...

Հերքում

Հերքում

«Ռեֆորմ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի» հրապարակման ներքո վերջերս անդրադարձել էինք բանակում իրականացվող ռեֆորմներին՝ որոշ փաստեր ներկայացնելով այն մասին, որ ՊՆ մի շարք գերատեսչություններ շարունակել են «աշխատել» հին մեթոդներով՝ տեղ-տեղ գերազանցելով անգամ նախորդներին։ Հրապարակումների մեր շարքում տարբեր փաստեր էինք ներկայացրել ՊՆ-ում տիրող իրավիճակի մասին։ Խոսքը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում կատարված ներքին աուդիտի ժամանակ արձանագրված բազմաթիվ խախտումների մասին է, որոնց հետ կապված տեղեկացրել էինք, որ մեղավորներին ազատել են աշխատանքից, իսկ խախտումների առնչությամբ առաջադրված քրեական գործը՝ արխիվացրել: 

Եվ ահա արձագանքել են «Հումանիտար ականազերծման կենտրոնի» արդեն նախկին տնօրեն Ռուբեն Առաքելյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի նախկին ղեկավար Գրիգոր Բասենցյանը՝ հերքում պահանջելով հրապարական մեջ տեղ գտած տեղեկությունների համար։ 

Մեզ ուղարկված հերքման մեջ նշված է․ «Մասնավորապես՝ հրապարակային կերպով արատավորվել են Ռուբեն Առաքելյանի և Գրիգոր Բասենցյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, փաստական տվյալներ են հրապարակվել այն մասին, որ. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը /… …/, իր ազգականի՝ ՀԱՓԿ ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանի հետ համատեղ ջանքերով շորթել են ՊՈԱԿ-ին տրվող գումարները: Բասենցյանի կինը, որն աշխատում է ուսումնական կենտրոնում, ընդհանրապես չի ներկայացել աշխատանքի, սակայն կանոնավոր աշխատավարձ է ստացել: Բացի այս, գումարներ են դուրս գրվել տարբեր դպրոցների աշակերտների հետ ականազերծման թեմաներով դասընթացների կազմակերպման պատրվակով, սակայն իրականում ուսումնական աշխատանքներ տեղի չեն ունեցել: Շարունակենք՝ ՊՈԱԿ-ը հանդիսանալով հայ-ամերիկյան կազմակերպություն, բազմաթիվ օգնություններ է ստացել, սակայն ներքին աուդիտի ժամանակ օգնությունն արձանագրող մատյաններ չեն հայտնաբերվել, ասել է թե՝ օգնությունների մուտք որպես այդպիսին չի արձանագրվել: /…/

Կատարված ապօրինություններն այսքանով չեն սահմանափակվում: ՊՈԱԿ-ում գործուղումներ են ձևակերպվել, համապատասխանաբար մեծ քանակությամբ վառելանյութ դուրս գրել և գումարները ստացել ՊՆ բյուջեից:

/… …/ Արդեն 2021 թվականին ՊՈԱԿ-ում կատարված ստուգումների ժամանակ հայտնի է դարձել, որ այստեղ շորթվել է 180 միլիոն, 160 և 61 միլիոն դրամ, սակայն մեղավորները չեն պատժվել:

/…/անօրինական կերպով գումարների դուրս գրման փաստը հաստատվել է, Ռուբեն Առաքելյանն ու իր թիմակիցները ազատվել են աշխատանքից:/…/ 

Հայտնում ենք, որ հոդվածում տեղ գտած տեղեկությունները ունեն զրպարտչական բնույթ և չեն համապատասխանում իրականությանը: Խնդրում ենք հերքել նշված փաստական տվյալները, այլապես ստիպված կլինենք դիմել դատական պաշտպանության: Ուստի հիմք ընդունելով ««Զանգվածային լրատվության մասին»» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ պահանջում ենք մեկշաբաթյա ժամկետում հերքել 20.04.2022թ. «Չորրորդ իշխանություն» կայքում հրապարակված, Ռուբեն Առաքելյանի և Գրիգոր Բասենցյանի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները»: 

Գ․ Վ․ 
Մ․ Ծ․ 

Հ․Գ․ Մեզ ուղարկված հերքման պահանջի տակ ստորագրել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարազատ մորաքրոջ տղան՝ Ռուբեն Առաքելյանն ու Գրիգոր Բասենցյանը։ Նրանք երկուսն էլ այլևս չեն աշխատում։ Ինչո՞ւ։ Այս մասին մեր հարցման պատասխանները ստանալուց հետո կմանրամասնենք։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4953 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ