...

Ինչպես էին խոշտանգում մարդկանց. պատառիկ Քոչարյանի «հերոսություններից»

Ինչպես էին խոշտանգում մարդկանց. պատառիկ Քոչարյանի «հերոսություններից»

2004թ. ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը՝ անտեսելով Սահմանադրական դատարանի որոշումը, ուժի կիրառմամբ ցրեց ընդդիմության խաղաղ հանրահավաքը, բազմաթիվ սահմռկեցուցիչ դեպքեր են գրանցվել. խոշտանգումների, ծեծի, անմարդկային վերաբերմունքի: Բայց այս դեպքը, որը կներկայացնենք, այն ժամանակ բոլորին էր շոկի մեջ գցել, անհավանական էր թվում, որ մարդու հանդեպ հնարավոր էր այսպես վարվել:

Այս մասին շատ է գրվել, դեպքը տեղ է գտել միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներում, բայց շատերն էլ չգիտեն: Ներկայացնում ենք «ՉԻ» հրապարակումը, իմացեք էլի, 37 թիվը ինչպես է եղել, տարեք այսօր 37 թվից խոսացողների էջերում ու կայքերում դրեք, որ իրենց հիստերիայի ամպլիտուդան մի փոքր իջեցնեն: 

«ՉԻ», Ապրիլի 30, 2004թ.

Անի Կիրակոսյանը 22 տարեկան է: Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և առաջարկ է ստացել աշխատելու «Հանրապետություն» կուսակցության ինտերնետային թերթում: Ապրիլի 13-ի երեկոյան Անին կուսակցության գրասենյակում է եղել: Դա ընդդիմության ղեկավար Արամ Սարգսյանի գրասենյակն է, սակայն Անին կուսակցության անդամ չէ և իրեն ապաքաղաքական մարդ է համարում: Աշխատանքը թերթում նրա համար գործ է, ոչ թե կոչում:

Գիշերվա ժամը 2-ի մոտ ոստիկանները հասել են Օպերայի շենքի մերձակայքում գտնվող «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ: Ոստիկանները նախ տարել են գրասենյակում եղած տղամարդկանց, հետո եկել են կանանց հետևից: Անին եղել է 13 կանանցից մեկը: Գրասենյակում այդ պահին մի տղամարդ կար՝ Արտակ Զեյնալյանը, որը ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ է (կորցրել է ձախ ոտքը): Վերջինս փորձել է միջամտել, երբ ներխուժել են ոստիկանները, սակայն նրան հրել գցել են գետնին: «Մեզ, կոպտորեն քաշքշելով ու հայհոյելով, մտցրեցին մեքենա,- վերհիշում է Անին: - Տարիքով մի կին կար, իրեն շատ վատ էր զգում, խնդրեցինք գոնե նրան բաց թողնել, բայց մերժեցին»: Անիի հարցին՝ «Մեզ ո՞ւր եք տանելու», ոստիկանը պատասխանել է. «Չգիտեմ, որտեղ ազատ տեղ լինի»:

Այդ երեքշաբթի վաղ առավոտյան կալանքները հասել էին իրենց գագաթնակետին. ձերբակալվել էր 400-ից ավելի մարդ: Դրանց հաջորդելու էին նոր ձերբակալություններ: Կանանց տարել են Էրեբունի համայնքի ոստիկանություն: Անիին հարցաքննել է Գրիգոր Միտոյանը:

«Սկզբում 4-5 ոստիկանների հետ սենյակ մտավ Միտոյանը, ապա բարձրաստիճան մի ոստիկան եկավ, բոլորը ոտքի կանգնեցին: Ես նստած էի, նայում էի, չգիտեի, թե ինչ կլինի հիմա,- պատմում է Անին: - Նա մոտեցավ ինձ ու քացով խփեց՝ «Կանգնի՛ր, քեզ ասում եմ»: Ես կանգնեցի, և նա սկսեց քացիներով խփել ոտքերիս, փորիս, ձեռքերով դեմքիս էր հարվածում: Ես լաց էի լինում, բայց ոչինչ չէի ասում: Նա ինձ հայհոյում էր ամենավերջին խոսքերով»:

Անին ասում է, որ իրեն 10-15 րոպե ծեծի է ենթարկել Պողոսյան ազգանունով մի սպա: Խմբի կանանցից մեկը հայտնել է, որ դա Էրեբունի համայնքի փոխոստիկանապետ Կամսար Պողոսյանն է: Վերջինիս հեռանալուց հետո մյուս ոստիկանները ջուր և տաք հագուստ են տվել Անիին: «Ես հարցրեցի՝ ի՞նչ եմ արել, ինչո՞ւ է ինձ ծեծում: Նա կարող է իմ տարիքի աղջիկ ունենալ: Ոստիկաններն ասացին, որ ինձ ոչ ոք չի ծեծել, և դա ինձ միայն թվում է»: Քիչ անց միջանցքում գոռգոռոցի ու հայհոյանքի ձայներ են լսվել: Ոստիկաններն անմիջապես հետ են վերցրել ջուրն ու Անիի վրայի տաք հագուստը: Այդ պահին սենյակ է մտել Էրեբունի համայնքի ոստիկանապետ Նվեր Հովհաննիսյանը:

«Չեմ հիշում, կանգնած էի այդ պահին... Նա հարձակվեց վրաս ու քացիներով խփում էր: Ընկել էի ծնկներիս վրա, լաց էի լինում, ի՞նչ եմ արել, ինչո՞ւ եք ծեծում»,- պատմում է Անին: «Դու միտինգում էիր, ես քեզ տեսել եմ, առաջին շարքերում էիր,- ասել է ոստիկանապետը: - Նախագահ էի՞ր փոխում»: «Ես նրան ասում էի՝ Դուք ինձ շփոթում եք, բայց նա շարունակում էր քացիներով խփել մեջքիս ու փորիս»:

Անին ասում է, որ ոստիկանապետը սպառնացել է. «Ներս կբերեմ բոլոր ոստիկաններին՝ քեզ կբռնաբարեն, կամ էլ կկալանեմ»:

Տասներեք կանանցից մեկին՝ Օղիդե Հարությունյանին, ոստիկանություն են տարել 19 տարեկան դստեր հետ: Նրանց պահել են 36 ժամ, տարբեր սենյակներում: Վերևի հարկից Հարությունյանը ճիչեր էր լսում և վախենում էր, որ դա կարող է իր դուստրը լինել (Հարությունյանի հավաստմամբ՝ Հովհաննիսյանը ծեծել է նաև իրեն ու իր դստերը): «Երրորդ հարկից պարզ լսվում էին մի աղջկա աղեկտուր ճիչերը: Ես չգիտեի, ի՞մ աղջիկն է, թե՞ ուրիշ մեկը: Ավելի ուշ իմացա, որ Անի Կիրակոսյանն է»,- պատմում է Հարությունյանը: Հովհաննիսյանի հեռանալուց հետո (ըստ Անիի նա իրեն ավելի երկար է ծեծել, քան փոխոստիկանապետը) Անին շարունակել է բարձրաձայն լաց լինել:

Ոստիկաններից մեկը նրան խնդրել է ցածր լացել. «Եթե լսի, որ լաց ես լինում, կգա ու էլի կծեծի»:

Ոստիկանները ստիպված են եղել Անիին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տեսնելով աղջկա ոտքերի և մեջքի կապտուկները՝ ընդունարանի բուժքույրերից մեկը հարցրել է. «Ընկե՞լ ես»: «Ասացի, որ ինձ ծեծել են ոստիկանությունում,- ասում է Անին: - Խոսակցությանը ներկա բժիշկը ընդհատեց բուժքրոջը, իսկ ինձ շատ կոպիտ էր վերաբերվում: Ես տեսա, որ քննիչը սպասում է միջանցքում»:

Վախենալով, թե կարող է գիտակցությունը կորցրած լինի՝ Անին խնդրել է, որ գինեկոլոգը զննի իրեն, սակայն մերժում է ստացել: Նրան զննել են սոնոգրաֆիական սարքով, ապա պահանջել են վճարել 5-6 հազար դրամ, սակայն Անին ասել է, որ հետը փող չունի: Հիվանդանոցում նրան որևէ բժշկական փաստաթուղթ չեն տվել: «Այդպես էլ չիմացա, թե ինչ է կատարվել ինձ հետ: Ասում էին, որ ամեն ինչ նորմալ է, բայց նրանց դեմքերն ինձ այլ բան էին ասում»,- պատմում է Անին: (Ներկայումս Անին ապաքինվում է տանը: Նա սուր ցավեր ունի որովայնի շրջանում: Բժիշկներն ասում են, որ նրա ներքին օրգանները ճզմված են):

Հիվանդանոցից հեռանալիս Անին մուտքի մոտ տեսել է ծնողներին ու հարազատներին, սակայն քննիչը թույլ չի տվել խոսել նրանց հետ և կրկին տարել է Էրեբունու ոստիկանատուն: Ոստիկանությունում 15 ժամ անցկացնելուց հետո 13 կանանցից յոթին հավաքել են մի սենյակում: «Նրանց բոլորին ծեծել էին, բայց ոչ այդքան շատ, որքան ինձ,- ասում է Անին: - Նրանց մեջ կար մեկը, որին նույնպես շատ էին ծեծել: Բոլորս միասին լաց էինք լինում»: Երեկոյան ժամը 7-ին 5 կանանց, նրանց մեջ Անիին, ազատ են արձակել: Երբ Անին փորձել է պարզել, թե ինչու միայն հինգին, ոստիկանները պատասխանել են. «Որովհետև դուք անմեղ եք»:

Խմբ. կողմից. 2004թ. ապրիլյան դեպքերի ժամանակ օմբուդսմենը Լարիսա Ալավերդյանն էր: Ինչո՞վ է զբաղված եղել նա այդ պահին, տեսնելիս կհարցնեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   9943 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ