Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվել է նրա լուսանկարը և կից գրառումը. «Կյանքում երբեք ու ոչինչ կիսատ չեմ թողել»:
«ՉԻ». Օրինակ՝ Քոչարյանի «Աշխատենք միասին»-ը վերցված էր հոլանդացի կարտոֆիլագործների կարգախոսից: Այսինքն՝ պարզ պլագիատ էր:
Դժվար է ասել՝ այս մեկը ում հեղինակային իրավունքների ոտնահարման արդյունք է, բայց հաշվի առնելով Քոչարյանի հետագիծը՝ չի բացառվում, որ այն վերցված լինի, օրինակ, որևէ վարձու մարդասպանի ռեզյումեից: Կարդացել է Քոչարյանը և դուրը շատ է եկել: Հանձնարարել է Վիկտոր Սողոմոնյանին, որ մի լուսանկար հրապարակի ու իրեն բնորոշող խոսքերը տակը դնի:
Ինչն է կիսատ թողել Քոչարյանը: Մետաքսի կոմբինատի պարտկոմ էր, բայց առաջին քարտուղար չդարձավ: Կիսատ թողեց մարքսիզմ-լենինիզմ կառուցելու խոստումը ու դարձավ ՀՀՇ-ական:
Ընտրվեց Արցախի նախագահ, բայց կիսատ թողեց, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնը ավելի մեծ հնարավորություններ էր ընձեռում: Թե ինչ հնարավորություններ, ցույց տվեց կյանքը:
Ասաց՝ կգնամ կնստեմ, բայց կապացուցեմ իմ անմեղությունը: Փոխարենը Սևանում սկուտեր է քշում ու ամեն ինչ անում է, որպեսզի դատավարությունը չսկսվի և չպարզվի՝ ով ինչ մեղավորություն ունի Մարտի 1-ի գործով:
Այնպես որ՝ շատ տեղին է կարգախոսի օգտատերերի խմբագրումը՝ «Կյանքում երբեք ու ոչինչ կիսատ չեմ թողել: Կերել եմ մինչև վերջ»: