...

Ջրիկ աշխարհ

Ջրիկ աշխարհ

Շաբաթը սկսվեց սոցիալական իրադարձությամբ. ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հայտնեց, որ հաշմանդամ երեխաների խումբը Վանաձորից հասել է Երևան, ցանկացել մտնել Ջրաշխարհ, սակայն Aquatek Sport Complex-ի աշխատակիցները թույլ չեն տվել ներս մտնել, պատճառաբանելով, որ կխանգարեն մյուսների հանգիստը։

Հասկանալի է, որ միանգամից հայությունը փոթորկվեց, Լաչինի միջանցք, Արցախի բլոկադա, Արայիկ Հարությունյանի հայտարարություններ... դրանք բոլորը ծալեց, դրեց դարակն ու անցավ Ջրաշխարհ-Աքվատեքին անարգանքի սյունին գամելու գործին: Փակել, դատել, բոյկոտել... սրանք ընդամենը մի քանիսն են ընկերությանը պատժելու կոչերից:

Ջրաշխարհի տնօրինությունն էլ պարզաբանում տվեց, որ երկու երիտասարդ և մեկ պատանի մոտեցել են Ջրաշխարհ թվով 8 հաշմանդամություն ունեցող երեխաներին ընդունելու հարցով: Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները և պատրաստակամություն հայտնել երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալելու և նրանց հանգիստը կազմակերպելու համար, ինչպես նաև ծանոթացրել Ջրաշխարհում գործող ներքին կանոնակարգին: Հայտնելով իրենց գոհունակությունը՝ տղաները հեռացել են հաշմանդամ երեխաների հետ վերադառնալու պայմանով: Մինչդեռ երկար սպասելուց հետո նրանք այդպես էլ չեն վերադարձել: 

Դրա համար մենք զերծ կմնանք կատարվածին միանշանակ գնահատական տալուց: Մի հատ թող պարզվի ողջ եղելությունը: 

Ուղղակի այս ամբողջ աղմուկի մեջ մի փոքր աննկատ մնաց մեկ այլ օգտատիրոջ գրառումը, որը հնարավոր չէ անտեսել: Գրել է. «Սիրելի ու ոչ այնքան մարդիկ, որ երեկվանից շատ զայրացաք Ջրաշխարհի թեմայով, մատ թափ տվեցիք ու էլի լիքը բաներ, ապրեք: Բայց մի թեմա էլ տամ զայրացեք, ուրեմն 44 օրյա պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձածներին, ուշադիր, սոցապ նախարարությունը համապատասխան կարգ չի տալիս։ Պատերազմից հետո փոխել է կարգ տալու չափանիշները ու զինվորներն ու հարազատները տարիներով պայքարելուց հետո, գլուխները կախ գնում են տուն… հիմա մի մասնավոր բիզնեսի 1-2 աշխատակցի դեմ ձեր պայքարը համեմատեք պետական քաղաքականության հետ ու քամու դեմ կուրծք ծեծելով պայքարեք»:

Պատկերացնո՞ւմ եք այն զինվորների, նրանց ծնողների տառապանքները, երբ պատերազմի ժամանակ հաշմանդամ դառնալը ոչ բավարար է համարվում, որպեսզի համապատասխան կարգ տան: Պարզվում է, որ երկու պրոթեզով զինվորը, եթե կարողանում է քայլել, ուրեմն, արդեն այնքան էլ հաշմանդամ չէ: Այ էս թեման պետք է ալեկոծեր հանրությանը, տարբեր ակցիաների ու ֆլեշմոբերի առիթ դառնար: Ու ոչ թե մի օր, այլ անընդհատ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1650 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ