Այն բանից հետո, երբ Գարեգին Բ.-ն հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հայտարարությամբ և նրա հասցեին քննադատության տարափ տեղաց, միանգամից առաջացավ սրբապաշտների մի բանակ, որը Կաթողիկոսի հասցեին ցանկացած քննադատություն համարում է սրբապղծություն, ոտնձգություն Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, իբր Գարեգին Բ.-ն աստծո օծյալն է, նրա քայլերը անքննելի են, որ սրանով մեր եսիմքանիհազարամյա արժեքների դեմ են դուրս գալիս ու էլի նման բաներ: Եվ իհարկե, այս ամենը շաղախված փչացած «պլաստինկայի» երգերով՝ ջհուդամասոնական դավադրություններ, սորոսական պատվերներ, դրսի ուժեր և այլն:
Բայց մենք ուշադրություն դարձրեցինք մեկ այլ հանգամանքի վրա. այս «սրբապաշտների» բանակից գոնե մի հոգի այդպես էլ ծպտուն չի հանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանի պատմության վերաբերյալ:
Տեր Վահրամը, եթե հիշում եք, մոտ 2 ամիս առաջ անձնական երաշխավորություն էր ներկայացրել և 15 միլիոն դրամ վճարել՝ գործարար Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու համար: Ընդ որում, Սամվել Մայրապետյանն էլ մեղադրվում էր ոչ թե կարմիր լույսի տակով անցնելու, այլ մարտի 1-ի գործի շրջանակներում 7 միլիոն դոլար գումար կաշառք ստանալու մեջ:
Դեռ մի կողմ դնենք 15 մլն դրամը, որը Տեր Վահրամը իբր վճարել էր: Ու մեկը այդպես էլ չեղավ, որ հարցնի, թե որտեղի՞ց քեզ այդ գումարը: Խոսենք անձնական երաշխավորության մասին: Դա ի՞նչ է նշանակում. որ մարդը իր հեղինակությունը, արժանապատվությունը դատարանում գրավ է դնում՝ մարդուն ազատ արձակելու դիմաց: Ասում է՝ ես այնքան հեղինակություն ունեմ, որ երաշխավորում եմ, մեղադրյալին որ բաց թողնեք, ինքը ազատության մեջ չի խոչընդոտի նախաքննությանը: Ազնիվ խոսք եմ տալիս:
Ու Տեր Վահրամի անձնական երաշխավորությամբ Սամվել Մայրապետյանին ազատ են արձակում, իսկ վերջինս էլ վերցնում ու փախչում է արտասահման: Վերջ: Այսինքն՝ Տեր Վահրամը դրժել է իր խոստումը, երաշխիքները սուտ են դուրս եկել: Այսինքն՝ Սամվել Մայրապետյանը իր փախուստով հեղինակազրկել է իր համար երաշխիքներ տված հոգևորականին:
Այս թեմային ոչ ոք չի անդրադարձել. մի հատ Աբրահամ Գասպարյան կար, Հ1-ի նախկին հաղորդավար էր, հիմա քոչարյանական լրատվամիջոց է տեղափոխվել, երկու օր է, իրեն ճղում է, թե հայ-հարայ, էս ո՞նց եք խոսում մեր սուրբ Գարեգին Կաթողիկոսի մասին, նրան քննադատողները սրբություն չունեն, հասեք, փրկեք մեր Կաթողիկոսին: Բա մի բերան էլ Տեր Վահրամի մասին խոսեք: Ո՞նց եք հանդուրժում, որ նման հեղինակազուրկ և անարժանապատիվ հոգևորականը Սամվել Մայրապետյանի փախուստից հետո այդքան բարձր պաշտոն ունենա Մայր Աթոռում: Կաթողիկոսը ինչո՞ւ մինչև հիմա Տեր Վահրամին կարգալույծ չի արել: Չի ասել, այ ընկեր, դու խայտառակել ես Եկեղեցին, քո պատճառով մարդիկ մտածում են, թե Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներն այնքան հեղինակություն չունեն, որ նրանց երաշխավորությամբ ազատ արձակված հանցագործները չփախչեն:
Իսկ կաթողիկոսը նման բան չի ասել: Ընդհակառակը, մի ուրիշ հանցագործի համար էլ ինքն է միջնորդություն ներկայացնում: Ու այս մասին վարձու «սրբապաշտները» չեն խոսում, որ Եկեղեցուն ամենաշատը հեղինակազրկել է Տեր Վահրամը, որը նույնիսկ մի հատ ներողություն չի խնդրել, էլ ուր մնաց՝ լքեր Մայր Աթոռի տարածքը ու գնար, մի տեղ գետինը մտներ: Իրենք նորմալ են համարում դա. հա, դե հիմա փախել է, փախել է, հո աշխարհի վերջը չի՞:
Աշխարհի վերջը չի, իհարկե, բայց այսպիսի հոգևորականներով Հայ Առաքելական եկեղեցու վերջն են տալիս, որովհետև երբ եկեղեցին հեղինակություն ու արժանապատվություն չի ունենում, ուրեմն՝ չի ունենում ոչինչ: