Հուլիսի 9-16-ը կկայանա Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանակում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր՝ իրենց փորձն ու արվեստը ներկայացնելու կինոսերներին։
Այս տարի փառատոնի իրականացմանը միացել է նաև Թիմ ընկերությունների խումբը՝ որպես գլխավոր հովանավոր։ Ընկերությունների խմբում ընդգրկված «Գրանդ Հոթել Երևանը» մշտապես երկրում տեղի ունեցող կարևորագույն մշակութային իրադարձությունների կենտրոնում է։ Համագործակցության սկիզբից ի վեր «Գրանդ Հոթել Երևանը» տուն է դարձել փառատոնի ընթացքում տեղի ունեցող բոլոր կարևոր իրադարձությունների և միջոցառումների համար։
1935 թվականին «Երևան» հյուրանոցում` կինոբեմադրիչ Համո Բեկնազարյանի սենյակում հատուկ տեղադրված դաշնամուրի վրա Արամ Խաչատրյանը ստեղծել է հայկական առաջին
հնչյունային ֆիլմի՝ «Պեպոյի» երաժշտությունը: Տարիներ անց 20 – րդ դարի
կինեմատոգրաֆիայի լեգենդ Սերգեյ Փարաջանովը այստեղ է մշակել իր նշանավոր
«Նռան գույնը» ֆիլմի դրվագները:
«Ուրախ ենք, որ Թիմ ընկերությունների խումբը՝ ի դեմս «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի, այս տարվա փառատոնի գլխավոր հովանավորներից է։ Շնորհակալ ենք աջակցության համար և երախտապարտ ենք, որ Թիմ ընկերությունների խումբը փառատոնի ու հայ կինոյի կողքին են և իրենց աջակցությամբ նաև նպաստում են ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը։ Ուրախ ենք նաև, որ Թիմ ընկերությունների խումբը ևս կիսում է փառատոնի առաքելությունը։
Հուսով ենք, որ մեր համատեղ արգասաբեր համագործակցությունը շարունակական բնույթ կկրի՝ էլ ավելի ամրապնդվելով»,- նշում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Կինոփառատոնի բացումը կազդարարվի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» (Բելգիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Բուլղարիա, Հայաստան) ֆիլմով, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում, իսկ փակմանը կցուցադրվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։
Փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ինչպես նաև Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազի» դափնեկիր, պորտուգալացի ռեժիսոր Պետրո Կոշտան, որը փառատոնի ընթացքում կանցկացնի հատուկ աշխատարան՝ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ֆիլմերի հեղինակների հետ։
Նշենք նաև, որ այս տարի նշվում է նաև հայ կինոյի 100-ամյակը, որին նվիրված կա առանձնացված հատուկ ծրագիր։
«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 9-ին՝ ժամը 18։00-ին, Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երևանի կինոյի տունը և Մոսկվա կինոթատրոնը փառատոնի անցկացման հիմնական վայրերն են։ Ավանդական ռանդեվուները կանցկացվեն ՀԲԸՄ-ում։
Հասարակայնության հետ կապերի բաժին