...

Ի՞նչ անել բանակում հանցագործությունները նվազեցնելու համար

Ի՞նչ անել բանակում հանցագործությունները նվազեցնելու համար

Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է կրիմինալը մեր բանակին ու ժողովրդին պատերազմ է հայտարարել: Այսինքն 1 ամսում 15 սպանությո՞ւն: Անկախ նրանից՝ ինքնասպանություն է, թե պարզապես սպանություն՝ դա անընդունելի է: Պաշտպանության նախարարին ու հրամկազմին մեղադրելու և ամենաանհավանական ենթադրություններ անելու փոխարեն, առաջարկում եմ հետևյալը:

24 ժամում հայտնաբերել զորամասերում հայտնված «ավտարիտետներին» և այսպես կոչված գողականներին ու ստեղծել դրանցից դիսբատ (дисциплинарный батальон): Այնուհետև ձմեռը ուղարկել Օմարի դիրքերը պաշտպանելու- 35-50 աստիճան «մառոզին», իսկ ամառն էլ Հորադիզ նույն աստիճան «ժարիտներում»: Կտեսնեք այդ «պռաշլյակները» և իրենց ծնողները ոնց են խելքի գալիս:

Շատ հեշտ է դա անել, քանի որ բոլոր զորամասերի հրամանատարները և իրենց մոտ ծպտյալ ծառայող «ասոբիստները» անգիր գիտեն այդ «խառոշիներին»: Ու վերջ, ամեն ինչ տեղը կընկնի և հայոց բանակը կսկսի հանգիստ կատարել իր սուրբ պարտականությունները: Իսկ հասարակությունը հանգիստ շունչ կքաշի և այլևս ծնողները չեն վախենա իրենց երեխաներին բանակ ուղարկել:

Ես ժամանակին այդպիսի մեկ-երկու դեպք ունեցել եմ և հայտնաբերել իմ զորամասում և այդ մոլախոտերին ուղարկել Օմար՝ դարձնելով նրանց սպիտակ արջի և կուռկուռի ձագ: Այդ մարդիկ հիմա հանրապետությունում շատ հայտնի, օրինապաշտ քաղաքացիներ են: Եթե վստահեք ինձ այդ առաքելությունը, սիրով պատրաստ եմ իրականացնել մեր բանակի առողջացման այդ ծրագիրը»:

Արթուր Ալեքսանյանի խոսքում տրամաբանություն կա: Դեռ խորհրդային բանակում կար կարգապահական գումարտակ՝ դիսբատ, որտեղ ուղարկում էին ծառայության ընթացքում զանցանքներ կատարած զինվորականներին: Կարելի է, իհարկե, այստեղ էլ նման գումարտակներ ստեղծել: Ավելին, դիսբատում ծառայությունը պետք է պարտադիր ժամկետային ծառայությունից դուրս հաշվարկել, այսինքն՝ դիսբատում ծառայությունից հետո զինծառայողը նորից պետք է վերադառնա իր հիմնական ծառայությանը: Եթե ոչ ամբողջ ժամկետով, ապա գոնե դրա կեսի չափով: Հնարավոր է, որ սա որոշ չափով քրեական տարրերի ակտիվությունը բանակում թուլացնի:

Մյուս կողմից՝ Ամարասի Արթուրը ինքն իրեն հակասել է: Կամ էլ՝ փորձել է վարպետորեն շրջանցել մի կարևոր հանգամանք. ինքն ասում է, որ բոլոր զորամասերի հրամանատարները և իրենց մոտ ծպտյալ ծառայող «ասոբիստները» անգիր գիտեն այդ «խառոշիներին»: Ու չգիտես ինչու, առաջարկում է դիսբատ ուղարկել միայն «ավտարիտետներին» և այսպես կոչված գողականներին: Իսկ դրանց լավ ճանաչող, անգիր իմացող ու նրանց հանցագործությունների դեմ չպայքարող հրամանատարներին պատիժ չի հասնո՞ւմ: Ինչո՞ւ է Արթուր Ալեքսանյանը շրջանցել այս հարցը: Դե, եթե անգիր գիտեն «խարոշիներին», ուրեմն, լավ էլ գիտեն, թե ինչ է կատարվում զորամասում: Ասել ես, մինչև վերջ ասա. հենց որ բանակում տեղի ունեցող հանցագործությունների համար նաև հրամանատարներին պատժեն, նրանց էլ ուղարկեն Օմար, դիսբատ, հավատացնում ենք, հանցագործությունների քանակը կտրուկ կնվազի:

Բայց իրականում խնդիրը սրանով չի լուծվի, ավելին, բանակում այս սպանություններ-ինքնասպանությունների սոսկալի վիճակագրությունը միայն քրեական բարքերով չէ պայմանավորված: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և քայլեր, որոնցից գլխավորը բանակը հասարակական վերահսկողության տակ վերցնելն է: 

Շատ են, չէ՞, ասում, որ բանակը հասարակության հայելին է ու հաճախ էլ դրանով են պատճառաբանում բանակում քրեական բարքերն ու ոչ կանոնադրական հարաբերությունները: Իրականում այդպիսի բան չկա, դա թյուր տեսակետ է: Հասարակության հայելին այսօր խորհրդարանն է և գործադիր իշխանությունը, մինչդեռ քաղաքացիական հասարակության կողմից բանակի վերահսկման մեխանիզմներ չկան: 

Համարվում է, որ մենք պատերազմի մեջ ենք, բանակը սրբություն է, այդ թեման նուրբ է, այն չպետք է շահարկվի, դա կհարվածի բանակի հեղինակությանը նմանատիպ՝ տարիներով ձևավորված կարծրատիպեր: 

Սկսենք այնտեղից, որ բանակում մահվան ցանկացած դեպք՝ լինի դա սպանություն, ինքնասպանություն կամ դժբախտ դեպք, ինքնին արդեն մեծ հարված է բանակի հեղինակությանը: Սովորական քաղաքացիների մոտ դա անմիջապես պաշտպանական ռեակցիա է առաջացնում. մարդիկ սկսում են մտածել. իմ զավակը ինչո՞ւ է բանակ գնում, հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելո՞ւ, թե՞՝ գնա ինչ-որ գյադեքի ծաղրուծանակի առարկա դառնա, ենթարկվի ճնշումների, ծեծի ու կտտանքների: Այդ մարդկանց մոտ բանակը դադարում է լինել հպարտության օբյեկտ, ճիշտ հակառակը՝ շատերը այն սպանդանոց են համարում: Մսաղաց: 

Այս տարի մահվան ելքով արդեն մոտ 20 դեպք է գրանցվել բանակում, և այդ դեպքերից յուրաքանչյուրի հետաքննության վերաբերյալ հանրային անվստահություն կա: Մարդիկ կասկածում են, որ սպանություն-ինքնասպանություններով գործով օբյեկտիվ հետաքննություն է տարվում, քննիչներն ու դատախազները անաչառ են, փաստերն ու հանցանշանները չեն կեղծվում, իրական հանցագործներին չեն բացահայտում: Հետևաբար, պետք է այս ամենը վերահսկող մեխանիզմներ լինեն:

Քաղաքացիական կյանքում, խաղաղ պայմաններում քրեական տարրեր չկա՞ն: Կան: Բայց նրանք մարդկանց ամեն օր չեն ճնշում, չէ՞, չեն ծեծում, սպանում, նրանց հագուստը վերցնում, դրսից ուղարկած տրանսֆերտները խլում: Եթե ինչ-որ հանցանք էլ կատարում են, ապա կան իրավապահ մարմիններ, որոնք քննություն են կատարում, բացահայտում մեղավորներին, պատժում: Եթե իրավապահ մարմինները վատ են աշխատում, թերի քննություն են տանում, դա գաղտնի չի մնում, մամուլը դրան անդրադառնում է, քաղհասարակության կառույցները այդ մասին թմբկահարում են: Կա իշխանություն, որը այդ ամենի հիման վրա կարող է միջոցներ ձեռնարկել, ինչ-որ մարդկանց աշխատանքից ազատել և այլն: Այսինքն, այստեղ քաղաքացիական վերահսկողության որոշակի մեխանիզմներ կան, որոնք թույլ չեն տալիս քրեական տարրին սանձարձակ լինել:

Բանակի դեպքում այդպես չէ: Շատ հաճախ մենք այդպես էլ չենք իմանում, թե զինվորը ինչպես է զոհվել, մահացել, սպանվել, ինքնասպանություն գործել: Ոնց, երբ, որտեղ, ինչպես է հետաքննությունն իրականացվել, որքանով է այդ հետաքննությունը օբյեկտիվ: 

Բայց սա էլ մի կողմ. մենք չգիտենք, թե զորամասերում ինչ է կատարվում: Կյանքն այնտեղ ինչպես է ընթանում: Ինչպես են զինվորները հարաբերվում, ինչ բարքեր են այնտեղ, ինչպիսին են զինվոր-սպա հարաբերությունները, սպայական անձնակազմը ինչպես է պայքարում քրեական բարքերի դեմ: Հազար ու մի հարց կա, որոնց պատասխանները չունենք, բացի մեկից՝ բանակը գաղտնի բան է, նրա հետ կապված տեղեկությունները գաղտնի են և այլն: Սա լրիվ դեմագոգիա է:

Մենք հո չենք ասում, մեզ ցույց տվենք զորքերի տեղաբաշխման քարտեզները, կամ զինվածության աստիճանը, կամ նմանատիպ տեղեկություններ, որոնք իսկապես գաղտնի են և դրանցով նույնիսկ հետաքրքրվելն է արդեն հանցավոր: Մենք ասում ենք, ՊՆ զորամասերում քաղաքացիական վերահսկողության որևէ մեխանիզմ չկա: Փակ, արգելված գոտի է: Խնդիրները այստեղից են սկսվում. Շատ հանցագործություններ կատարվում են հենց այն պատճառով, որ դրանք ծնող պատճառների կանխարգելման որևէ ձև հանրությունը չունի: 

Ուրեմն, պետք է այդ մեխանիզմները ստեղծել. Արթուր Ալեքսանյանի առաջարկը թող ուժի մեջ մնա, բայց մենք էլ մի քանի պարզ բան առաջարկենք:

Նախ, բոլոր զորամասերում պետք է տեսախցիկներ տեղադրվեն: Զորամասի շենքի բոլոր հարկերում, բոլոր կազարմաներում, զորամասի ամբողջ տարածքում, որպեսզի այն ամբողջությամբ տեսանկարահանվի: Այսինքն, զորամասային ամբողջ կյանքը պետք է տեսախցիկների օբյեկտիվի տակ վերցվի: Սրա համար մեծ գումարներ պետք չեն, փոխարենը սա թույլ կտա վերահսկել զորամասում զինծառայության ընթացքը, եթե ինչ-որ հանցագործություններ կատարվեն, տեսագրությունների միջոցով դրանք բացահայտել, և իհարկե՝ դրանք հանցագործությունների կանխարգելման լուրջ գործիք կդառնան: Այդ տեսախցիկները մեզ չեն պետք, այլ՝ բանակի ղեկավարությանը: Սա զուտ ներքին օգտագործման համար պետք է լինի:

Երկրորդ՝ ստեղծվի ռազմական օմբուդսմենի ինստիտուտը, որը կունենա նույն գործառույթները, ինչ՝ քաղաքացիական ՄԻՊ-ը:

Եվ երրորդ. ՀՀ ՊՆ-ին կից գործող աշխատանքային խումբ ձևավորել, որը պարբերաբար մոնիտորինգի կենթարկի զորամասերը և այդ մոնիտորինգի արդյունքները կներկայացնի բանակի և ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հանձնաժողովին ղեկավարությանը: Այդ խմբի գործը պետք է լինի պարբերաբար այցելել զորամասեր, ներսից ծանոթանալ ծառայության պայմաններին, սնունդ, հագուստ, իրավիճակ, մի խոսքով՝ ամեն ինչ: Պարբերաբար պետք է այցելեն: Դա նաև զորամասերի հրամանատարական կազմերին կստիպի զորամասերում կարգ ու կանոնի հաստատման ուղղությամբ ոչ թե ձևական, այլ՝ իրական քայլեր ձեռնարկել՝ խմբի զեկույցներում բացասական առումով չհայտնվելու համար: Եվ իհարկե, նման մոնիտորինգային խմբերում պետք է ընդգրկված լինեն բացառապես ՀՀ զինված ուժերում ծառայած անձինք, որոնք՝ այսպես ասած, ներսից գիտեն բանակի կյանքը և նրանց աչքից չի վրիպի այն, ինչը անտեսանելի է բանակում չծառայած մարդու համար: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2214 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ