...

Հոյակապ հեռանկարներ հայ-դդմաշենյան հարաբերություններում

Հոյակապ հեռանկարներ հայ-դդմաշենյան հարաբերություններում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին, ըստ որի՝ ՀՀ քաղաքացու անձնագրում կամ նույնականացման քարտում «ծննդյան վայրը» գրության դիմաց պետության փոխարեն կարող է նշվել անձի ծննդավայր հանդիսացող քաղաքը, ավանը կամ գյուղը։ Ընդ որում, դրանցից որը գրել` որոշելու է հենց ինքը` քաղաքացին։

«ՉԻ». Այսինքն՝ մենք այսպես հասկացանք, որ անձնագիրն այլևս հանդիսանալու է ոչ թե ՀՀ քաղաքացու ինքնությունը հաստատող փաստաթուղթ, այլ օրինակ՝ երևանցու կամ հարթաշենցու: Հայաստանի Հանրապետությունն արանքում մի տեսակ վերանում է:

Կարող է պատահել այսպիսի իրավիճակ. մարդը գնում է արտասահման, անձնագիրը նայում են, իսկ այնտեղ գրված է. ծննդավայրը՝ Երանոս: Էդ ստուգողները գետինը կմտնեն, որ մինչև հիմա լսած չեն եղել Երանոս պետության մասին: 

Մյուս կողմից՝ ի՞նչ վատ է. այդպես մեկի տեղը մի հազար հատ պետություն կունենանք: Այդ դեպքում Դդմաշենը կարող է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հոռոմի հետ, Գետազատը սահմանազատման աշխատանքներ կիրականացնի Զոլաքարի հետ: Ահագին հեռանկարներ են բացվում: 

Կարելի է մի քիչ էլ խորացնել այս գործընթացը և թույլ տալ, որ քաղաքացին իր հայեցողությամբ անձնագրում նշի կոնկրետ ծննդավայրը, օրինակ՝ Պլանի գլխի հիվանդանոց կամ «Արթիկ» բժշկական կենտրոն: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ