...

Ինքնաոչնչացման մեխանիզմը միացված է

Ինքնաոչնչացման մեխանիզմը միացված է

Ընտրությունների արդյունքներն, իհարկե, շոկային էին, և հասարակության մտածող հատվածը դեռ երկար ժամանակ չի կարողանալու հաղթահարել այդ շոկը։ Բայց կյանքը շարունակվում է, և հասարակության այդ նույն մտածող հատվածը հիմա պիտի փորձի իր մեջ ուժ գտնել՝ ապրելու համար մի միջավայրում, որտեղ ժողովրդի 54 տոկոսն ինքնակամ ընտրում է աղետալի պարտության հեղինակին ու դրանով պարծեցողին, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը ստանում է մոտավորապես այնքան ձայն, որքան Արման Բաբաջանյանը, իսկ եղբոր արձանը հանձնված Շուշիում թողնողն ու հանձնողի հաճախորդի դերի համար պայքարողը՝ երկու անգամ ավելի շատ։ Այո, այդ մարդկանց հետ նույն օդը շնչելը դժվար է, բայց այլ ելք չկա։ 

Ի վերջո ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Խայտառակ պարտությունից անմիջապես հետո նա բաց տեքստով հայտարարեց, թե այո, լավ էլ կարող էր կեսից կանգնեցնել պատերազմը և խուսափել հազարավոր զոհերից, բայց այդ դեպքում իրեն կհամարեին դավաճան։ Ճիշտ է, նրան հակադարձում էին, թե «քեզ հիմա էլ են դավաճան ասում», բայց փաստորեն՝ նա իրավացի էր․ տարածքները հանձնեց, մի քանի հազար հավելյալ զոհ ունեցանք, բայց ընտրությունների արդյունքում պարզվեց, որ ժողովրդի մեծամասնությունը նրան ոչ միայն դավաճան չի համարում, այլև պատրաստ է համբուրել նրա ձեռքերը։ Այ հենց դրա համար էլ նրան պետք էին այդ զոհերը։ Բա հո առանց զոհերի չէ՞ր հանձնելու։

Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա ռազմավարությունն իսկապես փայլուն էր։ Նիկոլ Փաշինյանն ըստ էության կարողացավ բոլորի վզին փաթաթել իր մշակած սցենարը, ըստ որի՝ ինքը պիտի որոշի, թե ով է լինելու իր հիմնական մրցակիցը։ Եվ այդպես էլ արեց։ Ակտիվացրեց Ռոբերտ Քոչարյանին (որի նկատմամբ հանրային ատելությունը տվյալ պահին ամենաուժեղն էր), նրան դարձրեց հիմնական մրցակից ու ջախջախեց։ Լավ էլ հաշվի էր առել Քոչարյանի չպատճառաբանված ամբիցիաներն ու հիվանդագին իշխանատենչությունը, հաշվարկել էր, որ նա, մոտալուտ ռևանշից ոգևորված, մերժելու է համագործակցության ցանկացած ողջամիտ առաջարկ ու ռուսական «փափուկ բարձը» գլխի տակ՝ նետվելու է գրոհի։ Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի «ատամները հաշվել էր»։ Ի դեպ՝ լյումպենի ատամները նույնպես հաշվել էր։ Չէ՞ որ ժամանակին հենց ինքն էր անկեղծացել, որ Հայաստանն իր համար ընդամենը մի երկիր է, ուր «ճամփաներն են մոլորվում, խորովածի կրակի շուրջ ընկերներ են բոլորվում․․․»։ Ու շատ ճշգրիտ հաշվարկել էր, որ, այո՛, Հայաստանում մի հսկայական խավ կա, որի համար Հայաստանն ընդամենը խորոված ուտելու տեղ է, իսկ բոլոր նրանք, ովքեր խորոված ուտելու ավելի մեծ հնարավորություններ ունեն, թուրքից բեթար են, ու բոլորին պետք է սատկացնել, թեկուզ՝ հայրենիքի մի մասի կորստյան գնով։

Մի խոսքով՝ պրոբլեմն այն չէ, որ Նիկոլը հաղթել է։ Պրոբլեմն այն է, որ նա պատկերացում անգամ չունի, թե ինչ պիտի անի այդ հաղթանակի հետ։ Նա կարող է ևս մի քանի շաբաթ Եռաբլուրի ֆոնին հրավառություն կազմակերպել ու մուրճը գլխավերևում ճոճելով գոռգոռալ, թե ժողովուրդը հաղթել է, բայց մտքով անգամ չի անցնի, որ ժողովուրդը պետությանն է հաղթել, որովհետև ինքն իր էությամբ հակապետությունն է։ Պետական բոլոր կառույցները հետևողականորեն և գիտակցաբար վերացնողին 54 տոկոս վստահության քվե տալը նշանակում է, որ Հայաստանը, որպես պետական կազմավորում, միացրել է ինքնաոչնչացման մեխանիզմը։ Սովորաբար հոլիվուդյան մարտաֆիլմերում է այդպես լինում, երբ բացասական հերոսը միացնում է ռումբի ժամացույցն ու ցինիկ հռհռոցով հետևում վայրկյանաչափի տկտկոցին։ Իհարկե՝ ֆիլմերում, որպես կանոն, ինչ-որ մեկը պայթյունից վայրկյաններ առաջ հասցնում է անջատել ժամացույցը, բայց իրական կյանքում հրաշքներն այդքան հաճախ չեն լինում։ Առավել ևս՝ եթե ինքնաթիռում, որտեղ ռումբն է տեղադրված, ուղևորների 54 տոկոսը համարում է, որ կարևորը բորտսննդի որակն է։

Հ․Գ․ Ամեն ժողովուրդ, իհարկե, արժանի է իր իշխանություններին, բայց սերուցքն ափսոս էր։ Նրանք, որ զոհվեցին, և պատահաբար ողջ մնացածները, որ երևի կարտագաղթեն։

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   3454 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ