Պատերազմից մեկ տարի անց Հայաստանի ու Արցախի հիմնական խնդիրները մնում են անորոշությունն ու ապագայի նկատմամբ վստահության բացակայությունը։ Որովհետև միմյանց հասցեին հնչող հայհոյանքները հիմնականում «ո՞վ է մեղավոր» թեմայով են, մինչդեռ բացարձակ շիլաշփոթ է նաև «ի՞նչ անել» հարցի դեպքում։
Թե ինչու այս հարցում կոնսենսուս չկա՝ հասկանալի է։ Եթե մենք մեր ներսում չենք հստակեցրել այն նպատակը, որին պիտի ձգտենք, անիմաստ է քննարկել, թե ինչ քայլեր պիտի անել այդ նպատակին հասնելու համար։ Միայն թե չասեք՝ աշխարհի ցանկացած երկրում էլ այդպես է, քաղաքական ուժերը հենց դրա համար էլ պայքարում են միմյանց դեմ, և այլն։ Ոչ, որպես կանոն՝ քաղաքակիրթ երկրներում նպատակների շուրջ կոնսենսուս միշտ կա, իսկ ներքաղաքական պայքարն ընդամենը այդ նպատակներին հասնելու ճանապարհների ընտրության շուրջ է։ Իսկ մենք դեռ չենք որոշել ամենակարևորը՝ պիտի ընդունենք ստեղծված իրավիճակը, համակերպվենք օբյեկտիվ իրողությունների հետ և փորձենք բնականոն հարաբերություննե՞ր հաստատել բոլոր հարևանների հետ, թե՞ պիտի մեզ հետ կատարվածը գնահատենք որպես տարերային աղետ, հրաժարվենք ընդունել առկա իրողությունները և մեր միակ նպատակը հռչակենք ուժ հավաքելն ու ռազմական ճանապարհով կորցրածը ետ բերելը։
Ուշադրություն դարձրեք՝ կոնկրետ Արցախի դեպքում ցանկացած պարագայում անելիքները հստակ են։ Պետք է հնարավոր բոլոր միջոցներով կանխել հուսալքությունն ու արտագաղթը, նորանոր աշխատատեղեր ստեղծել, մի խոսքով՝ այնպես անել, որ բնակչության թիվը գոնե հասնի նախապատերազմյան մակարդակին, ու զուգահեռաբար վերակենդանացնել բանակցային գործընթացը։ Իսկ ահա Հայաստանի դեպքում մենք պիտի շատ արագ կողմնորոշվենք, որովհետև հուսալքությունն ու արտագաղթը Հայաստանին էլ են սպառնում։ Ընդ որում՝ ինչ նպատակ էլ դնենք մեր առջև, իրականացումը չափազանց բարդ ու ցավոտ է լինելու։ Այնպես չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը հենց այնպես մեզ «խաղաղության դարաշրջան» են տալու։ Նրանք մեր առջև այնպիսի նվաստացուցիչ պայմաններ են դնելու (արդեն իսկ դնում են), որ դեռ հարց է՝ դրանից հետո Հայաստանը կմնա՞ որպես անկախ պետություն, թե՞ ոչ։ Ու այնպես էլ չէ, որ եթե անգամ մենք որոշենք «խաղաղության դարաշրջանի» հասնել ցանկացած գնով, Ռուսաստանը դա թույլ կտա։ Մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ տեսանելի ապագայում մենք չենք կարողանալու հզորանալ այնքան, որ ի վիճակի լինենք հաղթել թուրք-ադրբեջանական դաշինքին ու ռազմական ճանապարհով վերադարձնել կորցրածը, ոչ էլ կարողանալու ենք «շուստրի» արտաքին քաղաքականությամբ հասնել նրան, որ մեր փոխարեն դա անեն ուրիշները։ Այլ կերպ ասած, տեսականորեն մենք մեր առջև ընդամենը երկու նպատակ կարող ենք դնել։ Մեկը՝ ահավոր բարդ ու ցավոտ, մյուսը՝ ընդհանրապես անհնարին։ Թե ինչու հասանք այն վիճակին, որ ընտրությունն ընդամենը այս երկու տարբերակների միջև է՝ այլ հարց է, բայց ընտրությունից խուսափել այսպես թե այնպես չենք կարողանալու։
Իսկ այն պահից, երբ համաձայնության գանք այն հարցի շուրջ, թե որ ուղղությամբ պիտի շարժվի Հայաստանը, ավելի ակտուալ կդառնա հաջորդ հարցը՝ քաղաքական ո՞ր ուժը երկիրը լավագույնս կտանի այդ ճանապարհով։ Ընդ որում, մի բան ակնհայտ է՝ ցանկացած պարագայում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը «հավակնորդների ցանկում» լինել չեն կարող։ Նրանք առայժմ ջրի երեսին են մնում ընդամենը այն պատճառով, որ ճանապարհի ընտրության հարցում հստակություն չկա, հասարակական-քաղաքական կյանքում էլ լիակատար շիլաշփոթ է։
Մարկ Նշանյան