...

Ինչ խնդիր տեսանք ԱԺ շքեղաշուք այգում

Ինչ խնդիր տեսանք ԱԺ շքեղաշուք այգում

Գոնե երկու բիոզուգարան կարելի է տեղադրել…

Հավանաբար քչերը գիտեն, որ աշխարհի պետություններից տասի պառլամենտի շենքերը ճանաչվել են որպես լավագույն ճարտարապետական ինքնատիպ կոթողներ, որոնց թվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքն իր լանդշաֆտային դիրքով, բարեկարգ այգիով (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան):

Ազգային ժողովի համալիր-կառույցն իր գոյության ընթացքում երկրորդ անգամ՝ 2019-ին, բացեց իր այգու դռները հանրության առջև (առաջինը 1991-ին էր):

Չզարմանաք, այս այգի օտարերկրացի զբոսաշրջիկներ էլ են այցելում. նստում-հանգստանում են, լուսանկարում-լուսանկարվում են կառույցի ֆոնին, ցուցահանդեսներ, հանդիսություններ են կազմակերպվում:

Այգին գրավիչ է նրանով, որ լայնաշունչ է, մաքուր է, կան նստարաններ, աղբամաններ, շատրվան, «գիլիոտինի» տեսքով ցայտաղբյուր (ասում են՝ «գիլիոտինի» գաղափարը Գալուստ Սահակյանինն է):

Այգին գրավիչ է նաև նրանով, որ տարածքի հասարակական կարգը հսկող կոկիկ ոստիկանները աչքի են ընկնում բարեկիրթ վերաբերմունքով ու գրագետ խոսքով:

Սակայն մի տհաճ իրողություն էլ կա. այգում չկա սանհանգույց: Այցելուներից հատկապես ծերերը, երեխաները, նույնիսկ օտարերկրացի զբոսաշրջիկները հաճախ են հայտնվում անհարմար վիճակում: Իսկ այգում հերթապահող ոստիկաններից ոմանք արագ քայլքով, երբեմն՝ գրեթե վազքով մղվում են Ազգային ժողովի այգու աջակողմյան հարևանությամբ՝ Սիրահարների այգու զուգարան կտրելով կրկնակի 250 մետր ճանապարհ: Ինչ խոսք, Սիրահարների այգու զուգարանի սանիտարական վիճակը գերազանց է. ընդարձակ է, կահավորված է, տաքացվում է և որ ոչ պակաս կարևոր է՝ անվճար է:

Կամ՝ ոստիկանները այցելում են Ազգային ժողովի այգու ձախակողմյան հարևանությամբ՝ Հայաստանի ճարտարապետների պալատ: Պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը թույլ է տվել ոստիկաններին օգտվել պալատի շենքի զուգարանից:

Ի դեպ, Ազգային ժողովի այգում հերթապահող ոստիկաններին արգելված է օգտվել այգու անկյունում գտնվող ընդունարանի շենքի սանհանգույցից:

Մնում է հուսալ, որ Ազգային ժողովի այգու սանհանգույցի խնդիրը չի քաղաքականացվի, այլ՝ կապահովվի այգու բնականոն շահագործումը բոլոր այցելուների և ոստիկանների համար:

Գոնե երկու բիոզուգարան կարելի է տեղադրել…

Հ.Գ.  Նշված մտահոգությամբ՝ փետրվարի 27-ին նամակով դիմել ենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Մարտին և Արամայիս Ասլանյաններ
ճարտարագետ-նախագծողներ

14.03.2020

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   68466 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ