1999թ․ հոկտեմբերի 27-ից 22 տարի անց էլ այդ ոճրագործության հետ կապված հարցականները մնում են, բայց աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ կատարվածը միանգամայն սպասելի էր՝ եթե հաղթանակած երկրի նախագահն «ազգի դավաճան» էր հռչակվում, հաջորդ քայլով էլ հաղթանակած երկրի սպարապետը պիտի ուղիղ եթերի ռեժիմով մահապատժի ենթարկվեր։ Չէ՞ որ հաղթանակած նախագահից «ազգի դավաճան» կերտած նույն քարոզչամեքենան էր հեղաշրջումից հետո էլ Վազգեն Սարգսյանից Հայաստանի զարգացման ճանապարհին չոքած վիշապ ու Նեռ կերտում։ Նաիրի Հունանյանն, ի դեպ, ոճրագործությունից հետո ինչ-որ ուղերձ էր հղել, որի իմաստը հենց դա էր՝ ինքը հրեշին սպանել է, ու դրանից հետո Հայաստանը զարգանալու է, կոռուպցիայի համար՝ գնդակահարություն, կաշառքի համար՝ գնդակահարություն, գետերում լվացք անելու համար՝ գնդակահարություն․․․
2018-ին Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով նման բաներ, իհարկե, չէր ասում, բայց օդում թևածում էր այն միտքը, թե հիմա էլ Ղարաբաղն է հրեշի նման չոքել Հայաստանի զարգացման ճանապարհին, չի թողնում նորմալ հարաբերվենք հարևանների հետ, կոռուպցիայի բուն է, մեր զավակներին տանում երկու տարի սոված-ծարավ պահում են, բյուջեի կեսը դրա վրա է ծախսվում, ու բավական է «հրեշին սպանել», և վերջ՝ Հայաստանը կզարգանա, աղքատությունը կվերանա, կոռուպցիան կհաղթահարվի, «եթե ես ընտրություններ կեղծեմ՝ ձեռքս կտրեք, եթե կոռումպացվեմ՝ պատի տակ գնդակահարեք», և այլն։ Ու հաջողությամբ «սպանեց հրեշին»։ Ավելի ճիշտ՝ հասցրեց մահամերձ վիճակի և մի կողմ քաշվեց։ Քչերն էին կարծում, որ կմարսի, բայց լավ էլ մարսեց։ Ի՞նչ է եղել որ։ Հոկտեմբերի 27-ից հետո էլ քչերն էին հավատում, որ Քոչարյանն ու Սերժը կպահպանեն իշխանությունը, բայց պահպանեցին։ Այո, ընդհատակ էին անցել, օրերով մարդամեջ դուրս չէին գալիս, «սափրված չէին», բայց ի՞նչ տարբերություն՝ սափրված չե՞ս, թե՞ բունկերում ես ապրում։ Կարևորն արդյունքն է։
Ինչպե՞ս Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարողացան հոկտեմբերի 27-ից հետո պահպանել իշխանությունը։ Շատ պարզ։ Հասկացան, թե մարդկային ինչ տեսակի հետ գործ ունեն ի դեմս իրենց հրաժարականը պահանջողների (ի դեպ, հիմնական դերակատարները՝ նրանք, ովքեր ողջ են մնացել, այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին են) և օգտագործեցին դա։ Պաշտոններով գայթակղեցին, պառակտեցին ու ամրապնդեցին իրենց իշխանությունը։ Ինչպե՞ս 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը պահպանեց իշխանությունը։ Օգտագործեց Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանատենչությունը, ներքաշեց ընտրական գործընթացների մեջ, դարձրեց «հիմնական խաղացողներ», սիրուն տեղավորեց խորհրդարանում ու մինչև հիմա օգտագործում է։ Սրանք էլ հաճույքով օգտագործվում են՝ ձևացնելով, թե չեն հասկանում, որ դրանով Նիկոլ Փաշինյանին են ուժեղացնում։ Հոկտեմբերի 27-ից ամիսներ անց էլ Վազգեն Սարգսյանի երբեմնի զինակիցներն էին Քոչարյանի ենթակայությամբ վարչապետ ու նախարար աշխատում՝ ձևացնելով, իբր չեն հասկանում, թե ինչ են անում։
Հ․ Գ․ Որևէ մեկի մտքով չանցնի, թե հոկտեմբերի 27-ը նոյեմբերի 9-ի հետ ենք համեմատում։ Քավ լիցի։ Առավել ևս, որ ղարաբաղյան պատերազմի առանցքային դերակատարներից մեկին սպանելը մի՛ բան է, Ղարաբաղը սպանելը՝ բոլորովին այլ բան։ Պարզապես իրականացնողների տրամաբանությունն ու հիվանդագին մտասևեռումներն են գրեթե նույնական։
Մարկ Նշանյան