով ամրագրել փախստականների վերադարձը նաև Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ և Արարատյան դաշտ, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ երբ թուրքական կապիտալն արդեն լայնորեն ներկայացված կլինի Հայաստանում, իսկ այդ մարզերում ադրբեջանական բնակչությունը մեծ տոկոս կկազմի, մարզերը հռչակել Ադրբեջանի մաս (այնպես, ինչպես թուրքերը դա արեցին Հյուսիսային Կիպրոսում, ռուսները՝ Ղրիմում, ինչպես դա եղավ Կոսովոյում, և այլն)։

Հայաստանի իշխանությունները «տևական խաղաղությունը» պատկերացնում են այսպես։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու հստակեցնում են սահմանները (գործընթացն ըստ էության արդեն սկսվել է), Արցախի անվտանգությունն ապահովում են ռուսները, կարգավիճակի շուրջ բանակցություններն ընթանում են միջազգային կառույցների հովանու ներքո, Ռուսաստանն ու Իրանը թույլ չեն տալիս, որ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրվի (միայն ճանապարհ), հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են, Հայաստանը պետական մակարդակով մոռանում է Ցեղասպանության ճանաչման մասին, Թուրքիայի օգնությամբ Հայաստանի տնտեսությունը սկսում է շնչել, և այլն։ Հայ հասարակության բացարձակ մեծամասնությունն, ի դեպ, չի կիսում ՀՀ իշխանությունների այս «տեսլականը» և համարում է բացահայտ դավաճանություն։

Ռուսաստանը «տևական խաղաղությունը» տեսնում է այսպես։ Ընդլայնում է իր ռազմական ներկայությունն Արցախում ու Հայաստանում, Հայաստանը որպես ինքնուրույն քաղաքական միավոր փաստացի վերանում է և վերածվում ռուսական ֆորպոստի, հաղորդակցության ուղիները բացվում են ու գործում ռուս-թուրքական համատեղ վերահսկողության ներքո, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները մնում են թշնամական, իսկ Հայաստանի անհնազանդության ցանկացած փորձ պատժվում է կամ թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքերով, կամ իշխանափոխությամբ։

Մի խոսքով՝ «տևական խաղաղության» վերաբերյալ միասնական պատկերացում չկա, հետևաբար՝ «մեծ խաղը» դեռ առջևում է։ Խաղ, որում Հայաստանի մասնակցությունը, ցավոք, նվազագույնի է հասցված։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6405 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ