...

Ինտելեկտի դեմ հաղթանակ տարած ապուշների ժամանակը

Ինտելեկտի դեմ հաղթանակ տարած ապուշների ժամանակը

Ընտրություններից ընդամենը մի քանի օր է անցել, բայց արդեն մոտավորապես ուրվագծվում է, թե դեպի ուր է շարժվում Հայաստանը։ Դա լավագույնս ձևակերպեց նախկին դի-ջեյ մի պաշտոնյա՝ հայտարարելով, թե ժողովուրդը հաղթեց ինտելեկտուալ ապուշներին։ Լենինն էլ ժամանակին մտավորականությանը «ք․ք» էր անվանում, ու բնականաբար՝ արդյունքում կառուցվեց այնպիսի բռնապետություն, որտեղ որևէ կիսագրագետ «մատրոս Ժելեզնյակ» կարող էր ցրել խորհրդարանը, իսկ «մենք ակադեմիաներ չենք ավարտել» արտահայտությունն արտասանվում էր առանձնահատուկ պարծանքով։ Ավելի ուշ Գեբելսը պիտի հայտարարեր, թե մտավորականություն բառը լսելիս ձեռքն ինքնաբերաբար ձգվում է դեպի ատրճանակը, իսկ թե ինչ վախճան ունեցավ իր գոյությունը հրապարակներում գրքեր վառելով սկսած Երրորդ Ռեյխը՝ բոլորս գիտենք։

Հայաստանում «ինտելեկտուալ ապուշներին» դասակարգային թշնամիներ հռչակելու գործընթացն, իհարկե, նոր չի սկսվել։ Դունչը ծռելով «ես լաաաավ տղա եմ» մկկացող ու այդպես էլ դերից դուրս չեկած ծաղրածուից մինչև Երևանի քաղաքապետի աթոռ ճանապարհը միայն առաջին հայացքից է երկար թվում, բայց Քոչարյանն էր, չէ՞, պարծենում, որ ինքը գիրք կարդացող չի, իսկ հանրապետական խորհրդարանում ինչ-որ անհասկանալի բարբառներով կիսագրագետ տեքստերը բրենդ էին դարձել՝ այն աստիճան, որ շատերը վախենում էին գրագետ խոսել, որ հանկարծ ծաղրուծանակի առարկա չդառնան։ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ավելի գրագետ էր խոսում, բայց նա էլ 2018-ի իշխանափոխությունից հետո տարավ-բերեց, թե բա եթե ուրիշներն իրենից խելոք էին, ինչո՞ւ չկարողացան իշխանափոխություն անել, իսկ ինքը կարողացավ։ Հասկանալի է, չէ՞, որ եթե պետության ղեկավարի ելույթներում արված մեջբերումների 70 տոկոսը «Կարգին հաղորդումից» է, հաջորդ քայլով պիտի ընտրությունների արդյունքները ներկայացվեին որպես ժողովրդի հաղթանակ «ինտելեկտուալ ապուշների» նկատմամբ։

Ժողովրդավարությունն, իհարկե, իշխանությունների ձևավորման ամենաառաջադեմ տարբերակն է, բայց միշտ չէ, որ արդյունքները դրական են լինում, որովհետև դա արդյունավետ միջոց է միայն այն դեպքերում, եթե ժողովրդի գիտակցության մակարդակը բավականին բարձր է։ Խոսքը մարդու իրավունքների մասին չէ (հասկանալի է, որ բոլորը պիտի հավասար իրավունքներ ունենան), բայց նաև ակնհայտ է, որ եթե, օրինակ, ընտրություններին մասնակցեին միայն բարձրագույն կրթություն ունեցողները կամ, ասենք, միայն նրանք, ովքեր իրենց կյանքում գոնե 30 գիրք են կարդացել, ընտրությունների արդյունքները բոլորովին այլ կլինեին, ընդ որում՝ կունենայինք շատ ավելի որակյալ և գիտակցված ընտրություններ։ Հետևաբար՝ նորմալ իշխանություններ ունենալու համար անհրաժեշտ է հասնել նրան, որ հասարակության մեջ մեծամասնություն կազմեն կյանքում գոնե 30 գիրք կարդացածները։

Սա շատ բարդ և տասնամյակների հետևողական աշխատանք պահանջող խնդիր է, բայց հեշտ ու կարճաժամկետ լուծումներ չեն լինելու։ Եթե սկսենք հիմա՝ գուցե ինչ-որ բանի հասնենք մի սերունդ հետո, բայց այլ ճանապարհ չկա։ Ընդ որում՝ խանգարելու են և՛ այսօրվա իշխանություններն ու «հիմնական ընդդիմությունը» (գիտակից հասարակությունն իրենց միայն կխանգարի, իսկ անգիտակիցներին մանիպուլացնելն ավելի հեշտ է), և՛ դրսից (Հայաստանն ամեն դեպքում երրորդ աշխարհի երկիր է, ու նրանց պետք է, որ այդպիսին էլ մնա)։

Կգտնվե՞ն արդյոք Հայաստանում քաղաքական ուժեր, որոնք ոչ միայն կգիտակցեն սրա անհրաժեշտությունը, այլև ի վիճակի կլինեն լուրջ ռեսուրսներ հայթայթել մի նպատակի համար, որի արդյունքները շատ ուշ են երևալու։ Եթե կգտնվեն՝ ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ։ Եթե ոչ՝ ուրեմն «ինտելեկտուալ ապուշները» ջախջախված են վերջնականապես ու Հայաստանում տեղ չունեն։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1450 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ