...

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների ընտանիքները հատուցումներ կստանան

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների ընտանիքները հատուցումներ կստանան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսում է առաջին հատուցումների տրամադրումը սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին։ «Հատուցումները կատարվելու են անկանխիկ եղանակով` հիմնադրամի կողմից շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվեհամարներին»,- տեղեկացնում են 1000+ հիմնադրամից։  Հիմնադրամի կայքում ներկայացված են մանրամասներ, թե ովքեր և որքան հատուցում կարող են ստանալ։   

Ո՞վ կարող է ստանալ հատուցում

  1. Հատուցում  ստանալու իրավունք ունեն մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ դատարանի որոշմամբ անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ամուսինը, զավակը, ծնողը։ 
  2. Կամ II կարգի հաշմանդամության դեպքում տվյալ զինծառայողը

Բացառություններ 

Զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի քույրը և եղբայրը, եթե ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում, և եթե նշված քույրը/եղբայրը

Անչափահաս է, կամ անգործունակ է ճանաչվել, կամ 23 տարեկանը չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող է, կամ հաշմանդամ է ճանաչվել մինչև 18 տարեկանը և գտնվել է զինծառայողի խնամքի տակ։ Բոլոր շահառուների բացակայության դեպքում նաև այլ անձը, եթե դատարանի որոշմամբ հաստատվել է, որ անձը եղել է զինծառայողի խնամքի տակ և ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք. խնամել է զինծառայողին մինչև նրա 18 տարին լրանալը:

Ո՞րքան է կազմում հատուցումը  

1․ Պայմանագրային կամ պարտադիր կամ պահեստազորային զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայողը  զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում 82 մլն. ՀՀ դրամ, որից 10 մլն. դրամը՝ միանվագ, մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։ 
II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում՝ 53 մլն. ՀՀ դրամ, որից 5 մլն. դրամը՝ միանվագ, մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։  
2․ Պայմանագրային կամ պահեստազորային ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը՝ զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում 70 մլն. ՀՀ դրամ, որից 10մ մլն. դրամը՝ միանվագ, մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում՝41 մլն. ՀՀ դրամ, որից 5 մլն. դրամը՝ միանվագ, մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։ 
3․ Տարածքային պաշտպանությանը ներգրաված անձիք կամ կամավորներ՝  զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում՝ 70 մլն. ՀՀ դրամ, որից 10 մլն. դրամը՝ միանվագ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։  II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում 41 մլն. ՀՀ դրամ, որից 5 մլն. դրամը՝ միանվագ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։ 
4․ Պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին՝ զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում 58 մլն. ՀՀ դրամ, որից 10 մլն. դրամը՝ միանվագ, մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։ 
II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում 29 մլն. ՀՀ դրամ, որից 5 մլն. դրամը՝ միանվագ, մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում  վճարներով՝ 20 տարվա ընթացքում։  

Ու՞մ դիմել

Հիմնադրամի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն իրականացվում է մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Բոլոր զինծառայողների ընտանիքները փաստաթղթերի ներկայացման կարգի մասին կտեղեկացվեն համապատասխան կառույցի միջոցով, որոնք կօգնեն փաստաթղթերի հավաքագրման և դիմումների լրացման հարցում: Հիմնադրամը տեղեկացնում է, որ չկա որևէ ժամկետ, որը ընտանիքը կարող է բաց թողնել: Միևնույն ժամանակ, եթե կան անձիք, ովքեր ցանկանում են ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա  կարող են դիմել համապատասխան մարզպետարանին կամ տեղական ինքակառավարման մարմնին՝ նշված է  Հիմնադրամի կայքում, որտեղ ներկայացված են  փաստաթղթերի ցանկը և դիմումների ձևերը։ 

Նյութը պատրաստելու պահին Հիմնադրամի կայքում նշված էր, որ  հավաքագրված միջոցները կազմում են 32,224,828,178 դրամ, որը գոյացել է պարտադիր վճարումներից՝ 27,727,082,040 դրամ և նվիրաբերումներից՝ 4,497,746,138 դրամ։ Կատ0արված հատուցումները  կազմում են 2,446,673,505 դրամ։ 

Հ․Գ․ Հիշեցնենք, որ հիմնադրամի ստեղծաման գաղափարը  նախկին իշխանությանն է, մասնավորապես նախկին Պնախարար Վիգեն Սարգսյանինը։  Ընթերցողը կհիշի, թե ինչ բուռն քննարկումներ էին ընթանում  ԱԺ-ում՝ 2016-ի վերջին․ պատգամավորներից շատերը դեմարտահայտվեցին հիմնադրամի ստեղծամնը։ ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանն էլ ահա թե ինչ ասաց, թե  Սարգսյան Վիգենն այս փողերն իրենց տուն չի տանելու, հարուր հատ Սարգսյան Վիգեններ կգան, կգնան, բայց այդ հիմնադրամը կմնա։ 

Տեղեկացնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է Հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։ Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել։ Ըստ հիմնավորման՝ նախագծի մշակումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության վրա կատարված հարձակման հանգամանքով, որի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը աճել է։

Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ։ Այս դեպքում անհատների համար ամսական դառնում է 3000 դրամ, իսկ ԱՁ-ների և նոտարների համար՝ 36 հազար դրամ տարեկան, քանի որ նրանք տարեկան են վճարումը կատարում։ Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ ՀՀ Կառավարությունը և պատգամավորները քննարկումներ էին սկսել նախորդ շաբաթ։ 

Ելենա Ազատյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   746 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ