...

Ժամանակավոր կառավարության գաղտնազերծված ծրագիրը

Ժամանակավոր կառավարության գաղտնազերծված ծրագիրը

Դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընդհանուր գծերով ներկայացրել է այն ծրագիրը, որն իշխանափոխությունից հետո պիտի իրականացնի ժամանակավոր կառավարությունը։ Իրականում այդ փաստաթղթի նախնական տարբերակը շատ ավելի դետալային է եղել և պարունակել է նաև կոնկրետ քայլեր, սակայն վերջին պահին որոշվել է հանրությանը ներկայացնել համառոտ տարբերակը։ Նախնական տարբերակը, սակայն, հայտնվել է խմբագրության տրամադրության տակ, որն էլ ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։ Եվ այսպես․

1․ Անմիջապես կձևավորվի քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թե վախի, պարտվողականության ու թրքամետության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային-պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում՝ նաև Թուրքիայի հետ։ 

Այդ նպատակով բանակցային խմբում կներգրավվեն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ և ըմբիշներ, որոնք էլ բանակցությունների ժամանակ Վիլսոնյան Հայաստանի քարտեզով փաթաթված ձողերով կծեծեն Ադրբեջանի, հարկ եղած դեպքում՝ նաև Թուրքիայի ներկայացուցիչներին, այնուհետև այդ թրքաբարո պետությունների դրոշները կայրեն «Zիպպո» մակնիշի կրակայրիչներով։ Այդպիսով, ժամանակավոր կառավարության գործունեության արդեն երրորդ ամսում Արցախը հուսալի ցամաքային կապ կունենա ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Վիրջինյան կղզիների հետ։

2․ Հետևողական քայլերով մենք կվերացնենք ատելության մթնոլորտը երկրում։

Այդ նպատակով ձևավորված մոբիլ խմբերն ազգային միասնության շրջանակներում ինքնադատաստանի կենթարկեն ատելության մթնոլորտ սփռողներին՝ առանց տարիքային և սեռային սահմանափակումների, իսկ ազգային իղձերի նկատմամբ կասկածներ ունեցողները կհռչակվեն թուրքեր և կուղարկվեն հարկադիր աշխատանքի՝ հանուն մեր նվիրական Հայրենիքի վերածննդի։

3․ Հայաստանը կրկին դառնալու է ներդրումների համար գրավիչ երկիր։

Այդ նպատակով ստեղծվելու է օտարերկրյա ներդրումների խրախուսման ազգային մարմին, որի ղեկավարումը վստահվելու է ԱԺ նախկին պատգամավոր, քաղհալածյալ Ալեքսանդր Սարգսյանին և նրա՝ օտարերկրյա պետություններում գործունեության մեծ փորձ ունեցող որդիներին։ Սփյուռքահայ բարերարների ցուցաբերելիք աջակցությունը համակարգելու է Ռոբերտ Քոչարյանը՝ հաշվի առնելով «Լինսի» հիմնադրամի փորձը։ Արտասահմանյան ընկերություններն ապօրինի դրամաշորթությունից պաշտպանելու գործը վստահվելու է ՀՅԴ կառույցներին։

4․ Իրավիճակի կայունացումից հետո (ենթադրաբար՝ 1-1,5 տարի հետո) կազմակերպվելու են ազատ, արդար, մրցակցային արտահերթ ընտրություններ։

Սահմանվելու է, որ ընտրություններին մասնակցող ուժերը պարտավոր են նախապես հայտարարել ընտրակաշառքի չափը և ապահովել, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքը որոշի, թե որ ուժի տված ընտրակաշառքն է վերցնում, ընդ որում՝ այդ որոշման համար քաղաքացիների հրապարակային ծեծն արգելվելու է։ Բացառվելու է որևէ ուժի կողմից «ինչքան տոկոս ուզենք՝ կխփենք» սկզբունքի միանձնյա կիրառումը։ Ընտրությունների արդյունքները որոշվելու են այսօր հրապարակում կանգնած քաղաքական լիդերների քննարկումների արդյունքում՝ կոնսենսուսով։ Ազատ, արդար, մրցակցային ընտրությունների ապահովման պատասխանատվությունը դրվելու է այսօր մեր պայքարին միացած Սուրիկ Խաչատրյանի վրա։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1688 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ