...

Հերքում

Հերքում

Հունվարի 10-ին «Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. ինչ բրենդից է օգտվում ԱԳ նախարարը» վերնագրով հրապարակել էինք տեղեկություն, որ ԱԳ նախարարն ու իր տիկինը 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու են գնել։ Տեղեկացրել էինք նաև, որ 2021-ի դեկտեմբերի 7-ին ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին գրավոր հարցում ենք ներկայացրել, սակայն 30 օրվա ընթացքում պատասխան չենք ստացել:

Մեր հրապարակումից հետո ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել մեր հրապարակմանը՝ ներկայացնելով դեկտեմբերի 13-ին ուղարկված հարցման պատասխանը, որի առկայությունը (դեռևս ստուգում ենք, թե ինչ պատճառներով) մեր էլեկտրոնային փոստում հայտնաբերել ենք միայն այսօր։ 

Հավաստելով, որ խմբագրությունը որևէ անձի, առավել ևս՝ Արարատ Միրզոյանին վարկաբեկելու նպատակ չի հետապնդում (հենց այդ պատճառով էլ նախապես հեռախոսազանգերով և հարցումով փորձել ենք ճշտել ԱԳ Նախարարությունից), «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների պահանջով ստորև ներկայացնում ենք ԱԳ նախարարության հերքման տեքստը։

Հ Ե Ր Ք ՈՒ Մ

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մելանյա Ծառուկյանի՝ 10.01.2022թ. 4rd.am կայքում հրապարակված «Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. ինչ բրենդից է օգտվում ԱԳ նախարարը» (հասանելի է առ 13.01.2022թ. հետևյալ հղումով https://bit.ly/3qlLJB1) վերտառությամբ հոդվածում իբրև տեղեկատվություն ներկայացված սուտը և անճշտություններն ամբողջովին զրպարտություն են, զուրկ տարրական էթիկայից և ոտնահարում են անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։ Այսպես՝ Արարատ Միրզոյանը և իր կինը հոդվածում նշված վայրից և նշված արժեքով կահույքի հավաքածու երբևէ չեն գնել։

Անհիմն է նաև հրապարակման մեջ արված պնդումն առ այն, որ նախարարությունն անպատասխան է թողել խնդրի վերաբերյալ թերթի գրավոր հարցումը։ Հարցման պատասխանը տրվել է օրենքով սահմանված ժամկետում՝ 13.12.2021թ. թիվ 1112/52800-21 գրությամբ։

Առնվազն զավեշտալի է, որ զանգվածային լրատվության միջոցն իր գրավոր հարցմանը պատասխան չտրվելու կեղծ հանգամանքը համարում է իր կողմից տրված իրականությանը չհամապատասխանող տեղեկության հաստատում։ Մնում է հուսալ, որ դա արվել է ոչ թե Արարատ Միրզոյանի բարի համբավը կեղծ տեղեկություններով չարամտորեն արատավորելու մտադրությամբ, այլ լրագրողական պրոֆեսիոնալիզմի բացակայության և տրամաբանության տարրական կանոնների չիմացության պատճառով:

Տարակուսանքի տեղիք է տալիս նաև հրապարակման վերանագիրը, որը բացի Արարատ Միրզոյանի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու մտադրությունից՝ միաժամանակ վիրավորում է նաև վարկային միջոցներից օգտվող մեր համաքաղաքացիներին»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8370 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ