...

Հունիսի 20. մեր արտառոց բացահայտումները

Հունիսի 20. մեր արտառոց բացահայտումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց. «Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: 

Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հաշվի առնելով նաև՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

«ՉԻ». Շատերը սկսեցին դժգոհել, թե սրանով ամառն էլ է հարամվելու: Միանգամից ասենք, որ անկախ նրանից՝ ընտրություններ կլինեին, թե ոչ, ամառն էլ էր հարամվելու, գարունն էլ, աշունն է և նույնիսկ՝ ձմեռը:

Բայց թեմայից շեղվեցինք: Քանի որ էս վերջերս մոդա է դարձել տարբեր տարեթվերի, թվանշանների, իրադարձությունների միջև կապ տեսնելը, ոչ պատահական զուգադիպություններ գտնելը, դավադրություններ տեսնելը, մի հատ մենք էլ փորձենք այդ տեսությամբ հասկանալ, թե արդյոք պատահական է ընտրվել հենց հունիսի 20-ը:

20-ը բաղկացած է երկու թվանշանից. 2 և 0: Օրերս սոցապ նախկին նախարար Կարինե Հակոբյանից իմացանք, որ 2-ը հուդայի թիվն է, դե իսկ 0-ն դատարկություն է: Հիմա. երբ մենք 2-ը բազմապատկում ենք 0-ով, ստանում ենք 0, այսինքն՝ դատարկություն, ոչինչ: Այսինքն՝ համաձայն մաթեմատիկական այս բանաձևի, հունիսի 20-ի ընտրությունները մեզ ոչինչ չեն տալու: 

Հաջորդը՝ երբ 2-ին գումարում ենք 0, ստանում ենք 2, այսինքն՝ Հուդայի թիվը: Իսկ երբ 2-ից հանում ենք 0, էլի 2 ենք ստանում: Այսինքն՝ ոնց անում ես, Հուդան մնում է: 

Հ.Գ. Բայց ամենաուժեղ ոչ պատահական զուգադիպությունն այն է, որ մի 200 (2-0-0, էլի համընկնում) տարի առաջ՝ մարտի 20-ին (!), սկսվեց Նապոլեոն Բոնապարտի իշխանության հարյուր օրը, որն ավարտվեց... հունիսի 20-ին (!): Կարող եք ստուգել, չենք հնարում, սա մեզ տիեզերքից են հուշել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1020 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ