...

Հրատապ թողարկում

Հրատապ թողարկում

Ազգային բալետի առանձնահատկությունները

Սա այն շաբաթն էր, երբ ռուս-ուկրաինական հարայհրոցը կտրեց հայուգենի ցավն ու վիշտը: Հիմա բոլորը դարձել են ուկրաինագետ ու ռուսագետ: Հայաստանն աուտից դուրս վիճակում է: Աուտ ասացինք, հիշեցինք. սովետի տարիներին «Արարատի» արտագնա խաղերը ռադիոյով էին լսում: Ռադիոռեպորտաժի ընթացքում երկրպագուները՝ հետևելով մեկնաբանի խոսքերին, զայրանում էին, թե ինչու Բաբկեն Մելիքյանը պաս չի տալիս Անդրանիկ Խաչատրյանին, կամ՝ Աշոտ Խաչատրյանը լավ չի հսկում Զավարովին: Խորհուրդներ էին տալիս, թե ով որ գոտում պիտի խաղա, ով որ պահին պիտի հարվածի, չնայած խաղը չէին տեսնում: 

Հիմա նույնն է. ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, բայց ամբողջ թափով բալետ են անում կողմերից մեկին, խորհուրդներ տալիս, թե ռուսները ոնց աքցանի մեջ վերցնեն Խարկովը, ուկրաինացիները ինչով խփեն ռուսական ավիացիային, ջղայնանում են, որ Պուտինը վճռական չի, կամ Արևմուտքը Ուկրաինայի օդը չի փակում: Գրեթե բոլորը դիվանի դիվանագետ են: Թե ինչ պիտի անի այս իրավիճակում Հայաստանը, կամ մեր պետության շահերից որն է բխում, ոչ մեկին հետաքրքիր չի: 

Փղի ու արձանի արանքում

Թե ինչու ենք այս իրավիճակում, թե ինչու մեր ապագան մեզ չի հետաքրքրում, բավական է հայկական հեռուստաեթերին հետևել: Միացնում ես քոչարյանական թիվիները. ստուդիայում մի հատ միջին-վիճակագրական, աֆրիկյան փղի ականջներով բլոգեր է նստած, ու լուրջ-լուրջ ասում է՝ հենց Պուտինը վերցրեց Ուկրաինան, Փաշինյանի վերջը եկել է: Էն մյուս քոչարյանական ալիքում հաղորդավարը մի հատ շիզոլինոտ դեմքի հետ վիճում է, թե որ պահին է Արևմուտքը հանձնելու Փաշինյանին: 

Ալիքը փոխում ես, միացնում «Կենտրոն» թիվին: Շատ հաջող ֆիլմ են ցույց տալիս՝ ֆրանսիական «1+1»-ը: Ֆիլմի սկզբում դեռ էն տիտրերը չվերջացած, կինոն ընդհատվում է, էկրանին է հայտնվում «Հրատապ թողարկում» գրությունը: Մտածեցինք, երևի, վերջ, ռուսական սպեցնազը մտել է Կիև, կամ էլ Բայդենը ատոմային ռումբ է գցել Լենինի դամբարանի վրա:

Էկրանին հայտնվում է հաղորդավարը և հայտարարում. «Իսկ այժմ՝ հրատապ թողարկում... Գագիկ Ծառուկյանը Հիսուս Քրիստոսի արձանի եսիմորերորդ նախագիծն այսօր քննարկեց նախագծի հեղինակի հետ»: Սա էր հրատապ թողարկումը. աշխարհն աշխարհով, էս մարդիկ Քրիստոսի արձանի նախագիծի քննարկումը համարում են հրատապ թողարկման թեմա: Գոնե Արցախի Խրամորթ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսեին: Ուկրաինա, Ռուսաստան, դրանք դեռ մի կողմ:

Բա եթե եթերներում բանական միտքը բացակայում է, ամեն մեկն իր դարդն է քաշում, Քոչարյանը ժամացույցը ձեռքին, նստած հաշվում է, թե երբ պիտի Ուկրաինայի դեպքերն ավարտվեն, որ իրեն պարգևատրեն Հայաստանի վաստակավոր գուբերնատորի կոչումով, էն մյուսն էլ որոշել է բաբելոնյան աշտարակաշինության հայկական վերսիան կյանքի կոչել, մեր գլխի գալիքը որտեղի՞ց իմանանք: 

Կլոունների աստեղային ժամն է

Դրա համար, որ համացանցում մեկը հանկարծ մի ռացիոնալ միտք է հայտնում, երկու կողմից վրա են տալիս. մի կողմն ասում է՝ դու ռուսի գործակալ ես, մյուս կողմը՝ դու Արևմուտքի գործակալ ես: Իրենց ազգայնական համարող ուժեր կան, անունները չտանք, բոլորդ էլ գիտեք, ասում են՝ Հայաստանը պիտի միանա Արևմուտքի պատժամիջոցներին, կամ ինչ-որ կերպ մուննաթ գա Ռուսաստանի վրա: Կան նաև այնպիսինները, որոնք առաջարկում են, վերջն է սա, հակառուսական տրամադրություններ առաջացնող երևույթները՝ ստատուսները, հոդվածները, ելույթները, դրանք բոլորը քրեականացնել:

Ով Ռուսաստանի ու Պուտինի դեմ է խոսում, բանտ նետել: Ու սրանք էլ են իրենց ազգայնական համարում: Ասենք, կլոունը կրկեսում ինչ-որ կլոունություն է անում, մարդիկ խնդում ու ծափ են տալիս, դա հասկանալի է: Բա այդ կլոուններին ինչի՞ են ծափ տալիս, եթեր հրավիրում. չէ՞ որ սրանք կրկեսում չեն: Չնայած, վերջին միտքը վիճելի է. իրենց համար Հայաստանը վաղուց կրկես է, որտեղ ծաղրածուները միշտ էլ հարգի են եղել ու ծափահարություններին արժանի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5973 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ