Արդեն քանի օր է, ինչ ֆեյսբուքում պտտեցնում են մի գովազդ, ըստ որի` Ռոբերտ Քոչարյանը կառուցել է թվով 118 կամուրջ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ զրո:
«ՉԻ». Փաստորեն, մենք էլ վրացիների նման շինարար թագավոր ենք ունեցել, բայց ոչ միայն չենք գնահատել, այլև ավելին՝ նստեցրել ենք բանտ ու վարկաբեկել: Ահա այսպիսի անշնորհակալ ժողովուրդ ենք:
Կառուցած 118 կամուրջները քոչարյանական պրոպագանդայի՝ ՀՆԱ-ն 5 անգամ մեծացնելու հայտնի կեղծիքի բաղկացուցիչ մասն են: Պրոպագանդիստները սրբորեն հետևում են իրենց հիմնադիր հայրերից՝ Գեբելսի գլխավոր ուղերձին՝ որքան մեծ է սուտը, այնքան հեշտ կլինի համոզել ժողովրդին:
Ի՞նչ 118 կամուրջ, որտե՞ղ են դրանք, որքա՞նն են կառուցվել պետական բյուջեի միջոցներով և որքանը Քրքորյանի բարեգործության շնորհիվ: Այսպիսի մանր-մունր հարցերին գովազդային նյութը չի անդրադառնում: Կառուցել է և վերջ: Մի փոքր դետալի էլ կարելի էր անդրադառնալ: Քանի կամուրջ է կառուցվել 1998 թվականի փետրվարից մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը: Սա ճիշտ նույնքան ժամանակահատված է, որքան արդեն Հայաստանը ղեկավարում է Փաշինյանը:
Մինչդեռ այդ ժամանակահատվածի Քոչարյանի այցեքարտն ամենևին էլ կամուրջները չեն: Այդ ժամանակահատվածի ամենամեծ ձեռքբերումը քաղաքական սպանությունների աննախադեպ աճն է, և եթե տեմպերը պահպանվեին, Քոչարյանը մի քանի տարուց գեթ մեկ քաղաքական հակառակորդ չէր ունենա: Դեռ լավ է, որ մի փոքր տեմպերը թուլացրին և բացարձակ ռեկորդներ չգրանցեցին: