...

Ինձ փորձում են լռեցնել՝ մեքենաս այրելով. Սևանի բնակիչ

Ինձ փորձում են լռեցնել՝ մեքենաս այրելով. Սևանի բնակիչ

Սևան քաղաքի խնդիրների մասին բարձրաձայնող քաղաքացու մեքենան այրել են

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ Արտակ Տեր-Գրիգորյանի մեքենան այրել են:
Գործով այժմ իրավապահներն են զբաղվում: Բայց մինչ իրավապահները կպարզեն, թե ում ձեռքով է այրվել «Տոյոտա Քեմրին»՝ Արտակ Տեր-Գրիգորյանը սեփական ենթադրությունն ունի:

Կասկածներ ունի, որ սա կապված է իր՝ Սևանի քաղաքապետարանի աշխատանքից դժգոհության հետ: «ՉԻ»-ի հետ զրույցում ասում է, որ Սևան քաղաքում իր բարձրացրած խնդիրների պատասխանն այրված մեքենան է:

Արտակ Տեր-Գրիգորյանը ֆեյսբուքյան տեսաուղերձներից մեկով բարձրաձայնել էր հետիոտնային անցումի հարցը, որի պատճառով դժբախտ դեպքերի թիվը շատ է: Տուժել են նաև իր կինն ու երեխան:

«Սևանում՝ դպրոց տանող ճանապարհին, հետիոտնային անցում կա, վտանգավոր տեղ է, քաղաքապետին տեսա, խնդրեցի, որ այդ հարցը լուծվի: Ոչինչ չարեցին այնքան, մինչև կինս և երեխաս դպրոցից վերադառնալիս ընկան մեքենայի տակ: Ծանր վնասվածքներ՝ կողոսկրի կոտրվածք, թոքերի վնասվածք, ճակատի վնասվածք ստացավ կինս, երեխես՝ թեթև վնասվածքներ, կողքով կպավ մեքենան։ Բազմիցս դիմել եմ, էլի չտեղադրեցին, մի երեխու էլ խփեցին մեքենայով։ Մինչ այսօր, որտեղից որ այդ վտանգը եղել է, խնդիրը չի վերացվել: Պատկերացրեք՝ մազպետարանն իբրև հետաքննություն է արել և թուղթ է ուղարկել ինձ, որ դեպքից 4 օր անց խնդիրը վերացրել է»,- պատմեց Սևանի բնակիչը:

Բայց միայն սա չէ նրա մտահոգության պատճառը:

Հեղափոխությունից հետո Արտակ Տեր-Գրիգորյանը, ոգևորված Հայատանում տեղի ունեցած փոփոխություններից, ընտանիքի հետ վերադարձավ հայրենիք: Եկել է այստեղ աշխատելու և իր լուման ներդնելու հայրենիքի զարգացման գործում: Փորձել է իր բիզնես ծրագիրը ներկայացնել, սակայն, Սևանի քաղաքապետը խոչընդոտել է: Ասում է՝ Սևանի համայնքապետարանը քաղաքապետ ՀՀԿ-ական Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ անգործության է մատնված:

«10 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր էի կազմել, Սևանի համար տարին 1 միլիոն դոլարի նվիրատվություն պետք է անեին նվիրատուները՝ որպես սոցպրոեկտ։ Դրա վերաբերյալ էլ եկա, մտա քաղաքապետի մոտ, բարձրաձայնեցի, ոչ մի արձագանք, որ մի ուղղություն ցույց տա, ոչ մի բան։ Բայց չկարողացանք այդ բիզնես- ֆորումին մասնակցել: ՊՎԾ-ն ստուգեց, զանգեցին Մոսկվա ներդրողների հետ խոսեցին, ամեն ճշտեցին, որ ամենը ճիշտ է, ճշմարտություն է, չեն կարողացել կառավարությանը տեսնել արձագանք ստանալու համար, սակայն հետագայում ոչինչ չեղավ։ Այդ մասին ճանապարհի խնդրի հետ միասին նաև պրոեկտի մասին խոսեցի, ասացի, որ ընթացք տանք, այստեղ ո՛չ երաժշտական դպրոց, ո՛չ սպորտ-դպրոց կա, ոչ մի բան գոյություն չունի։ Մարզպետարան գնացի, նույնիսկ իմ պրոեկտը մարզպետարան չեն ներկայացրել, մարզպետը տեղյակ չի եղել: Անգործություն է տիրում Սևանի քաղաքապետարանում»,- մանրամասնեց նա:

Չնայած այս ամենին՝ Արտակ Տեր-Գրիգորյանը չի փոշմանել, որ Հայաստան է վերադարձել: Հեղափոխությունից հիասթափված չէ: Դժգոհ է համայնքային օղակներից, որտեղ, ըստ նրա, հեղափոխությունը դեռ չի հասել:

«Հեղափոխությունից եթե հիասթափվեմ, վեշերս կհավաքեմ, կգնամ այս երկրից, բայց չեմ հիասթափվել ոչ մի կերպ: Հավատում եմ, որ կունենանք այն Հայաստանը, որի մասին երազել ենք և ինչի համար էլ ես եկել եմ»,- ասաց մեր զրուցակիցը:

Աևանի բնակիչն ակնկալիքներ չունի, որ մեքենայի այրման դեպքը կբացահայտվի:

«Չեմ կարծում, որ ոստիկանությունն ինչ-որ բաներ կբացահայտի: Մարզպետն ինձ չի ճանաչում, բայց արդեն հայտարարում է, որ ուրիշ միտում է տեսնում: Ես այս երկու տարվա մեջ ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, քաղաքականության մեջ չեմ եղել: Միայն բարձրաձայնել եմ խնդիրների մասին, և սա ինձ լռեցնելու միջոց էր»,-կարծում է Սևանի բնակիչը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3057 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ