...

Ժողովուրդը մի օր չի փրկելու

Ժողովուրդը մի օր չի փրկելու

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը 1in.am-ում հարցազրույցի ժամանակ ասել է. «Ժողովուրդը այս իշխանությանը քանի՞ անգամ պետք է փրկի Քոչարյանից ու Սարգսյանից, հերիք է»:

«ՉԻ». Սա բավական դիպուկ դիտարկում է: Եթե այս ընդդիմությունը չասոցացվեր նախկին իշխանությունների հետ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ապա Նիկոլ Փաշինյանը իշխանությունից կարող էր զրկվել արդեն նոյեմբերի 10-ին՝ հաշտության եռակողմ համաձայնագիրը ստորագրելուց հետո:

Բայց քանի որ դրանից հետո իշխանություն վերցնելու հայտ ներկայացրեց այս ընդդիմությունը՝ այս դեմքերով, որոնց ժողովուրդը ճանաչում է, տեսել է սրանց արածները վերջին 20 տարում, դրա համար էլ նրանց չաջակցեց: Ավելին, մեծ մասը գերադասեց, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, քան սրանք գան:

Միայն դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա պահպանում է իշխանությունը: Ոչ թե նրա համար, որ ժողովուրդը նրան սիրում է, այլ որ այս ընդդիմության հանդեպ ավելի մեծ հակակրանք ունի: Ու Նիկոլ Փաշինյանը դրա վրա խաղում է՝ ժողովրդին անընդհատ վախեցնելով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերադառնալու հեռանկարով: Այս իրավիճակը լուծելու համար ուրիշ ոչ մի քայլ չի անում:

Միայն թե դա մի անգամ կարող է անցնել, երկու անգամ, բայց անվերջ շարունակվել չի կարող: Էս ժողովուրդը բան ու գործ չունի՞, ամիսներով Փաշինյանի դարդը քաշի: Մանավանդ որ վարչապետը կարծես ամեն ինչ անի, որ ժողովուրդը իրենից շուտ հոգնի: Ու հոգնելու է: Ու մի օր չի փրկելու: Իշխանությունն այս պարզ ճշմարտությունն այդպես էլ չի փորձում հասկանալ: Ավելի վատ իրենց համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   721 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ