Մովսես Հակոբյանի բացահայտումներն էլ ավելի են շիկացրել մթնոլորտը: Մի մասը մեջբերում է նրա խոսքերը և գտնում, որ նման խայտառակությունից հետո Փաշինյանը բարոյական իրավունք չունի մնալ իշխանության: Մյուս հատվածը հիշում է Մովսես Հակոբյանի ստվերային գործարքները բանակը մատակարարելու գործում, հարցնում, թե ինչպե՞ս պատահեց, որ այս ազնիվ գեներալը Ստեփանակերտում մի քանի միլիոն դոլարանոց առանձնատուն կառուցեց: Հիշում են նաև, որ Մովսես Հակոբյանի ՊԲ հրամանատար լինելու տարիներին բանակին հաց մատակարարվել է միայն գեներալի հացի փռերից, իսկ այն եղել է շատ վատ որակի:
Սպառազինությունների գնման կարգը, ցանկը և առաջնահերթությունները պետք է քննարկեն ոչ թե ռազմական գործից չհասկացող ֆեյսբուքյան օգտատերերը կամ լրագրողները, այլ մասնագետները:
Այո, պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով, բայց ոչ խորհրդարանի կազմում, որտեղ քննիչներ դառնան բանակում չծառայած և իշխանության կամ ընդդիմության ցուցակով պատգամավոր դարձածները: Քննիչ չպետք է դառնան նաև Փաշինյանի կանանց Մատյան գնդի պատգամավորները:
Այդ քննիչ հանձնաժողովը պետք է ստեղծվի զուտ մասնագետներից՝ հավասար սկզբունքներով համալրված իշխանության և ընդդիմության փորձագետներից: Այն պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնի, թե ինչ է տեղի ունեցել բանակի հետ թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից առաջ:
Բայց կա մի հարց, որը թերևս ամենաէականն է Հակոբյանի բացահայտումների մեջ և որը չի հերքվում: Սովորաբար Փաշինյանը և ընտանիքի անդամները շատ արագ են հերքում այն մեղադրանքները, որոնք կապվում են անձնապես իրենց հետ: Մինչդեռ մեղադրանքներից անցել է 24 ժամ, բայց չի հերքվում՝ Աննա Հակոբյանը եղե՞լ է հրամանատարական կետում, թե՞ ոչ:
Եթե եղել է, ապա Հակոբյանի մնացած ասածներին կարելի է շատ լուրջ վերաբերվել: Եթե վարչապետի կինը գտնվել է հրամանատարական կետում, կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսի անլրջությամբ են վերաբերվել պատերազմ վարելու մնացած խնդիրներին:
Եթե Աննա Հակոբյան-Մովսես Հակոբյան ընդհարումից հետո հրամանատարական կետը լքում է գեներալը (անկախ նրանից կոռուպցիոներ է գեներալը, թե ոչ), ապա գործող իշխանությունը ոչ թե պետք է ստանա 6 ամիս ժամանակ իրավիճակը շտկելու, այլ 6 ժամ ժամանակ՝ հեռանալու համար:
Արիս Վաղարշակյան