«Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբեք չեմ եղել Ռուսաստանի հակառակորդ, գտնում եմ, որ դաշնակից պետության հետ պետք է միշտ ազնիվ լինել, մի բան, որը միշտ չէ, որ հատուկ է հենց Ռուսաստանին։ Այն, որ Ռուսաստանը պատրաստ էր ավելի վաղ կանգնեցնել պատերազմը և որ դրան իբրև թե համաձայնություն չի տվել Հայաստանը, պարզապես ռուսական կողմի մանիպուլյացիան է:
Մեղադրել պետք է միայն ու միայն 1998թ-ից առ այսօր իրար հաջորդած Հայաստանի իշխանություններին (ինչպես նաև լռություն պահպանած ընդդիմադիրներին) որոնց անհաշվենկատ ու հանցավոր քաղաքականության պատճառով ունենք այսօրվա ցավագին պարտությունը։
Վերոնշյալ քաղաքականությունը, որը միտված չէր խաղաղությանը, արդարացում կունենար միայն այն դեպքում, եթե Հայաստանը ռազմական առումով վերածվեր Իսրայելի»:
Նոյեմբերի 12-ին մի փաստ ներկայացրեցինք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը 2016թ. հուլիսի 22-ին Խորենացի փողոցում իր ելույթի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում դավաճանության մեջ, որ վերջինս աջակցում է Սերժ Սարգսյանին՝ Լավրովի պլանն ընդունելու գործընթացում:
Մեր այդ նյութը վիրուսի նման տարածվեց համացանցում: Թեպետ Ամերիկա չէինք հայտնաբերել: Ընդամենը հիշեցրել էինք, թե մարդը ինչ է ասել երեկ, ինչ է ասում այսօր:
Այսօրվա ընդդիմության շարքերից ցանկացածի վերաբերյալ նույնը կարող ենք անել: Արարատ Զուրաբյանն էլ հիմա մեղադրում է Ռուսաստանին, իշխանություններին, լռություն պահպանած ընդդիմադիրներին: Եկեք ներկայացնենք, թե ինչ է ասել ինքը 2017թ. մարտի 24-ին՝ մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հարցազրույցը Հ1-ին, որտեղ նա խոսել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ.
«Տեր-Պետրոսյանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով վերջերս հնչեցրած կոչը նախընտրական քարոզչությանն ուղղված պրոցես է: Ես գտնում եմ, որ չկա Հայաստանում մարդ, ով չի ցանկանում խաղաղություն, բայց էլի եմ ասում՝ խաղաղության լավագույն երաշխավորը ուժեղ Հայաստան ունենալն է, միշտ պատրաստ լինելն է պատերազմին: Մի բան ակնհայտ է, որ բանակցային պրոցեսից դուրս է մնացել ԼՂՀ-ն, ԼՂՀ-ն պետք է լինի բանակցային սեղանի շուրջ:
Ինչևէ, հռետորաբանությունը փոխվել է, ցավում եմ, որ կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել, ես գտնում եմ, որ այս հարցը բավականաչափ դեռ ժամանակ է տանելու, թե երբ կլինի լուծումը, կարելի է ասել՝ չի երևում: Մի բան ակնհայտ է, որ հասարակությունները պետք է պատրաստ լինեն խաղաղությանը, սակայն Ադրբեջանում դրան պատրաստ չեն, հակառակը՝ հնչում են ռազմատենչ հայտարարություններ:
Ադրբեջանը հակված չէ խաղաղության, իսկ եթե հակառակորդը չի ընդունում փոխզիջումների տարբերակը, ապա այդ մասին Հայաստանում հայտարարել պետք չէ: Դա թուլացնում է հայկական կողմի դիրքերը, որովհետև Ադրբեջանում գիտակցում են, որ Հայաստանում կան ուժեր, որոնք պատրաստ են փոխզիջումների գնալուն»:
Այսինքն, Արարատ Զուրաբյանը 2016-ին Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության և պատերազմի վտանգը կանխելու վերաբերյալ հայտարարությունները համարում էր քարոզչական հնարք, իսկ հիմա՝ երբ այդ պատերազմը տեղի ունեցավ և ավարտվեց աղետով, կանգնում, ասում է՝ Ռուսաստանի պատճառով կապիտուլյացիան եղավ: Թե բա՝ մանիպուլյացիա արեցին, կամ՝ նախկիններն էին մեղավոր: Ամբողջ ընդդիմությունն է տառապում նման երկերեսանիությամբ:
Ահա այսպես. բոլորը մեղավոր էին. Ռուսաստանը, Լևոնը, Թուրքիան, Եվրոպան ու ամբողջ աշխարհը, մենակ սրանք են ճիշտ: Ու մինչև հիմա իրենք ճիշտ են: Բա ոնց: