...

Կամ ապիկար են, կամ հանցագործ

Կամ ապիկար են, կամ հանցագործ

« - Իրանից եկող բեռնատարները ո՞ր ամսից կարող են օգտվել այլընտրանքային ճանապարհից։

- Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել, քանի որ մենք, որպեսզի կարողանանք ամբողջությամբ բեռնատարների տեղափոխումն իրականացնել, այլընտրանքային ճանապարհով պետք է ունենանք իմ նշած երկրորդ հատվածի շինարարական աշխատանքների ավարտը։ Նախագծային աշխատանքները պատրաստ են, մոտ ապագայում կսկսենք շինարարական աշխատանքներ։ Այս պահին էլ հնարավոր է երթևեկություն իրականացնել հանրապետական նշանակության Հ46 ճանապարհով, ուղղակի այդ ճանապարհի մինչև Տաթև բարձրացող հատվածի ոլորանները բավականին նեղ են՝ կցորդիչով բեռնատարները դժվարությամբ են երթևեկում»։

Այս մեջբերումն արված է Civic.am կայքի հարցազրույցից: Լրատվամիջոցի հարցերին պատասխանել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների «Ավտոճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանը:

«ՉԻ». Այս պատմությունը ամբողջովին նորերի մասին է: Այստեղ որքան էլ տեղավորենք, որ նախկինները կերել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի փողերը, մի սանտիմետր չի նվազեցնի գործողների ապիկարությունը:

Գործող ճանապարհը ադրբեջանցիներին հանձնվել է արդեն 10 ամիս: Ինչ իրավական փաստաթղթով և այլն, դրա մասին չէ խոսքը: Այսինքն՝ 10 ամիս է, ինչ իշխանությունը գիտի, որ ցանկացած պահի այն կարող է փակվել:

Նորմալ իշխանությունը ճանապարհի վերահսկողությունը տալուց մի րոպե հետո պետք է սկսեր այլընտրանքային ճանապարհի կառուցումը: Թողներ մնացած բոլոր գործերը, մնացած բոլոր ճանապարհների ասֆալտապատումը, վերանորոգումը և կառուցումը ու «կպներ» այս ճանապարհի գործին:

Պատկերացրեք՝ իքս մարդը ինչ-ինչ հանգամանքների պատճառով զրկվել է իր տուն մտնելու հնարավորությունից: Այլընտրանքային մուտք բացելու տարբերակ կա, բայց տանտերը, փոխարենը դրանով զբաղվի, հյուրասենյակի «կառնիզներն» է ներկում ու ննջասենյակի լամինատն է խփում: Պետք է դադարացվեին բոլոր տեսակի սուբվենցիոն և ուրիշ ծրագրերը ու երկրում առկա ամբողջ շինարարական տեխնիկան ուղարկվեր այդ տարածաշրջան այլընտրանքային ճանապարհը օր առաջ ավարտելու համար:

Պարզապես հիշեցնենք. Ադրբեջանը Թալիշ-Մատաղիս 28 կիլոմետրանոց ճանապարհը կառուցեց երկու ամսվա ընթացքում, որովհետև պետք էր: Սրանք կամ չեն հասկացել, որ ճանապարհը պետք է, կամ էլ հասկացել են ու միտումնավոր չեն կառուցում, որպեսզի Ադրբեջանը մեր վրա ազդելու լրացուցիչ լծակներ ունենա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   606 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ