...

Հայկական ահուսարսափը՝ ռազմական ցուցահանդեսում

Հայկական ահուսարսափը՝ ռազմական ցուցահանդեսում

Փետրվարի 19-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացրեց, որ Հայաստանը միասնական տաղավարով մասնակցելու է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին, և որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության պրոդուկտներն ու լուծումները։

«Իրենց արտադրանքը ներկայացնելուց բացի՝ նշյալ ընկերությունները հնարավորություն կունենան գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ։ 

«IDEX»-ը պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում՝ ամենամասշտաբայինը: Այն եզակի հարթակ է՝ տարածաշրջանի պետական գերատեսչությունների, բիզնեսի և զինված ուժերի հետ կապեր հաստատելու և ամրապնդելու համար»: Սա՝ նախարարության հաղորդագրությունից:

Ահա այսպես, ներկայացնելով, թե ինչ կարևոր բան է այդ ցուցահանդեսը, փքուն արտահայտություններով ճոխացնելով դրա նշանակությունը, գալիս է ցուցահանդեսի օրը և ի՞նչ է պարզվում. Հայաստանը ներկայացնելու բան չունի: Մեր տաղավարը դատարկ է: Չէ, լուսանկարներից երևում է, որ ռազմարդյունաբերական նշանակության ինչ-որ հզոր բուկլետներ կային, որոնք ահուսարսափ են առաջացրել ցուցահանդեսում: Հատկապես զարմացած են մնացել ադրբեջանցիները, որոնք կողքի տաղավարում ներկայացած են եղել բազմապիսի մանր-մունր զինատեսակներով, սեփական արտադրանքով, ԱԹՍ-ներով, բայց նրանց բուկլետներն ակնհայտորեն զիջել են մեր բուկլետներին: 

Այս իրադարձությունը էական ազդեցություն ունեցավ ընդդիմության հրավիրած հանրահավաքի վրա, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ շոկի մեջ էին ընկել հայկական տաղավարի դատարկությունից ու մնացել էին տանը՝ հետռեաբիլիտացիոն փուլը հաղթահարելու համար:

Մեր ԲՏԱ նախարարությունը պաշտոնապես պարզաբանեց, թե բանն ինչն է եղել: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի: Այնպիսի տպավորություն է, կարծես ցուցահանդեսի մեկնարկից ընդամենը մի ժամ առաջ են մերոնց հրավիրել մասնակցելու, դե, մերոնք էլ չեն հասցրել «վեշերը» հավաքել:

Սա մեզ մեկը մեկին հիշեցրեց Ներսես Հովհաննիսյանի՝ «Խոհարարները եկել են մրցույթի» ֆիլմը, երբ հայ խոհարարների եռյակը գնում է Մոսկվա՝ մասնակցելու խոհարարական միջազգային մրցույթին, բայց տարբեր պատճառներով այդպես էլ ոչ մի արտադրանք ցույց չեն տալիս, խայտառակ են լինում: 

Հիմա սրանք են. գնացել են, հասել Աբու-Դաբի, որ մասնակցեն՝ իրենց խոսքերով, «պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսին», ու ցույց տալու բան չեն ունեցել: Բա որ ցույց տալու բան չեք ունեցել, ինչո՞ւ էիք տաղավար վարձում: Ընդունենք, որ իսկապես օբյեկտիվ պատճառներով մեր արտադրանքը տեղ չի հասել, չմասնակցեիք ցուցահանդեսին: Ներողություն խնդրեիք ցուցահանդեսի կազմակերպիչներից, ասեիք, սենց բան է եղել, ներող ապեր, տուն գայիք: Գնացել, մանեկենի պես ամբողջ օրն այնտեղ կանգնել, իրենց են ցուցադրել: Դեռ լավ է, որ այնտեղ ինչ-որ մի շեյխ նրանց որպես մանեկեն չի գնել: Ու էն էլ՝ ադրբեջանական տաղավարի կողքին: Բա չգժվե՞ս: 

Այս պատմության մեջ մեր բախտը միայն մի բանում է բերել. որ սա որևէ կերպ չի ազդել մեր պետության հեղինակության վրա, որովհետև չեղած բանի վրա չի կարող ազդել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   795 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ