...

Ինչո՞ւ եք մարդկանց հացին վայիս լինում

Ինչո՞ւ եք մարդկանց հացին վայիս լինում

Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վրդովված են: Ինչպե՞ս կարելի է այլևս չլսել իրենց միջնորդությունները և անցնել դատաքննության փուլ:

Փաստաբանների բողոքն իսկապես արդարացի է: Չի կարելի աղքատ ու գործազուրկ երկրում վնասել մարդկանց օրինական ճանապարհով փող աշխատելուն: Դատաքննության դեպքում որոշ ժամանակ անց Ալումյանը և կոմպանիան կզրկվեն հարուստ վստահորդի ֆինանսական աջակցությունից: Մինչդեռ պետությունը պետք է շահագրգռված լինի, որ աշխատատեղերը պահպանվեն և մարդիկ չմտածեն արտագաղթի մասին: Եթե փաստաբաններից որևէ մեկը արտագաղթի, ապա դա միանշանակ գործող իշխանության մեղքը կլինի:

Առաջարկում ենք իշխանությանը վերանայել իր ազգակործան, տնտեսության այլևս լուրջ ճյուղ համարվող փաստաբանության ինստիտուտը կազմաքանդելու քաղաքականությունը:

Պետք է ևս երկու տարի լսել Քոչարյանի փաստաբանների գանգատները: Օրինակ՝ իրենց առողջության մասին: Չիմանա՞նք, թե այդ մարդիկ ինչ խնդիրներ ունեն:

Այնուհետև կարելի է ևս 2 տարի լսել փաստաբանների «զրիցները» պետության և իրավունքի տեսության մասին: Ի՞նչ իմանաս, կարող է պարզվի, որ սպարտացի լեգենդար Լիկուրգը մի երկու տողով էլ անդրադարձել է Քոչարյանին և համոզմունք հայտնել, որ աստվածները կողմ են Քոչարյանի կողմից Երևան բանակ մտցնելուն:

Անպայման երկու տարի պետք է հատկացնել դատախազների ու Մարտի 1-ի տուժածների իրավահաջորդների փաստաբանների՝ Հայաստանի այս կամ այն անկյունը այցելելուն: Եթե պարզվի, որ դատախազը և որևէ փաստաբան նույն ժամանակահատվածում եղել են, օրինակ, Շիրակի մարզում, գործը պետք է կարճել:

Եթե վերոհիշյալ պահանջները չկատարվեն, կարելի է արձանագրել, որ գործ ունենք թե՛ քաղաքական հետապնդման, թե՛ փաստաբանների հացին վայիս լինելու հանգամանքների հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1603 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ