...

Ինչո՞ւ հենց հիմա տրվեց «Բադենգեյթսի» մեկնարկը

Ինչո՞ւ հենց հիմա տրվեց «Բադենգեյթսի» մեկնարկը

Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են Նիկոլ Փաշինյանի աշխատաոճին, շունչները պահած սպասում են՝ տեսնեն ի՞նչ նոր պատուհասներ է բերելու Հայաստանի գլխին։ Սերժ Սարգսյանի՝ նախագահության տասը տարիների ընթացքում պետական ինքնաթիռով 16 անգամ Բադեն-Բադեն մեկնելու վերաբերյալ տեղեկությունները և դրա շուրջ քարոզչական աղմուկն իշխանությունները հենց այնպես չէին օգտագործի։ Կսպասեին ամենահարմար պահին, երբ անհրաժեշտ կլիներ շատ արագ հասարակության ուշադրությունը շեղել ավելի կարևոր հարցերից։ Ու եթե այդ ինֆորմացիոն ռումբը հիմա է պայթում, նշանակում է՝ իշխանություններին հենց հիմա է պետք շեղել հասարակության ուշադրությունը։

Խնդիրն այն չէ, թե քանի անգամ և ում հաշվին է Սերժ Սարգսյանը թռել Բադեն-Բադեն։ Ի վերջո որևէ մեկի համար դա առանձնապես գաղտնիք էլ չէր, իսկ իշխանությունները երեքուկես տարի ժամանակ ունեին նախագահական ինքնաթիռի չվերթները ստուգելու, և եթե հանցակազմն ակնհայտ է՝ քրեական գործեր հարուցելու համար։ Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է դա արվում հատկապես հիմա։ Որպեսզի երկրորդ պլա՞ն մղվի Գորիս-Կապան ճանապարհի վերջնական փակումը։ Իսկ որ դա ընդամենը օրերի հարց է՝ որևէ մեկն այլևս չի կասկածում։ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես ընդունեցին, որ ադրբեջանցիներն անցակետերը տեղադրել են իրենց տարածքում, երկու օր անց ադրբեջանցիները սկսեցին ստուգել նաև ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաները, մի քանի օր անց որևէ մեքենայում «թմրամիջոցներ կհայտնաբերեն» ու վարորդներին կձերբակալեն, և վերջ, որևէ մեկն այլևս այդ ճանապարհից չի օգտվի։ Հնարավոր է նաև, որ սա ավելի երկարաժամկետ օպերացիա է՝ Նիկոլ Փաշինյանը «Բադենգեյթի» մեկնարկի հրամանը տվել է այն հաշվարկով, որ հետագա սենսացիաների պիկը համընկնի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ընդ որում, նրա տեսանկյունից դա արդյունավետ կլինի ոչ միայն հասարակության ուշադրությունը շեղելու առումով, այլև այն պատճառով, որ նման սենսացիաների արդյունքում խորհրդարանական ընդդիմությունը խոսելու տեղ չի ունենա և սուսուփուս վեր կընկնի տեղը։

Այ սրա համար էինք ժամանակին ասում, որ խորհրդարանում պիտի նորմալ ընդդիմություն լինի, որ չի կարելի խորհրդարան անցկացնել այնպիսի ուժերի, որոնց լիդերներն իրենց իշխանության տարիներին միլիարդներ են կուտակել ու թրև եկել հունական կղզիներում կամ Բադեն-Բադեններում։ Բայց՝ չէ, ժողովրդի ավելի քան 80 տոկոսը գնաց ու ձայն տվեց կամ խայտառակ պարտության գլխավոր մոդերատորին, կամ 20 տարի շարունակ այդ պարտությունը խնամքով նախապատրաստածներին։ Ու հիմա մարդիկ շվարած միմյանց երեսի են նայում՝ ախր իրար արժեն ու երկուսն էլ ճիշտ են․ նրանք իսկապես անհայրենիք թալանչիներ էին, սրանք էլ իսկապես անհայրենիք հողատուներ են։ Բայց շվարած միմյանց երեսի նայելով էլ շարունակում են իներցիայով վիճել, թե ո՞րն է ավելի վատ՝ երկիրը թալանելն ու միլիարդներ կուտակե՞լը, թե՞ փնթի արկածախնդրությամբ ու հանուն սեփական ամբիցիաների երկիրը կործանման եզրին հասցնելն ու հազարավոր կյանքեր խլելը։

Քանի դեռ մեր ներհասարակական հիմնական դիսկուրսը սա է՝ այս կործանարար ընթացքը շարունակվելու է։ Տիգրանաշենում ադրբեջանցի ոստիկաններ հայտնվեն՝ հաջորդ օրը որևէ «անկախ լրատվամիջոց» հետաքննելու է, ասենք, Քոչարյանի ունեցվածքն Աֆրիկայում, մյուս օրը թշնամին մի քիչ էլ խորանա՝ սրա-նրա անձնական կյանքի վերաբերյալ սենսացիոն տեսանյութեր են հրապարակվելու, և այդպես շարունակ։ Ու կատաղի վեճերը, թե որն է ավելի վատ, շարունակվելու են։ Թեև ցանկացած պահի էլ կարող են հաշտության եզրեր գտնել կախարդական բանաձևի շնորհիվ՝ «սաղ Լևոնն ա մեղավոր»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1741 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ