Այս գիշեր ադրբեջանական զինված ստորաբաժանումները Սյունիքի մարզում, Սև լճի հատվածում` փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ:
Մեկ այլ միջադեպ էլ նույն օրը տեղի է ունեցել նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում, որտեղ հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել հայ զինծառայողը:
Պատերազմը, ինչպես տեսնում եք, չի ավարտվել: Վառոդի տակառը մխում է: Տեղ-տեղ ծուխ է դուրս գալիս, ու ամեն պահի այն կարող է պայթել:
Բնավ չի երևում, թե ինչպես ենք մարելու այդ վտանգը: Մեր իշխանությունները, մեր ընդդիմությունը, անցած շաբաթ խորհրդարանում քաղաքական բանավեճի «մաստեր-կլաս» ցույց տվեցին: Իրականում հերթական անգամ համոզվեցինք, որ իշխանության համար պայքարը գերադասվում է մեր պետության առջև ծառացած մարտահրավերներից: Շատ ավելի կարևոր է համարվում հայհոյախառն ելույթներով ապացուցել, որ իշխանությունները դավաճան են, կամ՝ ընդդիմությունն է դավաճան: Նա նրան է մեղադրում օտարի շահերը սպասարկելու մեջ, նա էլ՝ նրան: Ու այդ ընթացքում երկիրը հալվում է: Կամաց-կամաց մեր հայրենիքը վերածվում է վիրտուալի, կամ՝ պատմականի:
Ցավն այն է, որ այս իրավիճակից դուրս գալու, նոր արհավիրքներից, պատերազմներից խուսափելու ուղիները գծագրվել, ներկայացվել են 25 տարի առաջ, 20, 10, 5 տարի առաջ: Բայց իշխանամոլությունը, նյութապաշտությունն այնպես է խլացրել սրանց բանականության բջիջները, որ բան ես ասում, չորս տեղից վրա են տալիս. մեկն ասում է՝ բա գնայիք, մինչև Քուռ հասնեիք, մյուսը՝ մինչև Բաքու, երրորդը՝ Վիլսոնի գլոբուսն է ճոճում, թե հեսա մեր միակ փրկությունը: Մի մասն ասում է՝ Ռուսաստանն է մեղավոր, մի մասը՝ Եվրոպան, մի երրորդն էլ կա՝ ամբողջ աշխարհին է մեղադրում: Մեր տգիտության համար հերթով դնում, բոլորին մեղավոր ենք հանում:
Փոխարենը տարածաշրջանի ամենահերոսունակ խորհրդարանն ունեք: Բոլորն իրենց հերոսներ են համարում: Ժամերով կպատմեն, ելույթներով կներկայացնեն, թե հատկապես հենց իրենք ոնց են երկիրը հանել փոսից: Այո, բոլորը փոս գցող են եղել, բացի՝ իրենցից: Հիմա էլ՝ երբ երկիրը գահավիժում է փոսը, այնտեղ երկիրը գցողի հարյուր հատ անուն կտան, դատախազությունն ու ԱԱԾ-ն, ընդդիմադիր պատմաբաններն ու մեդիաները փաստերով սկուտեղի վրա կմատուցեն դավաճաններին:
Բայց ոչ ոք չի ասի, թե որն է լուծումը: Շատ պետք ա՞: Ելույթ ունենա՞ն, թե՞ զանգ կախեն:
Իսկ պատերազմը շարունակվում է: