...

Ինչպե՞ս համախմբվել ոչինչ չանողների շուրջ

Ինչպե՞ս համախմբվել ոչինչ չանողների շուրջ

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը չափազանց լարված է։ «Կիրթ հարևանը» չի բավարարվում միայն ագրեսիվ հռետորաբանությամբ և տարբեր կողմերից փորձում է ներխուժել Հայաստանի տարածք՝ ակնհայտորեն փորձելով նոր պատերազմ հրահրել։ Ու խնդիրը նույնիսկ այն չէ, որ ռազմական ակտիվ գործողություններից ընդամենը 55 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Երևանում կյանքը շարունակվում է սովորական հունով՝ ասես ոչինչ չի եղել ու ոչինչ չի սպառնում։ Խնդիրն այն է, որ հանրային տրամադրություններն են չափազանց վտանգավոր։ Անգամ հրապարակային տեսակետներ են հնչում, թե «ժողովրդին էդ հլը քիչ ա», «լավ էլ անում են, Նիկոլ ընտրած ժողովրդին պիտի կոտորեն», կոնկրետ թվեր են հիշեցնում, թե հարձակման ենթարկված սահմանամերձ բնակավայրերից որում Նիկոլ Փաշինյանը քանի ձայն է ստացել, և այլն։

Հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների և սահմանային լարվածության կտրուկ աճի միջև անուղղակի կապ իսկապես կա։ Եթե ժողովրդի մեծամասնությունը համակերպվում է ոչ միայն պարտության, այլև առանց դիմադրության սեփական տարածքները զիջելու հետ («բա հո ամայի տարածքների համար նոր պատերազմ չե՞նք սկսելու»), թշնամին, բնականաբար, պիտի օգտվի դրանից ու կիլոմետր առ կիլոմետր նորանոր «ամայի տարածքներ» գրավի։ Բայց արդյոք հասարակությունն իրավունք ունի՞ անտարբեր ու անգամ չարախնդալով հետևել այս ամենին։ Վերջին հաշվով՝ Նիկոլի երկիրը չի ծվատվում, մե՛ր երկիրն է ծվատվում։ Նիկոլն այսօր կա՝ վաղը չկա, նրա երիտթիմակիցները հաստատ կհասցնեն ժամանակին ծլկել ու «կոռուպցիայից զերծ» այս երեքուկես տարիների ընթացքում կուտակածով հանգիստ ապաստանել աշխարհի տարբեր տաքուկ անկյուններում (շատերն արդեն ծլկել են, մյուսները նախապատրաստական փուլում են), եթե անգամ չհասցնեն էլ՝ դա ի՞նչ մխիթարություն է։ Եթե երկիրը վտանգված է՝ ի՞նչ տարբերություն՝ այս անհայրենիք նյութապաշտներն իրենց «ֆլյուընթ» անգլերենով եվրոպական կամ ամերիկյան օֆիսներո՞ւմ կշարունակեն իրենց դոնդողանման գոյությունը, թե՞ որևէ բանտում։

Նման իրավիճակներում, երբ երկիրը բառացիորեն ամեն օր մի քանի ուղղություններով ագրեսիայի է ենթարկվում, հակառակորդն էլ աշխարհով մեկ հայտարարում է, թե իր նպատակը ոչ թե սահմանները ճշտելն է, այլ երկրիդ կեսից ավելին գրավելը (այդ թվում՝ մայրաքաղաքը), ընդունված է մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնությունները, միավորել բոլոր ուժերը և համախմբվել օրվա իշխանությունների շուրջ՝ անկախ նրանց նկատմամբ վերաբերմունքից։ Բայց մենք նույնիսկ դա չենք կարող անել, որովհետև ինչ-որ մեկի շուրջ համախմբվել կարելի է միայն այն դեպքում, եթե այդ ինչ-որ մեկն ինչ-որ բան անում է։ Այս իշխանությունների շուրջ համախմբվենք, որ ի՞նչ անենք։ Համաձայնվեք՝ հնարավոր չէ օգնել մեկին, ով բացարձակապես ոչինչ չի անում և ընդամենը հետևում է իրադարձություններին։ Ի՞նչ անենք, ազգովի մեր զորակցությո՞ւնը հայտնենք «իրադարձություններին հետևելու և հակառակորդի գործողությունները խստորեն դատապարտելու գործընթացին»։ Թե՞ «անվերապահորեն սատարենք անցանկալի համայնքապետերին մեկուսացնելու և պատգամավորների գումարները 5 անգամ ավելացնելու դարակազմիկ որոշումներին՝ որպես պետության արտաքին անվտանգության ամրապնդմանն ուղղված կարևորագույն ռազմավարական քայլեր»։ 

Հ․ Գ․ 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանության ներկայացուցիչներից մեկը ժողովրդին կոչ արեց ավելի հաճախ այցելել սրճարաններ և ռեստորաններ։ Դատելով երևանյան առօրյայից՝ իշխանությունները հիմա էլ են դա համարում անվտանգային մարտահրավերներին դիմակայելու կարևորագույն քայլը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ