...

Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի

Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի

Բանակի զոհերը արդեն բոլոր «թույլատրելի» սահմաններն անցնում են: Բայց հարցնող լինի՝ ինչու՞ են բոլորը զոհվում հենց Ղարաբաղում: Դա ի՞նչ ագրեսիա է հայաստանցի զինվորի հանդեպ: Էս ի՞նչ չհայտարարված պատերազմ է հայաստանցի զինվորի նկատմամբ: 

Ինչ-որ մեկը Ղարաբաղում արդեն տեղը տեղին համը հանում է: Բոլոր այդ «ինքնասպանությունները», բոլոր այդ «ոչ կանոնակարգային հարաբերություններն» արդեն դառնում են ծիծաղելի: Ինքնասպանությու՞ն է, կանգնեք զինվորի գլխին, թող չկրակի իր վրա, ոչ կանոնակարգային հարաբերությու՞ն է, կանոնակարգեք էդ անտեր հարաբերությունները, թող զինվորներն իրար չնայեն թշնամու նման: 

Ինչու՞ են բոլորը զոհվում Ղարաբաղում և ինչու՞ են բոլոր զոհերը հայաստանցի: Կարիք կա՞ր, որ էս մասին էսքան բաց ասվեր: Ղարաբաղում Նիկոլ Փաշինյանի՞ց եք ձեր վրեժը լուծում: Էդ մարդուն կանչեք Ղարաբաղ կամ դուք եկեք Հայաստան և փորձեք հասկանալ՝ ի՞նչ խնդիր կա ձեր միջև, հատկապես ի՞նչը չեք կիսում, որ մեր տղաներով եք ուզում կիսել: Այդ տղաները մարդկային կյանքեր են, դրանք մսացու չեն: Այդ զոհերը ձեր կոնկրետ անվտանգությունն են, նրանց որ սպանում եք, հետո ումո՞վ եք խոսելու տարածաշրջանում ամենակայացած բանակի մասին: 

Փաշինյանը մեծ-մեծ խոսում է սրան կամ նրան ասֆալտին փռելու մասին: Հայաստանցի զինվորներ են «մատաղ» լինում Ղարաբաղում, իրեն դա հետաքրքիր չէ՞: Ի վերջո մեծ հաշվով դա իր կռիվն է, կարծես թե Ղարաբաղում իրեն չընկալելու պատճառով են մեր տղաները «ինքնասպանվում»: Ինչու՞ ոչ մեկին մինչև հիմա ասֆալտին չի փռել: Մեծ-մեծ խոսելո՞վ է: Էդ տղաները մեծ հաշվով գնում են կրակի բերան ու էդ կրակը հակառակորդի զենքը չէ, պարզվում է՝ էդ կրակը Հայաստան-Արցախ հարաբերություններն են, որոնք մեր զինվորի գործը չեն: Ինքը բոլորովին այլ սահմանին է կանգնած, որի մյուս կողմում Ադրբեջանն է: Մինչդեռ զոհվում է ամենևին ոչ ադրբեջանցու գնդակից: Ի՞նչ եք ուզում այդ տղաներից: Նստեք և խոսեք իրար հետ: Ղարաբաղում հենց ինչ-որ մեկին դուր չի գալիս Փաշինյանը կամ նրա որևէ արտահայտություն, անմիջապես մի դիակ են «հրամցնում»: 

Կարո՞ղ են այստեղ՝ Հայաստանում ոմանք այդ դիակներն ընդունել ի գիտություն ու փորձել զբաղվել, փորձել հասկանալ՝ լավ, ինչու՞ հենց հայաստանցի զինվոր է մեռնողը: Ինչու՞ հենց նրան հասցրեցին ինքնասպանության, ինչու՞ հակառակորդի գնդակը հենց նրա գլուխը գտավ, էս ի՞նչ խաղեր են: Այստեղ Փաշինյանը լայվերով ու ոտանավորներով ոսոխներ է ծնկի բերում: Գնա ու քո զինվորին, քո քաղաքացուն, քո դեմոգրաֆիական հրաշքի ներկայացուցչի գոյության իրավունքը պաշտպանիր, գնա ու հասկացիր, թե ինչու՞ է քո ինչ-որ հայտարարությունը դառնում ցինկե դագաղ ու վերադարձվում հայաստանցի մորը, գնա ու հասկացիր՝ Ղարաբաղում ովքե՞ր չեն ուզում Հայաստանի ու Արցախի միասնությունը կամ ըմբռնումը: Մինչև չգնաս կամ մինչև չհասկանաս, դու Արցախ ոչ թե զինվոր ես ուղարկում, այլ՝ պատանդ կամ մսացու: Քանի դեռ դու չունես այդ սպանությունների ու ինքնասպանությունների պատասխանը, դրանք դիտավորյալ սպանություններ են, ինչ-որ մարդիկ կոնկրետ զբաղված են մարտի 1-ի դիպուկահարի աշխատանքով: Գնա ու ասա՝ հարգելի գեներալիտետ, մենք ոնց որ թե իրար լավ չենք հասկանում: Գնա ու նայիր նրանց աչքերի մեջ, թող էնքան հստակ խոսեն, որ դու հասկանաս՝ այսուհետև Ղարաբաղ զինվոր ուղարկել պե՞տք է, թե պետք չէ: Դա դու պիտի անես, դա նույնիսկ Բակո Սահակյանը չպետք է անի: Բայց գնա կամ նրանց կանչիր այստեղ՝ Հայաստան: Որովհետև դու ի վերջո նրանց հետ խոսելու ես քո զինվորի կյանքի իրավունքի մասին: Հո քո խնդիրը միայն մի քանի զորամասերում հացի որակի հարցը լուծելը չէ՞ր: Էստեղ մայրեր են վալերիանի կաթիլներով երկու տարի գլորում: Նրանք հո չգիտե՞ն, որ Ղարաբաղում ինչ-որ բարձրաստիճաններ Նիկոլ Փաշինյանին չեն սիրում: Մայրերը հո չգիտե՞ն, որ չսիրողների համար իրենց որդին մսացու է: Եկավ զորամաս, վերջ, թող Փաշինյանը ռիսկ անի, ու հակաղարաբաղյան մի բան ասի: Փաշինյանը տեսնում է, չէ՞, որ մեռնում են մարդիկ: Տեսնում է ու շատ հստակ է տեսնում: Բա ի՞նչ անենք, որ խոսի: Բա էն մայրերը, որոնք դեռ որդի ունեն բանակ ուղարկելու, ի՞նչ մտածեն՝ նվիրաբերու՞մ են էդ որդիներին, նրանք ու՞մ թիրախն են իրենց համար անհասկանալի Հայաստան-Արցախ հարաբերություններում: Էդ էրեխեքը դեռ կարգին չեն էլ իմաստավորել, թե ինչ է Հայաստանը և ինչ է Արցախը: Մինչդեռ նրանցով կռիվ-կռի՞վ եք խաղում: 

Գնացեք ու լեզու գտեք իրար հետ: 43 օրում 10 զոհ: Կներեք, մենք ինչի՞ տեր ենք, որ մեր տղաներին ուղարկենք իրենց համար անհասկանալի ինչ-որ իրականություն, որտեղ զենք բռնողն իրենք են, բայց պաշտպանվելու ոչ մի հնարավորություն: Նույնիսկ չեն էլ հասցնում հասկանալ, թե իրականում ինչու՞ սպանվեցին: Հարգելի վարչապետ, գնացեք Ղարաբաղ կամ ում որ պետք է կանչեք այստեղ ու հարցրեք՝ ձեզ զինվոր պե՞տք է: Եթե իսկապես պետք է, հասկացրեք, որ ապրող զինվորը լավ է նայվում: Ոչ ոք կրակը չի ընկել, որ մի տեղ հեղափոխություն է եղել, իսկ մյուս տեղում դեռ ռազմական ճամբար է, որն ընկալելի է, հասկացանք: Բայց գեներալիտետը կամ ինչ-որ ուժեր համը կոնկրետ հանում են: Ու սրանով զբաղվել է պետք: Եթե Արցախում բավարար ասֆալտ չկա ինչ-որ մարդկանց փռելու համար, այստեղ կգտնվի: 

Հեթում Մարտիրոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   60131 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ