Վարչապետն այլևս կանխատեսելի է։ Վերաթողարկում ենք առնվազն մեկ ամիս առաջվա նյութը։
Ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձները՝ Հայաստանում տոնական օրերի առթիվ:
Հունվարի 1. Նոր Տարի
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:
Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս հերթական տարուն: Նախորդ 30 տարիներին Ամանորն ու Սբ. Ծնունդը նշվում էին առանց պետական հայեցակարգի: Աղքատությունը, հուսալքվածությունը, համատարած կոռուպցիան թույլ չէին տալիս մարդկանց հավեսով դիմավորել Նոր Տարին: Թավշյա հեղափոխությունից հետո այժմ քաղաքացիները ժպիտը երեսներին են քեֆ անում: Բավական է ասել, որ վերջին 2 տարում խոզի բդի վաճառքը 2017 թվականի համեմատ աճել է 241,3 տոկոսով:
Եվ ուրեմն, այսուհետ մենք ինքներս ենք կերտելու մեր Նոր Տարին: Կեցցե՜ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, որը ձեր տուն Ամանոր բերեց:
Մարտի 8. Կանանց օր
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ կանայք:
Մարտի 8-ը մեր բոլոր մայրերի, կանանց, քույրերի և աղջիկների համար նվիրական տոն է: Նախորդ 30 տարիներին այս տոնը մթագնվել է բազմաթիվ հոռի երևույթներով և բարքերով, որոնց պատճառով նսեմացված էր կնոջ դերը հանրային-հասարակական կյանքում: 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո հայ կինը վերստին գտավ իր արժանապատվությունը: Երբեք մեր կանայք այսքան ազատ ու անկաշկանդ չեն եղել, ինչպես վերջին երկու տարում: Բավական է ասել, որ 2017 թվականի համեմատ կանանց դերը աճել է 127,8 տոկոսով, կանանց նկատմամբ բռնությունները նվազել են 197,0 տոկոսով: Այժմ կինն է կերտում իր ճակատագիրը, ինչը աննախադեպ է հայոց ողջ պատմության ընթացքում:
Կեցցե՜ հայ կինը, կեցցե՜ մարտի 8-ը: Կեցցե՜ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, որը կանանց ազատություն պարգևեց, սիրում եմ բոլորիդ:
Մայիսի 1. Աշխատավորների տոն
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ բանվորներ և գյուղացիներ:
Մայիսի 1-ը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում նշվում է որպես աշխատավորների օր: Բայց ի՞նչ սրտով մեր աշխատավորները կարող էին նշել իրենց տոնը, եթե 1990-ականներին համատարած գործազրկություն էր, փակվում էին գործարաններն ու արդյունաբերական ձեռնարկությունները: Հայ աշխատավորը մի կտոր հացի համար բռնում էր պանդխտության ճանապարհը: Քրեա-օլիգարխիկ համակարգը 30 տարի շարունակ խժռում էր մեր պետության բարիքները, իր ձեռքում կուտակում տնտեսության բոլոր ճյուղերը, և հայ աշխատավորը նվաստացած վիճակում էր:
Սակայն թավշյա հեղափոխությունից հետո հայ աշխատավորները վերջապես աշխատատեղերի խնդիր չունեն: Բավական է ասել, որ 2017-ի համեմատ հայ աշխատավորների քանակն ավելացել է 315,2 տոկոսով, իսկ օլիգարխների քանակը նվազել՝ 2,3 տոկոսով: Անկախություն ձեռք բերելուց հետո առաջին անգամ մեր բանվորներին ու գյուղացիներին ժամանակին աշխատավարձ են տալիս, հիփոթեքային վարկեր տալիս:
Կեցցե՜ հայ բանվորը, կեցցե՜ հայ գյուղացին: Կեցցե՜ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, որը հայ շինականի դարավոր իղձերի կատարումն էր:
Մայիսի 9. Հաղթանակի եռատոն
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի´ զինակիցներ:
Մայիսի 9-ը հայ ժողովրդի ամենանվիրական ու սուրբ տոներից մեկն է: 1992թ. մայիսի 9-ին հայ զինվորները ազատագրեցին Շուշին: Ցավոք սրտի, այդ հաղթանակի նշանակությունն ավելի մեծ կլիներ, եթե դրան զուգահեռ երկրում իրականացվեին պետական և հանրային ինստիտուտների ձևավորման գործընթացները: Այո, Շուշին մերն էր, բայց մենք տառապում էինք անկախ դատական համակարգի, օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության բացակայությունից:
Մեր բանակն ուներ ավելի մեծ հաջողություններ գրանցելու հնարավորություններ, սակայն համատարած կոռուպցիան, ընտրական համակարգի այլասերումը թույլ չտվեցին մեր զորքերին հասնել մինչև Քուռ-Արաքսյան հովիտ:
2018թ. թավշյա հեղափոխությունից հետո մեր պանծալի բանակը տարավ հայ ժողովրդի պատմության մեջ ամենափառահեղ հաղթանակը և Տավուշի մարզում բարձունքներ վերցրեց: Այդպիսի բան հետագայում դժվար էլ լինի: Ափսոս միայն, որ այդ հաղթանակը հուլիսին եղավ, եթե մայիսին լիներ, հիմա կունանայինք քառատոն:
Կեցցե՜ մեր բանակը, փա՜ռք հայ զինվորին: Կեցցե՜ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, որը մեզ պարգևեց հուլիսյան հաղթանակ:
Սեպտեմբերի 21. Անկախության օր
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի´ զինակիցներ, ժողովուրդ, հպարտ քաղաքացիներ:
Այսօր Հայաստանի Հանրապետության հիմնադրման 30-ամյակն է: Մենք պետք է հպարտ լինենք նման հրաշալի օրվա առթիվ, սակայն չենք կարող չնշել, որ այս 30 տարին նաև կորուստների ժամանակաշրջան էր: Նախորդ բոլոր իշխանությունները կտրված էին ժողովրդից, ժողովուրդն էլ կտրված էր իշխանությունից, անկախությունը ստորադասվում էր իշխանությունը ամեն գնով պահպանելու մոլուցքին: Ի՞նչ անկախության մասին է խոսքը, եթե աղքատությունն ու ամենաթողությունը թափանցել էին մեր երկրի ամենախուլ անկյուններն անգամ:
2018թ. թավշյա հեղափոխությունը նաև Անկախությունը վերանվաճելու նպատակ էր հետապնդում: Եվ մենք նորից ձեռք բերեցինք Անկախություն: Հայ քաղաքացին նորից հպարտ է իր երկրով: Բավական է ասել, որ 2017թ. համեմատ հպարտության զգացումը մեր քաղաքացիների մոտ աճել է 407,9 տոկոսով: Այսպիսի զգացում չի եղել այն ժամանակներից ի վեր, երբ Հայկ Նահապետը նետով խոցեց ոսոխ Բելին:
Շնորհավո՜ր Անկախության տոնը: Կեցցե՜ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, որը մեզ իրական անկախություն բերեց, հպարտանում եմ ձեզանով: