...

Հիմա արդեն՝ ընտրություն վատթարի և «բեթարի» միջև

Հիմա արդեն՝ ընտրություն վատթարի և «բեթարի» միջև

Մինչ խորհրդարանում իշխանություններն ու ընդդիմությունն ամենայն անկեղծությամբ հայհոյում են իրար (անկեղծությամբ, որովհետև իշխանություններն ընդդիմությանը 20 տարի շարունակ երկիրը թալանելու մեջ են մեղադրում, ընդդիմությունն իշխանություններին՝ կապիտուլյացիայի ու երկիրը կործանման եզրին հասցնելու մեջ, և երկուսն էլ իրավացի են), Ադրբեջանի նախագահը Բաքվում կարևոր հայտարարություններ է անում, որոնց պատասխանը պաշտոնական Երևանից այդպես էլ չի հնչում։

Խոսքը «տո դու ո՞վ ես, որ քեզ պատասխանենք», «այ հայվան, դու հլը գլխիդ գալիքը չգիտես» և նման կարգի այլ հակադարձումների մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ Ալիևը կոնկրետ առաջարկներ է անում և պահանջներ է ներկայացնում, որոնք ենթադրում են կոնկրետ պատասխաններ՝ պետական մակարդակով։ Նա, մասնավորապես, հայտարարում է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, բայց դրա համար Հայաստանը պիտի ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որից հետո կիրականացվի հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան, ու պիտի միջանցք տրամադրի «Արևմտյան Զանգեզուրով»։ Մնացածը սպառնալիքներ են, հեգնանք է, Ռուսաստանին ու միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձներ են, բայց կոնկրետ մեզ ներկայացված առաջարկն ու պայմանները հստակ են և հստակ պատասխան են ենթադրում։ 

Պատասխանի ընդամենը երեք տարբերակ կա։ Կամ մերժում ենք (բնականաբար՝ համապատասխան հիմնավորումներով), կամ ընդունում ենք (բնականաբար՝ լուրջ վերապահումներով և հետագայում ամեն կետի շուրջ մանրամասն բանակցելու պայմանով), կամ ոչինչ էլ չենք անում և ժամանակ ենք ձգում՝ «մինչև ավելի բարենպաստ ժամանակներ»։ Բայց իշխանություններն ու քաղաքական ուժերը պարտավոր են հստակ հաշվարկել ու հասարակությանը ներկայացնել, թե ինչ զարգացումներ պետք է սպասել երեք տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում։

Առաջին տարբերակ՝ ի՞նչ է սպասվում, եթե չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (որն, ի դեպ, ամբողջ աշխարհը ճանաչում է՝ մեզանից բացի)։ Գործնականում դա նշանակում է, որ չենք ճանաչում նաև խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը ու մեզ իրավունք ենք վերապահում երբևէ փոխել այն, ինչն իր հերթին նշանակում է, որ ճիշտ նույնպիսի իրավունք էլ ստանում է Ադրբեջանը։ Պարզ ասած՝ մեծ է հավանականությունը, որ նոր պատերազմ է սկսվում, այս անգամ՝ արդեն ՀՀ սահմանների երկայնքով։

Երկրորդ տարբերակ՝ ի՞նչ է սպասվում, եթե ընդունում ենք այդ առաջարկները։ Սյունիքով միջանցք, հասկանալի է, չի լինի, ճանապարհները կգործեն, բայց դրանք կլինեն Հայաստանի սեփականությունը։ Հայ-ադրբեջանական սահմանը կհստակեցվի, ընդ որում՝ ադրբեջանցիների օգտին, որովհետև նրանք հազիվ թե համաձայնվեն դուրս գալ ՀՀ այն տարածքներից, որտեղ արդեն ամրացել են, անկլավների հարցում էլ փոխզիջումների չեն գնա։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա որոշ ժամանակ անց ՀՀ քաղաքացիներն այլևս չեն կարող գնալ այնտեղ առանց ադրբեջանական սահմանակետն անցնելու, Հայաստանի հետ տնտեսական կապերն աստիճանաբար կխզվեն և այլն, մի խոսքով՝ Արցախը կհայաթափվի:

Ի՞նչ կտա մեզ ժամանակ ձգելը։ Ընդամենը այն, որ գուցե կարողանանք փոքր-ինչ ուշքի գալ 44-օրյա պատերազմի շոկից ու փոքր-ինչ ավելի կայուն իրավիճակում կատարել մեր ընտրությունն առաջին երկու տարբերակների միջև։

Իսկ բոլոր նրանք, ովքեր համարում են, որ այլ տարբերակներ էլ կան («շուտով ռուսները կհասկանան, թե ինչ սխալ են արել, ու կպատժեն Ադրբեջանին», «բան չմնաց, ֆրանսիական զորքերն արդեն ճանապարհին են» և այլն), պարզապես հերթական անգամ հիմարացնում են հասարակությանը։ Սեփական նախաձեռնությամբ, թե ինչ-որ մեկի պատվերով՝ էական չէ։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1174 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ