Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը շատերը մինչև հիմա երևի չեն էլ կարդացել, կամ՝ կարդացել, բայց չեն հասկացել, թեև հիմա Հայաստանը մոտավորապես նույն վիճակում է։ Մեր պահվածքից է կախված՝ կգնանք դեպի պատերա՞զմ, թե՞ դեպի խաղաղություն։ Բայց մենք, 1997-ի նման, համառորեն չենք լրջանում։ Մենք անգամ մեր պահանջները կամ ակնկալիքները չենք կարողանում ճիշտ ձևակերպել։
Քաղաքական մի քանի խմբեր Երևանում կարճ ժամանակով մի քանի փողոցներ էին փակել՝ պահանջելով, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա տեղի չունենա, ու դադարեցվի Ադրբեջանին Սյունիքով միջանցք տալու գործընթացը։ Շարունակությունը՝ ինչպես միշտ․ ճանապարհ փակելով իշխանության եկածին հավատարիմ ոստիկանությունը ճանապարհ փակողներից շատերին բերման ենթարկեց, ոստիկաններին անվանեցին թուրքեր, և այլն։ Մի խոսքով՝ դիտարժան շոու, զրո բովանդակություն, զրո միտք։
Լավ, ի վերջո Հայաստանին պե՞տք է այդ չարաբաստիկ սահմանազատում-սահմանագծումը, թե ոչ։ Տրամաբանորեն՝ պետք է, որովհետև եթե մենք դրան դեմ ենք՝ նշանակում է մեզ չեն գոհացնում Խորհրդային Հայաստանի սահմանները, և մենք հույս ունենք հետագայում ավելին ստանալ, ասենք, ռազմական ճանապարհով, ընդ որում՝ «մոտավոր պատկերացումներով» սահմաններ ունենալը նշանակում է նաև, որ թշնամին միշտ փորձելու է առաջ գալ, իսկ միջազգային արձագանքները միշտ սկսվելու են «եթե իսկապես մարտական գործողություններն ընթանում են ՀՀ տարածքում․․․» բառերով։ Ուրեմն ինչի՞ համար են սահմանազատման-սահմանագծման դեմ բողոքի ակցիաները։ Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը սովորաբար ինչ ասում է՝ հակառակն է անում։ Եվ եթե ասում է, որ «միջանցքային տրամաբանությանը» դեմ է, շատ հնարավոր է՝ իրականում թաքուն բանակցում է ադրբեջանցիների հետ ու մտադիր է Սյունիքով միջանցք տալ։ Բայց այդ դեպքում պետք է պայքարել ոչ թե սահմանազատման-սահմանագծման դեմ, այլ բացառել միջանցքի տրամադրումը և հստակ հայտարարել, որ չի կարելի սահմանազատումն ու սահմանագծումը վստահել Նիկոլ Փաշինյանին, որի որևէ խոսքին ժողովուրդն արդեն չի հավատում։ Այլ կերպ ասած՝ պրոբլեմը ոչ թե սահմանների ճշգրտումն է (չնայած՝ պարտությունից հետո դա շատ ցավոտ է լինելու), այլ այն, որ դրանով Նիկոլ Փաշինյանն է զբաղվում։
Վերադառնանք պատերազմի ու խաղաղության թեմային։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ահա խորհրդարանական ընդդիմությունն ու «ոչմիթիզականները» նոր պատերազմ են ուզում, իսկ Նիկոլ Փաշինյանը գերադասում է «խաղաղության դարաշրջանը», հետևաբար՝ «պատերա՞զմ, թե խաղաղություն» երկընտրանքն ընտրություն է նրանց և Նիկոլ Փաշինյանի միջև։ Իրականում Նիկոլի «խաղաղության դարաշրջանը» նույնպես պատերազմի ընտրությունն է։ Տարբերությունն ընդամենը այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը հույս ունի, թե նոր պատերազմում ռուսները մեզ այնուամենայնիվ կօգնեն, իսկ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, թե Արևմուտքն այնուամենայնիվ նոր պատերազմի դեպքում ցեղասպանություն թույլ չի տա, ու Հայաստանից ինչ մնաց՝ կինտեգրվի Արևմուտքին։ Մի խոսքով, կողմերից ամեն մեկն իր օտարերկրյա կուրատորներին «էստի համեցեք» է կանչում՝ ևս մի անգամ մեր զինվորների արյունն իրենց նպատակներին ծառայեցնելու խոստումներով, իսկ լրջանալու պահն այդպես էլ չի գալիս։ Ու այդ ամենն, ինչպես միշտ, համեմվում է ռազմահայրենասիրական այնպիսի սոուսով, որի տակ առողջ բանականությունը պարզապես շնչահեղձ է լինում։
Մարկ Նշանյան