Անցնող շաբաթը մտորումների հարուստ նյութ տվեց հատկապես հոգեբաններին: Քաղաքագետները, վերլուծաբանները անելիք չունեին: Չգիտենք, թե ինչն էր պատճառը. գուցե եղանակը, կամ էլ Քիմ Քարդաշյանի այցն էր շատերին գրգռել, հոգեխանգարմունքի հասցրել: Բարդ է ասել, մենք հոգեբան կամ հոգեբույժ չենք, մեզ դժվար է ասել, մարդը լուրջ է խոսում, թե՝ զառանցում:
Հոգեբանների համար հետաքրքիր կլինի ուսումնասիրել Մարինա Խաչատրյանի դեպքը: Այս անունը ձեզ ոչինչ չի ասի, Հայաստանում նրան քչերն են ճանաչում, փոխարենը նրան շատ լավ ճանաչում է ամերիկացի Ջորջ Սորոսը: Ճանաչում է ու ընկել է խեղճ կնոջ ետևից: Զանգել է Մարինա Խաչատրյանին, ասել՝ գիտե՞ս ինչ, քո գործունությունն ինձ դուր չի գալիս, որոշել եմ քեզ վատություն անել: Որից հետո Սորոսն այստեղ քիլերներ է վարձել, որոնք գնացել ու կտրել են Մարինա Խաչատրյանի... ոչ, ոչ, մի վախեցեք, Մարինա Խաչատրյանի գլուխը տեղում է, ձեռ ու ոտն էլ, քիլերները կտրել են նրա ավտոյի ինչ-որ «պրովուդ»: Մարինա Խաչատրյանը եկել է ավտոյի մոտ, բայց ծանր կանխազգացում է ունեցել, մտածել է. «Կարող ա՞ ավտոյիս լարերը էդ սորոսականները կտրած լինեն»: Ստուգել է, և իսկապես, կտրված են եղել, ինքն էլ մահից հազիվ պրծել է:
Էս ինչ-որ գրում ենք, ինքն է պատմել: Ֆեյսբուքով: Կասկածներ ունենք, որ նրա գլուխը՝ այնուամենայնիվ, տեղում չէ: Ու դժվար դրա մեղավորը Սորոսը լինի:
Երկու քարի արանքում
Առանձին ցանկանում ենք անդրադառնալ Անժելա Թովմասյանի դեպքին: Իհարկե, այն երիտասարդները, որոնք ակցիա էին կազմակերպել «Հայելու» դռան առջև, մեծ հիմարություն են արել: Ե՛վ իրենց վատություն արեցին, և՛ իշխանություններին, և՛ գովազդեցին այդ լրատվամիջոցը:
Երկու քարի արանքում ենք հայտնվել: Որպես կանոն, զերծ ենք մնում մեր գործընկերների մասին խոսել, բայց Անժելա Թովմասյանին շատ դժվար է գործընկեր համարել՝ հաշվի առնելով նրա արհամարհական, քամահրական վերաբերմունքը մյուս լրատվամիջոցների նկատմամբ: Տարիներ շարունակ, տասնյակ անգամներ իրեն զգուշացրել ենք. աղջիկ ջան, գրագողությամբ մի զբաղվիր, այլ լրատվամիջոցների աշխատանքը մի արտատպիր ծերից ծեր քո կայքում՝ խախտելով լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքների բոլոր հնարավոր կանոնները: Չէր ազդում: Չէր էլ պատասխանում: Շարունակում էր նույն ոճով: Ու մեզ զարմացնում էր այդ «պադոշությունը», որ այդքան զգուշացնելը, նրան ամոթանք տալը, երբեմն ստիպված վիրավորելը ոչ մի ազդեցություն չէր թողնում: Դրա համար էլ շատ լրագրողներ նրա կայքը լրատվամիջոց չէին համարում, այլ ինտերնետ-բուդկա, որտեղ այստեղից-այնտեղից նյութեր են լցնում, անունն էլ դնում՝ լրատվություն:
Իսկ հիմա հայտարարում է, թե այս ամենը իշխանությունների արշավանքն է իր և իր կայքի դեմ: Մի շաբաթ է, քոչարյանական քարոզչամեքենան թմբկահարում է, թե վերջ, բռնապետությունը հաստատվել է, ահավոր ահաբեկչություն է կատարվել լրատվամիջոցի հանդեպ, սա տեռորի մթնոլորտի հետևանքն է: Այս աբսուրդը նույնպես հոգեբաններին ենք թողնում, բայց մի օր կսկսենք քոչարյանական աղբյուրներից սնվողներին հիշեցնել, թե որն էր իրականում լրատվամիջոցների հանդեպ տեռորը, ինչ քյալլագյոզություններ է արել Ռոբերտ Քոչարյանը, և ինչպես են արձագանքել «հայելապաշտները» ժամանակին մեր հանդեպ իրականացվող հալածանքներին: Հետաքրքիր է լինելու:
Մեր շան որդին
Բայց մեզ ուրիշ բան հետաքրքրեց. «Հայելու» դեմ ակցիայի մասին մի շաբաթ «զռզռացող» լրատվամիջոցները, իբր ԶԼՄ-ների հարցերով զբաղվող ՀԿ-ները (սա առանձին թեմա է), ՄԻՊ-ը, վարձու վերլուծաբանները, ոչ ոք մինչև հիմա ծպտուն չի հանել Վիտալի Բալասանյանի արած հայտարարությունների վերաբերյալ: Որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «ասֆալտին կփռենք», դա քննադատում էին, լավ էին անում, մենք էլ ենք համարում, որ այդպիսի արտահայտություններ անելը սխալ բան է, բայց որ Վիտալի Բալասանյանը հրապարակավ հայտարարում է մարդկանց սպանելու, ոչնչացնելու պատրաստակամության մասին, տեռորի և սպառնալիքների լեզվով է խոսում, բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, ու մարդասպաններից, հանցագործներից, մարտի 1-ին անմեղ մարդկանց արյունը թափածներից սնվող այս քարոզչամեքենան դրա մասին չի խոսում, չի դատապարտում Վիտալի Բալասանյանին, չի ահազանգում Հայաստանում հնարավոր նոր հոկտեմբերի 27-ի, զինված խմբավորումների հավանականության, ներքին պառակտություններ հրահրելու մասին, դե կներեք, բա էլ քանի կոպեկ արժեք ունեք դուք: Ինչպես Էյզենհաուերն էր ասել. «Սամոսան շան որդի է, բայց մեր շան որդին է»:
«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2019