Նկատո՞ւմ եք, թե ինչ ոգևորությամբ են քարոզարշավ իրականացնում Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Մյուսներն էլ են ակտիվ, բայց այս երկուսի ոգևորությունը բացառիկ է։ Ընդ որում՝ երկուսն էլ երանության մեջ են, որովհետև ի դեմս միմյանց իդեալական մրցակիցներ են գտել։ Մի կողմից՝ միայն Նիկոլ Փաշինյանի անմեղսունակ ու կոմիկական կերպարը կարող էր Քոչարյանին իշխանությունը վերադարձնելու շանս տալ, մյուս կողմից՝ միայն Քոչարյանի պես ատելի կերպարը կարող էր Փաշինյանին իշխանությունը պահպանելու հույսեր ներշնչել։ Դրա համար էլ հարյուրավոր անթաղ հերոսների, գերիների ու անհետ կորածների երկրում, կորսված հայրենիքի ու սահմանամերձ անպաշտպան գյուղերի առկայությամբ անգամ սրանց համար տոն է՝ մեկը ծիծաղը երեսին թոռների հետ բասկետբոլ է խաղում, մյուսը Երևանում տոնական համերգ ու գինու տոն է կազմակերպում՝ չմոռանալով ընտանեկան երջանիկ կյանքի լուսանկարներ հրապարակել․․․ Իսկ պետության վրա երկուսն էլ վաղուց խաչ են քաշել, որովհետև մեկը երկրի ապագան տեսնում է որպես Ռուսաստանի ծայրագավառ, մյուսը՝ որպես Արևմուտքի կցորդ։
Ցանկացած երկրի ինքնիշխանությունը երկու հիմնական բաղադրիչ ունի՝ տնտեսական կարողություններն ու սեփական անվտանգությունն ապահովելու ունակությունը։ Ու խնդիրը նույնիսկ այն չէ, որ Քոչարյանն առաջին «բաղադրիչն» է հանձնել Ռուսաստանին, Փաշինյանը՝ երկրորդը, այսինքն՝ ձեռք ձեռքի տված նույն գործն են արել։ Խնդիրն ապագայի վերաբերյալ այս երկուսի պատկերացումներն են։ Քոչարյանն ասում է, որ ամեն ինչ լավ է լինելու, և ամեն ինչում ապավինում է Ռուսաստանին։ Այն նույն Ռուսաստանին, որը հայտարարում է, թե Ղարաբաղն Ադրբեջան է։ Այն նույն Ռուսաստանին, որը պաշտոնապես հայտարարեց, թե ղարաբաղյան վերջին պատերազմում իրենք Թուրքիայի հետ համատեղ «բարդ օպերացիա» են իրականացրել, և որտեղից բաց տեքստով ասում են, որ այդ պատերազմում իրենք չէին կարող թույլ տալ հայերի հաղթանակը։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին Հայաստանի սահմանների պաշտպանությունը հանձնում է Ռուսաստանին ու միաժամանակ Արևմուտքից աջակցություն խնդրում՝ առայժմ միջազգային դիտորդների տեսքով, հետո հայտարարում է, թե ինչո՞ւ պիտի մեր զինվորները հսկեն սարերը, որտեղ տարվա կեսը ձյուն է, ու միաժամանակ միջազգային դիտորդներ կանչում այդ նույն սարերում տեղակայվելու համար, հետո փնթփնթում է ՀԱՊԿ-ի վրա՝ հույս ունենալով, թե Արևմուտքում դա կգնահատեն ու պաշտպանության տակ կառնեն Հայաստանին, հետո Սյունիքում ռուսական ռազմաբազայի նոր հենակետեր են ստեղծվում․․․ Մի խոսքով՝ մանկապարտեզ։ Իսկ շվարած հասարակությունն այդպես էլ չի կողմնորոշվում՝ ինքնիշխանությունը Ռուսաստանին հանձնե՞լն է ձեռնտու, թե՞ Արևմուտքին։
Իրականում Ռուսաստանի ծայրագավառ-Արևմուտքի նոր պոլիգոն երկընտրանքն, իհարկե, հասարակության համար ավելի պարզունակ ձևով է ներկայացվում՝ թալանչի Քոչարյան-երկիրը կործանած Փաշինյան։ Ընդ որում՝ երկուսի ծպտված հովանավորներն էլ ամեն ինչ անում են, որպեսզի հանկարծ ժողովրդի մտքով չանցնի, թե կա նաև երրորդ տարբերակ, ու անպայման չէ մինչև «վերջին խազը» զիջել ինքնիշխանությունը։ Խստիվ արգելված է հիշեցնել, որ Հայաստանն իր ամենամեծ հաջողություններն արձանագրել է այն պահերին, երբ ունեցել է ինքնիշխանության ամենաբարձր մակարդակը, իսկ մեծագույն կորուստներն ունեցել է այն ժամանակ, երբ ապավինել է արտաքին ուժերին (կապ չունի, թե կոնկրետ որ մեկին)։
Իսկ երրորդ տարբերակը կա։ Դա պարզապես ինքնիշխանությունը պահպանելն ու սեփական ուժերին ապավինելն է՝ արտաքին իրողությունները հաշվի առնելով, դրանց հետ հաշվի նստելով և առանց ավելորդ պատրանքների։ Այլ հարց է, որ արտաքին խաղացողները, բնականաբար, սրան դեմ են լինելու, որովհետև իրենց ոչ թե ինքնիշխան Հայաստան է պետք, այլ հլու-հնազանդ կամակատար։ Ու ամեն մեկը ձգտելու է, որ Հայաստանը դառնա ի՛ր կամակատարը կամ փորձադաշտը։
Բայց ողջամտությունն ընտրելու շանսերը դեռ պահպանվում են։
Մարկ Նշանյան